...

Հայրենիքում ենք ապրում

Հայրենիքում ենք ապրում

ԱՅՍՏԵՂ ԻՄ ՏՈՒՆՆ Է

Եվ ապրելու ենք: Եվ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Այս պարզ ճշմարտությունը, թերևս, մեզ ց՛այսօր չի հաջողվում գիտակցել: Չենք գիտակցում ևս մեկ պարզ ճշմարտություն, հայրենիքում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունի սեփական տնտեսական շահը: Որովհետև մարդ է և ուզում է մարդավայել ապրել: 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԸ 

Փոսից հանել, ազգը փրկել, հողերը տալ կամ չտալ, Արցախը ծախել, ցեղասպանություն ճանաչել կամ չճանաչել, ազգային գաղափար, ժողովուրդը ուզում է կամ չի ուզում. այս ամորֆ, ոչինչ չասող բառակապակցությունները չեմ գործածելու: Չեմ գործածելու հատկապես «ժողովուրդ» բառը, որովհետև այն վաղուց են արժեզրկել: «Ժողովրդի» անունից խոսելը հեշտ է, որովհետև հեշտ է դեմք չունենալը, հեշտ է անդեմ զանգվածով քողարկվելը: 

Ուրեմն հիշեցնեմ՝ «ժողովուրդ» ասվածը միատարր չէ, հավաքականություն է, ուր բազմաթիվ խմբեր կան, բազմաթիվ տարբեր բնավորություններ ու ձգտումներ, բազմաթիվ տնտեսական շահեր: 

Հայաստանի իշխանավորները, թվում է, հասել են իրենց նպատակին: Վերահսկում են ողջ տնտեսությունը, կախման մեջ են պահում բոլոր գործարարներին (իսկ սրանք շա~տ քիչ են), հիասթափված, հուսալքված քաղաքացիները ամենավերջին թափառաշրջիկի նման պատրաստ են գրոշներով ծախվելու (ինտելեկտը ոչ մի դեր չի խաղում. ծախվողին առնող է պետք): Ընդդիմությունը փորձում է ինչ-որ գործողությունների գնալ. երեսին անմիջապես շպրտում են, թե տնտեսական շահ ունի: Ու վարկաբեկում են հենց դրանով: Մենք էլ, ականջներս թափ տալով, ենթարկվում ենք սադրանքին ու ասում. սրանք էլ նույնն են, սրանց էլ է «մարշրուտկի» գիծ պետք: 

Այո՛, պետք է: Ապրել ուզում ենք բոլորս: Եվ եթե ընդհանրացնենք, «մարշրուտկի» գծից որևէ մեկս չէր հրաժարվի. տվող չկա: Իսկ ինչու՞. «մարշրուտկի» գիծ, որովհետև շրջափակված, կիսաբռնապետական երկրում նորմալ գործով զբաղվելն այնքան էլ դյուրին չէ: Հետևաբար այսօրվա ընդդիմադիրներին քննադատելուց և նրանց ինտելեկտուալ մակարդակը գնահատելուց առաջ փորձենք հասկանալ՝ ինչ է պետք յուրաքանչյուրիս և ինչու՞ ընդդիմությունը պետք է ունենա տնտեսական շահեր: 

1. Մեզնից յուրաքանչյուրին (խոսքս, անշուշտ, հայրենիքը չլքողների մասին է) անհրաժեշտ է Հայաստանում մարդավայել ապրելու երաշխիք: Միայն պետք է հասկանանք, որ այդ երաշխիքը մենք ենք ստեղծելու: Այսինքն, դժվարությամբ, բայց ազատվելու ենք ապօրինի իշխանավորներից և մեր ընտրած իշխանություններին պարտադրելու ենք պաշտպանել յուրաքանչյուրիս բարեկեցիկ ապրելու հնարավորությունը: 

2. Ուրեմն մեզնից յուրաքանչյուրին է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանում ժամ առաջ իշխանափոխություն լինի: Ինչու՞: 

Որովհետև 

ա) Ռ. Քոչարյան - Ս. Սարգսյան զույգին ձեռնտու է Հայաստանի մեկուսացումը: Սրանց հարստացման ճանապարհներն այնքան պարզունակ, ճղճիմ ու հանցավոր են, որ, բնականաբար, նրանց շահերից չի բխում որևէ առաջընթաց, որևէ խնդրի լուծում, առավել ևս Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Որովհետև երկրի ապաշրջափակումը շատ արագ կարող է տնտեսական կյանքն աշխուժացնել և անվերահսկելի դարձնել գործարարներին: Իսկ դեմոկրատիան, քաղաքացիական ազատությունները, ուժեղ ընդդիմության քաղաքական ասպարեզ գալը ուղիղ համեմատական կդառնան տնտեսական աճին: Այդ դեպքում Հայաստանը ապօրինի իշխանություն չի հանդուրժի: 

բ) Ուրեմն իշխանափոխությունն անհրաժեշտ է նախ և առաջ մեզ՝ սովորական քաղաքացիներիս, անհրաժեշտ է, որպեսզի ոչ թե գոյատևելու պայքար մղենք, այլ գտնենք նորմալ ապրելու ուղիները, ազատվենք կենվորի հոգեբանությունից ու դառնանք մեր կյանքի տերը (որը տրվում է մեկ անգամ և կարճ է): Այստեղ մեր և ընդդիմության շահերը համընկնում են: Ավելին՝ ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել թե՛ իրենց, թե՛ մեր շատ մարդկային շահերը (ով ինչպես ուզում է դա անվանի): Հիշեցնեմ՝ բոլոր նորմալ երկրներում կուսակցությունները ստեղծվում են որևէ հասարակական խավի շահերը ներկայացնելու համար: Նորմալ երկրներում հողից կտրված գաղափարներով ընտրողին խաբել հնարավոր չէ: Ազգայնամոլական, ռասիստական կազմակերպությունները նույնպես հետապնդում են որոշակի նյութական նպատակներ, միայն դա անում են ֆանատիկների միջոցով, անում են քողարկված, անում են մերժելի, հակաօրինական մեթոդներով: 

3. Այո՛, ընդդիմությունը պետք է կարողանա ներկայացնել իր տնտեսական շահերը և ներկայացնել դրանք ողջ հասարակությանը: Պետք է կարողանան մանրամասն, մատչելի բացատրել սովորական ընտրողին, թե ի՞նչ է շահելու նա իշխանափոխության արդյունքում: Տնտեսական բարձր ծրագրերը, տնտեսական բարձր տեխնոլոգիան, կյանքից կտրված խոստումները այլևս ոչինչ չեն տալու: Մարդիկ կգերադասեն չնչին օրավարձը (ընտրակաշառքը), եթե չտեսնեն ռեալ հեռանկար: 

Եվ գաղափար է պետք: Հայաստանի համար նոր, բայց աշխարհի չափ հին գաղափար, կյանքի գաղափարը: 

ՈՒՐԵՄՆ՝ ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 

1988-ին գլուխ էինք գովում, թե մեզ կարող է ոտքի հանել միայն ազգային վեհ գաղափարը, թե «մանր-մունր» սոցիալական խնդիրների համար մենք պայքարի դրոշը չէինք բարձրացնի: 

Այնինչ, մեզ լավ նախապատրաստել էին: Սովետական պրոպագանդան 70 տարում լվացել էր բոլորիս ուղեղը: Ազգային հարցերի վրա «տաբու» դնելով, հետո մի քիչ այդ «տաբուն» մեղմացնելով՝ բոլշևիկները կարողացել էին ուղղորդել ամենքիս: Քաղաքացիական ազատությունները, նորմալ տնտեսակարգը, մարդավայել կենցաղի մասին մտածելը գրեթե ամոթալի հասկացություններ էին: 60-ականներին քիչ թե շատ թույլ տվեցին խոսել ցեղասպանության մասին: Թույլ տվեցին, որպեսզի մենք՝ հայերս, անասելի հրճվանքով պատմենք միմյանց, թե ինչ էր կատարվել 1915-ին, և հանկարծ չհիշենք, որ մարդ ենք, որ անկախ պետություն կարող ենք ունենալ: Հայհոյում էին դաշնակցականներին՝ իրականում սփյուռքում օգտագործելով նրանց «ազգայնական» ջոկատները: Բոլշևիկները լավ էին հասկանում, որ իրենց կողմից բուռն հայհոյվող ՀՅԴ-ին օժտում են հերոսական լուսապսակով: Եվ չէին սխալվում: Որովհետև մենք մինչև այսօր մնում ենք 60-70-ականների ազգայնական գաղափարների գերին, իսկ դաշնակցականները Հայաստանում բավական ամուր դիրքեր են գրավել ու շարունակում են մնալ զանազան մութ ուժերի հիանալի գործընկերը: Սակայն նրանց հետագայում կանդրադառնամ: Այժմ՝ մեր մասին: Ժամանակն է, որ հասկանանք մեր ազգային նպատակը և երազանքը տարբերենք իրականությունից, ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները: 

Իսկ ազգային նպատակը Հայաստանի անվտանգ գոյությունն է, Հայաստանի հզորացումն է, ինչն անհնար է պատկերացնել, եթե սովորական հայաստանցին հայրենիքում ապրելու հեռանկար չունենա: 

Վերջապես պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրս անելիք ունի իր երկրում, որ մեր գերխնդիրն է այս փոքրիկ հայրենիքի բարգավաճ ու ազատ կյանքը: Եվ պիտի հասկանանք, որ չի կարող հավաքականությունը բարգավաճ և ազատ լինել, եթե այդպիսին չեն այն կազմող միավորները: Եվ երկրի հզորացման նոր մեխանիզմ չենք հորինելու, ամեն ինչ շատ պարզ է՝ դեմոկրատիա, տնտեսական մրցակցություն, այսինքն հավասար իրավունքների ապահովում: Դժբախտաբար, այս ամենն անհնար է իրականացնել ներկա իշխանավորների օրոք: Դժբախտաբար, առայժմ ընդդիմությունն էլ է կառչած ազգայնական հին գաղափարներից (երևի վախենում է): 

Կրկնում եմ՝ գլխավոր խնդիրը, իսկական ազգային գաղափարն արդեն վաղուց պետք է լիներ բարգավաճ հայրենիք ունենալը: Այլևս դատարկաբանության և ինքնախաբեության ժամանակ չունենք: Պարտավոր ենք ապահովել մեր՝ Հայաստանում ապրելու իրավունքը: 

Լևոն Ասատրյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 371, հունիս 21, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ