...

Հեշտ ու համեղ. Ձկան «բուրիդա» սարդինյան ձևով

Հեշտ ու համեղ. Ձկան «բուրիդա» սարդինյան ձևով

Ժամանակին այսպիսի պետություն է եղել՝ երկու Սիցիլիաների թագավորություն: Կհարցնեք՝ ի՞նչ Սիցիլիաներ: 16-րդ դարում այդպես են անվանել պետությունը, որն ընդգրկել է և՛ Սիցիլիան, և՛ Սարդինիան (հենց այն էլ երկրորդ Սիցիլիա են անվանել), և՛ հարավային Իտալիան (Նեապոլը ներառյալ), և՛ ժամանակակից Իսպանիան: Հենց վերջինից էլ, իսկ ավելի կոնկրետ՝ Կատալոնիայից, Միջերկրական ծովի երկրներ է տարածվել «բուրիդա» անվանումով ուտեստը: Այն իրենից ներկայացրել է ձուկ՝ լոլիկի ու խոտաբույսերի խիտ սոուսի մեջ: Փորձեք «բուրիդայի» սարդինյան տարբերակը:

Բաղադրիչները
4-6 բաժնի համար

  • 800 գ խոշոր ձուկ
  • 2 մեծ, հասած լոլիկ
  • 1 կիտրոն
  • 1 պճեղ սխտոր
  • փոքրիկ փունջ մաղադանոս
  • 1/2 բաժակ սպիտակ չոր գինի
  • 2 ճ.գ. սպիտակ գինու քացախ
  • 4 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Ձուկը մաքրեք, լվացեք, չորացրեք, մասերի բաժանեք, աղ ու պղպեղ արեք:
  2. Լոլիկների վրա խաչաձև կտրվածք արեք, 30 վրկ մտցրեք եռացրած ջրի, ապա սառը ջրի մեջ, կեղևը հեռացրեք: Հեռացրեք սերմերն ու հեղուկը: Պտղամիսը մանր կտրատեք:
  3. Հաստ հատակով թավայի մեջ տաքացրեք ձեթի կեսը և միջին ուժգնության կրակի վրա տապակեք ձկան կտորները մինչև ոսկեգույն երանգ ստանալը, ամեն կողմը՝ մոտ 2 րոպե: Ձկան կտորները տեղադրեք տաք ափսեի մեջ, ծածկեք, պահեք տաք վիճակում:
  4. Սխտորը մանր կտրատեք: Նույն թավայի մեջ լցրեք մնացած ձեթը, միջին ուժգնության կրակի վրա 30 վրկ տապակեք սխտորը: Ձուկը վերադարձրեք թավայի մեջ: Ձկան վրա լցրեք գինին ու քացախը, սպասեք, մինչև դրանք գոլորշիանան: Ավելացրեք լոլիկները, շարունակեք փակ կափարիչի տակ պատրաստել, մոտ 15 րոպե: Ժամանակ առ ժամանակ ձկները զգուշությամբ շրջեք:
  5. Ձկան կտորները սոուսի հետ լցրեք ափսեի մեջ, զարդարեք կիտրոնի կտորներով ու մաղադանոսի ճյուղերով:

Խորհուրդ: Այս ուտեստի համար հարմար չեն սկումբրիան ու ծովատառեխը: Ուտեստի բույրը ուժեղացնելու համար կարող եք նաև այլ խոտաբույսեր ավելացնել, օրինակ՝ ուրց:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ