Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին ձերբակալվել են Վաղարշապատ համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ այդ գրառման՝ նրանք խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։
«ՉԻ»․ Առանց որևէ ապացույցի, միայն ֆեյսբուքյան գրառման հիման վրա մարդկանց ձերբակալելը, իհարկե, նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» կարևորագույն առանձնահատկություններից է, բայց Զավենիչի կուսակցության առանցքային գործատու Հարություն Մկրտչյանը նաև մանրամասներ է ներկայացրել այդ «դարի ոճրագործությունից»։ Ըստ նրա՝ Կաթողիկոսի եղբորորդին, իրենց թեկնածուներից մեկի ձեռքին տեսնելով կուսակցության քարոզչաթերթիկը, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ (համաձայնվեք՝ «Հանրապետություն» կուսակցության դեպքում միանգամայն ադեկվատ ռեակցիա է), ապա մոտեցել է նաև Կաթողիկոսի եղբայրը և, ուշադրություն, «կռվի տոնով նույնանման խոսույթ ու հորդոր» կիրառել (հայերեն ասած՝ «կաշի տոն տվել»)։
Խնդիրը նույնիսկ այն չէ, որ եթե բոլոր «կռվի տոնով խոսույթ կիրառողներին» կալանավորեին՝ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես բանտից դուրս չէր գա, կառավարության նիստերը կանցվեին Կոշի կամ Արթիկի քրեակատարողական հիմնարկում, իսկ ԱԺ-ն կցրվեր։ Խնդիրն այն է, որ փաստորեն ընտրություններից 7 ամիս առաջ հետաքրքիր նախադեպ է ստեղծվում։ Եթե նախընտրական ժամանակահատվածում որևէ ՔՊ-ական ինչ-որ մեկի տան դուռը ծեծի ու առաջարկի այդ կուսակցության քարոզչական բուկլետը, քաղաքացին չի կարող հորդորել այդ բուկլետը ոլորել և կիրառել այլընտրանքային եղանակով, որովհետև դա կորակվի որպես «կռվի տոնով խոսույթ», իսկ եթե ընդհանրապես դուռը չբացի՝ դա արդեն կլինի «նախընտրական քարոզչության խոչընդոտում»։
Հ․Գ․ Հետո էլ ասում են՝ իբր որպես ի՞նչ է «Հանրապետությունը» մասնակցում Վաղարշապատի ընտրություններին։ Հիմա տեսա՞ք, թե ինչ կարևորագույն առաքելություն է ստանձնել այդ գերսկզբուքային ուժը։