...

Համամարդկային պատումներ դասական վերջաբանով

Համամարդկային պատումներ դասական վերջաբանով

ԶՈՒԳԱՀԵՌՈՒՄ

Դասականները չեն սխալվում: Դասականները չեն պատկանում որոշակի ազգության, քանի որ նրանց ստեղծագործությունը համամարդկային է: Համամարդկային է այն իմաստով, որ դասականները վեր են հանում համընդհանուր օրինաչափություններ:

Հայաստանը Պերուից բաժանում են տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Հայաստանում ապրում են հայեր, իսկ Պերուում կեչուա ցեղի հնդկացիներ: Հայաստանը ընդամենը տասը տարի է ինչ անկախ է, իսկ Պերուն անկախության բարիքները վայելում է արդեն մոտ 180 տարի: Մի խոսքով սարերի ու ձորերի տարբերություն: Սակայն նմանություններ, որքան էլ տարօրինակ է, կան: Եվ պետք է լինել դասական գրելու համար մի բան, որը թեև պատմում է 1960-ականների Պերուի մասին, բայց արդիական է նաև այսօր: Պետք է լինել դասական, ինչպիսին է պերուական գրող Մանուել Սկորսան:

Պատում N1.

Պատերազմների պատմությունից

«... Ախր դրանք շատ հին ու մութ գործեր են: Նրանք, ովքեր անդամագրվում էին հնդկացիական ջոկատներին, այսպես էին մտածում: Չիլիական գեներալը վիճեց պերուական գեներալի հետ՝ ահա նրանք և պատերազմում են: Չիլիացիներն այն ժամանակ այրեցին երկրի գրեթե կեսը, սակայն ոչ մի կառավարություն չհամաձայնեց ստորագրել երկրի ամենահարուստ նահանգը թշնամուն հանձնելու մասին դաշնագիր: Մարշալ Կասերեսն իր հեծելազորի գլուխն անցած մեկը մյուսի հետևից այրում էր լեռնային ավանները: Սակայն ոչ մի պերուական զորավար չհամաձայնեց հանձնվել: Եվ այդ ժամանակ չիլիացիների մտքով մի հանճարեղ գաղափար անցավ. իրենց դրածոյին կարգել պերուացիների առաջնորդ: Մանր եսասիրությամբ համակված գեներալ Իգլեսիասն ստանձնեց զավթիչների կողմից զինված բանակի հրամանատարությունը: Նա ուներ մեկ նպատակ. գնդակահարել դիմադրություն ցուցաբերող վերջին պերուացիներին և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ...»: Մանուել Սկորսա «Անքուն ձիավորը»:

Պատում N2.

Թե ինչպես էին սեփականաշնորհում բաշխիչ ցանցերը

Էլեկտրական Կոմպանիայի ներկայացուցիչն արագ բացատրեց համայնքապետին հետևյալը: Նա ասաց, որ պարոն համայնքապետն անկասկած գիտի, որ Սերրա քաղաքը էլեկտրաէներգիա է ստանում Կոմպանիայից: Որքա՞ն է քաղաքը վճարում մեկ կիլովատի համար: Տասը ցենտավո: Իսկ որքա՞ն արժե կիլովատը: Այո, մի փոքր ավելի: Իսկ դա նշանակում է, որ քաղաքին տրված են որոշ արտոնություններ: Սակայն պարոն համայնքապետին անկասկած հայտնի է, որ շուկայում օգտակար հանածոների գինն ընկնում է: Հետևաբար Կոմպանիան այլևս ի վիճակի չէ նյութապես օգնել քաղաքին:

Համայնքապետը պատասխանեց, որ իսկապես քաղաքը էլեկտրաէներգիան գնում է տասը ցենտավո գնով մեկ կիլովատի դիմաց, վաճառում է երեսուն ցենտավոյով: Այդ տարբերությունը քաղաքապետարանին թույլ տվեց տեղի ֆուտբոլային թիմի համար գնել սև կիսավարտիքներ և դեղին շապիկներ: Իսկ առաջնությունը մոտենում է: Սակայն Կոմպանիայի ներկայացուցիչը առանց աչք թարթելու ասաց, որ վարձավճարը եռապատկվել է: Քաղաքը պետք է վճարի, այլապես լույսը կանջատեն: Բացի այդ ինքը հիշեցրեց, որ քաղաքն ունի ևս մեկ փոքր պարտք՝ 44 հազար սոլ., որոնք պետք է վճարել մոտակա երկու օրվա ընթացքում:

«Այդ ամերիկացին օձի մեկն է», դուրս գալով ասաց համայնքապետը: Այս խիստ ճշգրիտ բնորոշումն ամենևին էլ խոչընդոտ չեղավ, որ քաղաքը կիրակին դիմավորի խորը մթության գրկում: Քաղաքն ընկղմվեց մթության մեջ:

Կոմպանիայի լկտիությունն օգնեց միայն ստոր հոգիներին՝ նրանք ծեծում էին թշնամիներին կամ պարաններ էին քաշում, որպեսզի ուրախանան մերձավորի ընկնելու վրա, իսկ ուրիշի ունեցվածքին հավակնողների համար եկան ոսկե օրեր: Գողերը կառավարում էին քաղաքը: Մուրացկանները չաղանում էին, նրանցից վերջինները միայն հավերով էին սնվում: Կատաղած ժողովուրդը բաժանվեց երկու մասի: Առաջինը հայհոյում էր ամերիկացիներին, իսկ երկրորդը չարախնդում էր, որ ուր որ է կսկսվի տուրուդմբոց: Երկրորդ թիմին էին պատկանում զույգերը, որոնց մեղքով օդը բառացիորեն ճռռում էր համբույրների ձայնից... Տղաներն օրհնում էին Կոմպանիան: Ուղիղ իննը ամիս հետո քաղաքի ժողովրդագրական կորը կտրուկ բարձրացավ և երջանիկ զույգերն արդեն երազում էին բոլոր երեխաներին անվանել Հարրի:

Մանուել Սկորսա «Սգո երթ Ռանկաս ավանում»

Սկորսան պերուացի է, նա դաշնակ չէ, թեև կոմունիստ է: Պարզապես դասականը չունի կոնկրետ ազգություն և կուսակցական պատկանելիություն: Նա պատկանում է բոլորիս:

Դերենիկ Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 178, ապրիլի 6, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   349 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ