...

Զոհաբերվողն արդեն երկիրն է

Զոհաբերվողն արդեն երկիրն է

ԶՈՀԱԲԵՐՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գավառական բլեֆը, որի հիմնական փաստարկը Արցախի հարցի «հաղթողական» լուծումն էր, ձևախեղվել է ու ճաք տվել:

1998թ. փետրվարին հեղաշրջումն իրականացնողները օգտագործեցին սեփական ղարաբաղյան ծագումը, դաշնակցական-պահանջատիրական գաղափարախոսությունը ու զավթեցին իշխանությունը: Եվ ահա արդեն 3.5 տարի է, ինչ Հայաստանը պատանդ է դարձել նրանց ձեռքին: Ուղիղ 3.5 տարի հանրապետությունում չկա պետական իշխանություն, ոտնահարվում է սահմանադրությունը, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, սովորական են դարձել քաղաքական սպանություններն ու հաշվեհարդարները: Իսկ քաղաքակիրթ Եվրոպան լռում է, ավելին, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ֆրանսիան Ռ. Քոչարյանին «Պատվո լեգեոնի» շքանշան է «շնորհում»: Այն Ռ. Քոչարյանին, որի կառավարումը մեր երկրում ոչ մի րոպե օրինական չի եղել:

Իսկ օրինապաշտ Արևմուտքը աչք է փակում: Ինչու՞, ինչպե՞ս, նպատակը ո՞րն է: Որովհետև գավառական բլեֆի հեղինակները իշխանությունը զավթելու հենց առաջին պահից փորձում էին խաբել-սիրաշահել արևմտյան պետություններին՝ սեփական գոյությունը Հայաստանում երկարաձգելու համար: Ընդ որում, հենց սկզբից էլ գիտեին՝ ինչ էին անում, հենց սկզբից էլ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը նրանց չէին հետաքրքրում որպես հայրենիք: Հենց սկզբից էլ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում նախկին կոմսոմոլները հիանալի զգացին՝ որտեղից է փչում քամին, և հասկացան՝ ինչ անել՝ իշխանության վերին աստիճանները անշեղորեն բարձրանալու համար: Ու գավառացու համառությամբ, բոլշևիկյան ցինիզմով կանգ չառան ոչնչի առջև: Եվ քանի դեռ Արցախում պատերազմ էր, և Հայաստանն այդ պատերազմում միակ դաշնակիցն ու հենարանն էր, այնտեղ՝ այդ փոքրիկ երկրում, դիրքերն ամրապնդելու համար անհրաժեշտ էր լավ հարաբերությունների մեջ լինել հայաստանյան իշխանությունների հետ: Իսկ երբ զգացին, որ ղարաբաղյան թնջուկը կարող է մոտալուտ լուծում ստանալ, հասկացան, որ բլեֆ անելու իրենց ժամանակը կարող է սպառվել, կարող են դուրս մնալ խաղից, որոշեցին «ամբողջը» իրենց ձեռքը վերցնել: Ուրեմն՝ Հայաստանի ներսում հաղթողական էին, պահանջատեր, դրսում՝ կոմպլեմենտար խոստումներ էին շաղ տալիս ու հանդիպում Հեյդար Ալիևին: Կարծում ենք, որ պահանջատիրական գաղափարախոսությունը, Արցախը Հայ Դատի մի մասը համարելը, արցախյան իշխանություններին այս ճանապարհով բանակցություններից դուրս մղելը ձեռնտու էին մեր տարածաշրջանում տնտեսական-քաղաքական շահեր հետապնդող Արևմուտքին: Իսկ հիմա Քոչարյանի բլեֆը ստանում է իր պատասխանը, բայց տուժելու ենք մենք, ու զոհաբերվելու է Հայաստանը:

Որպես ապացույց այս ամենին՝ ԱՄՆ-ը վերացնում է 907 բանաձևը, այսինքն նոր խաղաքարտ է տալիս Ադրբեջանի ձեռքը՝ հայաստանյան իշխանություններին հասկացնելով՝ ժամանակը սպառված է: Այսինքն՝ կոմպլեմենտարիզմի արդյունքում մենք ունենալու ենք խամաճիկ երկիր՝ առանց Մեղրիի: Հայաստանը թանկ գին է վճարելու հաղթողական-պահանջատիրական իշխանություններին: Վճարելու է ճիշտ այնպես, ինչպես կարող էր լինել 1920թ. դաշնակցական կառավարության ստորագրած Ալեքսանդրապոլի դաշնագրով:

Հիշեցնենք՝ մեր երկրից օտարվելու էր նաև Զանգեզուրը, մենք գոյատևելու էինք Թուրքիայի հովանավորության «ներքո», ապրելու էինք նրա քմահաճույքով: Սա XX դարի սկիզբն էր: XXI-ի սկիզբը դրա տխուր կրկնությունն է դառնում: Ուրեմն 1998-ից ՀՀ «իմաստուն» իշխանությունները մեր հասարակության ճակատին շրխկացրին «Ընդհանուր պետություն» տարբերակը: Իսկ Ադրբեջանը 2001-ի սկզբին վերցրեց ու գաղտնազերծեց բոլոր 3-ը՝ փուլայինը, փաթեթայինը և «Ընդհանուր պետությունը»: Ե՛վ դաշնակները, ե՛ւ Քոչարյանի թիմի մյուս անդամները դարձյալ մարտի նետվեցին նախկին իշխանությունների դեմ և փրփուրը բերաններին սկսեցին ապացուցել, թե որքա~ն լավն է կոմպլեմենտար «Ընդհանուր պետությունը» և որքա~ն վատն էին նախորդները: Սրան արդեն անհրաժեշտ էր պատասխանել: 2001թ. մարտին լույս տեսած իր հոդվածում ՀՀ առաջին նախագահի խոսնակը՝ Լ. Զուրաբյանը, բացահայտեց 3 տարբերակների էությունը: Անզեն աչքով էլ պարզ երևում էր, որ «Ընդհանուր պետությունը» հերթական բլեֆն է: Որովհետև Արցախը շահում էր լոկ անվանապես և տուժում տարբեր կարևոր կետերում. սեփական արժույթ, բանակ և արտաքին քաղաքականություն, ըստ վերջին տարբերակի, այն չէր ունենալու: Այս ծանր պայմաններին ավելանում էր ևս մեկը՝ կարևորագույնը՝ Մեղրին: «Արդյունքում,- գրում է Լ. Զուրաբյանը,- մենք հայտնվել ենք դժվարագույն կացության մեջ, որում խաղաղությունը և ղարաբաղյան հարցի բարենպաստ լուծումը առաջարկվում է ձեռք բերել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրիում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման գնով: Ադրբեջանում ու Հայաստանում պատերազմի մասին խոսակցությունների վերսկսումով հանդերձ՝ սա, իհարկե, քոչարյանականների 1998 թվականի փետրվարյան բախտախնդրության անփառունակ ավարտի ամենապերճախոս վկայությունն է»: («Առավոտ» 31.3.2001թ.):

Ցավով պետք է նշենք, որ 2001-ի մարտին արտահայտած այս կարծիքը հաստատվում է 2001-ի նոյեմբերին:

Դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Արևմուտքը Մեղրիի և Լաչինի խնդիրները դիտարկում է նույն հարթության վրա: Ռուսաստանը պահպանում է խելամիտ չեզոքություն, չնայած մեր իշխանությունները սեպտեմբերից կտրուկ շրջադարձ կատարեցին՝ նրա գիրկը նետվելու միտումով: Չընդունեցին, ձեռնտու չէ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելը, քանի որ մեր հյուսիսային «հարևանը» իր ծանրագույն պրոբլեմն է լուծում՝ Չեչնիան: Կարծում ենք՝ այսօր էլ այս ակնհայտ անտարբերությունը քոչարյանականները չեն տեսնում: Այլ կերպ ինչո՞վ կարելի է բացատրել Սերժ Սարգսյանի առեղծվածային մեկնումը Հայաստանից և նույնքան առեղծվածային «գործունեությունը» Մոսկվայում:

Եզրակացնենք.

ա) մինչև 1998թ. հեղաշրջումը Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէր, ուրեմն «պարտավոր» չէր խաղաղության համար վճարել սեփական տարածքով: Մինչև 1998թ. փետրվարը հայաստանյան դիվանագիտությունը միջազգային ատյաններում շեշտում էր Արցախի օրինական ինքնորոշման իրավունքը, ղարաբաղցիներին հաջողվեց դարձնել բանակցային կողմ, մեր իշխանությունները չէին ստորագրել որևէ միջազգային փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

բ) Հայաստանը համարվում էր ժողովրդավարական երկիր, կարողանում էր պաշտպանել իր իրավունքները և, վերջապես, ագրեսիայի մեղադրանք մեր երկրին ներկայացնել հնարավոր չէր:

գ) 1997-ի վերջում կարելի՛ էր հասնել ընդունելի, փոխզիջումային լուծման, որովհետև Արցախյան հաղթանակը ամրագրվել է զինադադարով, հայկական ու ղարաբաղյան բանակներն ուժեղ էին, Հայաստանը գլխավորում էին այս պետության շահին նվիրված մարդիկ: Ու այդ մարդիկ, բնականաբար, Մեղրիով չարչիական առևտուր չէին անի:

1998-ից հետո պատկերը կտրուկ փոխվեց.

ա) Հեղաշրջումը իշխանության բերեց գավառական բախտախնդիրների, որոնք հանուն անձնական շահի բանտերից բաց թողած ահաբեկիչ-դաշնակների հետ միասին մեջտեղ բերեցին հողային պահանջը, և Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից:

բ) Լաչինի հետ նույն հարթության վրա սկսեցին լրջորեն քննարկել Մեղրիի խնդիրը: Սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը դիտարկվում է որպես ագրեսոր, պահանջատեր, «մոռացվում է» արցախցիների ինքնորոշման իրավունքը: Ուրեմն կարելի է հող տալ «հողի» դիմաց: Նշենք նաև, որ որևէ մեկի մտքով էլ չի անցնում Արցախը միավորել Հայաստանին կամ թեկուզ Լաչինը դիտարկել որպես հայկական տարածք: Ուրեմն՝ Մեղրիով պիտի վճարենք՝ հանուն Ռ. Քոչարյանի և դաշնակների իշխանության:

գ) Այսօրվա իշխանություններն այլընտրանք չունեն. պիտի գնան զոհաբերության, որովհետև նրանց առջև ամենայն խստությամբ է դրված կոնֆլիկտի լուծման խնդիրը: Մեզ համար բարենպաստ պայմաններ նրանք ապահովել չեն կարող, որովհետև երկրի ներսում էլ, երկրից դուրս էլ հիանալի գիտեն նրանց արյունոտ և ապօրինի անցյալն ու ներկան: Քոչարյանիստներն իրենց հանցագործությունների գերին են, իսկ Հայաստանը՝ նրանց իշխանության պատանդը:

Եվ եթե 1998-ից հետո զոհաբերվում էր դիվանագիտությունը, այսօր զոհաբերության սեղանին է դրված Հայաստանը:

Հ. Գ. Սրանց համար այլընտրանք կարող է լինել միայն պատերազմը՝ Ադրբեջանի ջերմ աջակցությամբ: Մեզ համար այլընտրանքը մեկն է՝ օրինական իշխանություններ ունենալը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 299, նոյեմբերի 20, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ