...

Քրիստոնեության 1700-ամյակի հետևանքները

Քրիստոնեության 1700-ամյակի հետևանքները

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

ԵԹԵ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ԸՆՏՐՎԻ, ԵՍ ՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ԿԾԱՌԱՅԵՄ ՆՐԱՆ

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից մեկի՝ Արամ Սարգսյանի ասածն է: Չենք շփոթում: Ենթատեքստից կտրել չենք ուզում: Անշուշտ, պրն Սարգսյանն անդրադառնում էր ընդդիմության ձեռնարկած ստորագրահավաքին, Քոչարյանի պաշտոնանկման գործընթացին: Խոսում էր նաև ապագա ընտրությունների մասին և ինչպես միշտ ձգտում «ծայրահեղություններից» խուսափել: Գնահատում ենք զոհված վարչապետի եղբոր հանդուրժողականությունն ու զսպվածությունը, բայց չենք կարող չտեսնել մի քանի ակնհայտ «սայթաքումներ»:

1. Ռ. Քոչարյանը նույնիսկ 2003-ին ըստ ՀՀ գործող Սահմանադրության ընտրվելու իրավունք չունի, քանի որ երկրի քաղաքացի լինելու նկրտումներ կարող էր ունենալ միայն 1997 թվից:

Հետևաբար ապօրինի է ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու նրա հայտն ինքնին: 1998թ. ապօրինաբար նախագահի պաշտոնը զավթեց, նույնը պատրաստվում է անել 2003-ին: Եվ սին է նրա արդարացի ընտրվելու մասին հիպոթեզը, քանի որ եթե հանրապետության բնակչության մեծամասնության ձայներն էլ «հավաքի», միևնույն է, նրա «նախագահությունը» Սահմանադրությամբ օրինական չէ:

2. Ինչու՞ պիտի պրն Արամ Սարգսյանը ծառայի որևէ նախագահի: Եթե նույնիսկ ինքը ասիացի տղամարդ է, ապա Հայաստանն առայժմ բացարձակ միապետություն չի հայտարարվել, և ՀՀ նորմալ քաղաքացին պարտավոր է ծառայել սեփական երկրի բանակում և պաշտպանել սեփական երկրի շահերը: Որևէ նախագահ՝ ոչ լեգիտիմ կամ լեգիտիմ, թագավոր չէ, շեյխ չէ, խան չէ: Իսկ Արամ Սարգսյանը, կարծում ենք, ՀՀ լիիրավ քաղաքացի է:

3. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո քաղաքական ասպարեզ դուրս եկած Արամ Սարգսյանը սկզբում խուսափում էր Ռ. Քոչարյանին հանցագործության համար մեղադրելուց՝ պնդելով, որ նա իր եղբոր ընկերն է եղել: Սակայն գործընթացները նորելուկ գործիչներին հեռուն տարան, և 2001-ին նրանք արդեն չկարողացան չարտահայտել անթաքույց կասկածը:

Մի կողմ թողնելով կազմակերպիչների մասով Ռ. Քոչարյանին հասցեագրվող մեղադրանքները՝ շեշտենք հետևյալը.

ա) ՀՀ վարչապետին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ Արամ Սարգսյանի եղբորը, սպանել են Քոչարյանի օրոք: Սպանությունը ակնհայտ դիվիդենտներ է բերել հենց նույն Քոչարյանին ու նրա թիմին, ամրապնդել նրանց դիրքերը: Ոճրագործության նախաքննությունը Արամ Սարգսյանի պաշտոնանկումից հետո, իսկ դատաքննությունը ամբողջությամբ ընթանում է ինչ-ինչ հետքեր սվաղելու ուղղությամբ, իսկ Ռ. Քոչարյանը անթաքույց «արհամարհանքով» է վերաբերվում սույն գործընթացին:

բ) Իշխանություններին ծառայող մամուլն ու հեռուստատեսությունը պղծում են զոհերի հիշատակը, շարունակում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին, հերոսացնում ու մեկ-մեկ էլ արդարացնում են Նաիրի Հունանյանին:

գ) Իշխանական քարոզչամիջոցները հաճախ են հայհոյում ու ձեռ առնում նաև իրեն՝ Արամ Սարգսյանին:

Ուրեմն ինչու՞ և ինչպե՞ս է պատրաստվում ծառայել Արամ Սարգսյանը, եթե նույնիսկ...

Իսկ նույնիսկ չկա. ժամանակն է, որ սա հասկանան:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 300, նոյեմբերի 21, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ