...

Հիմա սա ո՞նց հասկանանք

Հիմա սա ո՞նց հասկանանք

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը 2008թ. մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ բազմաթիվ անգամ է արտահայտվել: Նա այդ օրը «Ժառանգության» պատգամավորների հետ Մյասնիկյանի արձանի մոտ կամ ոստիկանատներում է անցկացրել, կեսգիշերն անց մասնակցել խորհրդարանի հատուկ նիստին:

Մասնավորապես, 2019թ. մարտին «Ազատության» հետ հարցազրույցում մարտի 1-ի մասին տիկին Բախշյանն ասել էր. «Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ՝ ասելու, որ չփորձես ընտրության ժամանակ քո ձայնը պաշտպանել: 

Հետագա ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ գծագրված էր, պլանավորված էր, մտածված էր․․․ չգիտեմ քանի մարդ էին որոշել նույնիսկ սպանել, բայց փաստը էն է, որ տասը մարդ զոհվեց, տասը երիտասարդ, տասը ծուխ հանգեց: Չափազանց այլակերպված էին, նրանք (իշխանությունները.- խմբ.) այլևս ոչ մեկին չէին ուզում լսել: Եթե գար Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե այլ ընթացք ունենար: Չնայած մեկ է՝ երբ ես ամբողջ գործողությունների շարքն եմ վերլուծում, տեսնում եմ, որ դա էլ չէր օգնի: Գուցե մի զոհ ավել լիներ»:

2019-ի փետրվարին Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ 2008-ի մարտի 1-ի երեկոյան Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է եղել և ինչ է լինելու:

Բախշյանի խոսքով՝ մինչև խորհրդարանը հավանություն կտար 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, իրենք տեղեկություններ էին ստանում, որ զորք է մտնում Երեւան: Այդ ընթացքում «Ժառանգության» նախկին պատգամավորներից Լարիսա Ալավերդյանը զանգահարել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանին ու ասել՝ «Մի՛ արեք, սպասեք մինչև առավոտը բացվի»: Սարգսյանը, ըստ Բախշյանի, ասել է, թե արդեն ուշ է։

«Իմ ներկայությամբ: Ես անգամ Սերժ Սարգսյանի ձայնն եմ լսել, որը, ասեմ, բավական ընկճված ձայն էր: Ասեց՝ արդեն ուշ է: Ինքը գիտեր՝ ինչ է եղել և ինչ է լինելու: Էդ զորքը բերում են, որ իրանց գուրգուրե՞ն․․․ Զորքը բերում են, որ ժողովրդին ասեն՝ լռեք, ձեզ կսպանենք էլ, չենք թույլ տա, որ դուք հանկարծ ձեր իրավունքի մասին խոսեք: Ինչքան ուզենք, էնքան կխփենք»,- նշել է Անահիտ Բախշյանը:

Ինչո՞ւ ենք այս մեջբերումներն արել: Մեր ընթերցողներից մեկը երեկ ուղարկել էր Ռ. Քոչարյանի ֆանատներից մեկի գրառումը. «15 տարի առաջ էս օրը Արցախի հանձնումը 13 տարով հետաձգվեց»: Այսինքն՝ ոչ թե գրառումն էր ուղարկել, այլ, թե ովքեր են լայքել այդ գրառումը: Լայքողներից մեկը Անահիտ Բախշյանն է:

Այսինքն՝ Անահիտ Բախշյանը, որը 2008-ի մարտի 1-ի ոճրագործության անմիջական ականատեսն է եղել, գտնվել է իրադարձությունների կիզակետում, ամեն ինչ իր աչքով է տեսել, շատ հստակ այդ օրերին, դրանից հետո արտահայտվել է այս ամենի մասին, որպես վկա ցուցմունքներ է տվել մարտի 1-ի գործով, որտեղ ասել է այն, ինչ եղել է, հիմա հավանություն է տալիս մի գրառման, ըստ որի՝ մարտի 1-ի սպանդը անհրաժեշտություն էր, արդարացված էր, հակառակ դեպքում Արցախը հանձնելու էին: Ոչ թե իշխանությունն ամեն գնով պահպանելու հարց էր, այլ Արցախը չհանձնելու:

Հիմա որ մի հատ անասուն գրի, թե 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը անհրաժեշտություն էր, որ Ղարաբաղը չհանձնեին, չգիտենք, օրինակ, ապազգային ուժերը չվերադառնային, ռևանշ տեղի չունենար, կամ Հայաստանում կանխվեր դիկտատուրայի հաստատումը, տիկին Բախշյանը կլայքե՞ր նման գրառումը: Կամ դուրը կգա՞ր, եթե երկրապահի տղերքից մեկը դա լայքեր, որն այդ պահին խորհրդարանում է եղել: 

Սա ի՞նչ է... 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ