...

Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք․ 100 կետերում նստած են

Ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք․ 100 կետերում նստած են

«Չգիտեմ՝ այսօր բոլոր հայաստանցիները կամ հայ ժողովուրդը գիտե՞ արդյոք, որ ադրբեջանցիները մոտ 50 կետերում ներխուժել են Հայաստանի տարածք և դուրս չեն գալիս։ Եվս 50 կետերում նստած են Խորհրդային Հայաստան-Խորհրդային Ադրբեջան սահմանի վրա, և շուտով մենք կտեսնենք այս վերջին էսկալացիայի հետևում այն, ինչ որ պիտի տեղի ունենա։ Պարզ է, որ Ադրբեջանը հասնելու է նրան, որ մինչև սեպտեմբեր 1 Բերձորով կամ Լաչինով անցնող միջանցքը փակվելու է»,- օրերս հայտարարել է Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով, որ Արցախի իշխանություններն են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի հետ Շուշիում ուղղակի տեղի ունեցած բանակցությունների ընթացքում նոր երթուղի են գցել, որից դուրս են մնացել Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս բնակավայրերը։ 

Ճիշտն ասած սպասում էինք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հնչած այս հայտարարությանը կհետևի որևէ պարզաբանում։ Միամտորեն կարծում էինք, որ գոնե ՀՀ պաշտպանության նախարարության մակարդակով կպարզաբանվի, թե Հակոբյանն այդ ի՞նչ 100 կետերի պատմություն է բարձրաձայնել, և ինչպե՞ս է, որ փորձագիտական շրջանակները թվերով գիտեն այդ զավթված կետերի մասին, իսկ հասարակության լայն շրջանակները՝ ոչ։ 

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների՝ ուղիղ բանակցություններին առնչվող հայտարարությանը, ապա Արցախից էլ ծպտուն դուրս չեկավ։ Իսկ լռությունը համաձայնության նշան է։ Եվ ուրեմն՝ պատմության համար նաև արձանագրենք, որ Բերձորի, Աղավնո և Սուս բնակավայրերի հանձնման ու հայաթափման գլխավոր պատասխանատուն այսօրվա Արցախի իշխանությունն է։ Հարց է առաջանում՝ բա՞ Նիկոլ Փաշինյանը։ Դե, եթե նա իր տեղում լիներ, ապա այսօր Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիները վաղուց վերադարձած կլինեին ելման դիրք։ Իսկ այժմ փաստացի Ադրբեջանը 100 կետում բնավորվել է։ Եթե այսպես շարունակվի, այս թիվը տարեվերջին առնվազն կրկնապատկված է լինելու։ Փաստորեն ազգակործանի «մյուս կեսը կործանելու» օպերացիայի մեկնարկը տրված է։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ