...

ՀՀ գլխավոր դատախազը փրկության միջանցք է որոնում

ՀՀ գլխավոր դատախազը փրկության միջանցք է որոնում

Պետական գերատեսչությունների ղեկավարներն այս պահին զբաղված են իրենց աշխատակիցներին վերջին հրահանգները տալով: Նախարարությունների և իրավապահ համակարգի ներկայացուցիչներին համապատասխան գերատեսչությունների ղեկավարները այսօր առավոտից հրահանգել են անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բնականաբար պետական սեկտորին հրահանգվել է քվեարկել այս պահին դեռևս գործող իշխանության օգտին:

Այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ՀՀ գլխավոր դատախազությունում: Բավականին խորամանկ մարտավարություն է ընտրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Վերջինս իր աշխատակիցներին հրահանգել է գաղտնի պահել իրենց ընտրությունը և որևէ տեղ չբարձրաձայնել, թե ում օգտին են իրենք քվեարկել: Ի դեպ՝ ընտրությունների մեկնարկին ընդառաջ, Դավթյանը փորձել էր հարաբերությունների կամուրջ հաստատել Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ: Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, և մինչ այսօր էլ այդ համակարգում աշխատող բազմաթիվ ընկերներ ունի: Հենց նրանց միջոցով էլ Արթուր Դավթյանը փորձել էր «մոտենալ» Քոչարյանին: Սակայն Հակոբյանի մերձավորները ձեռնպահ էին մնացել «մերձեցման երեկո» միջոցառման նախաձեռնությունից՝ հասկացնելով, որ իրենք չեն կարող նման հարցով միջնորդել: Սա հետաքրքիր է այն առումով, որ Արթուր Դավթյանը գոնե մինչև վերջերս համարվում էր նախկին ռեժիմից Նիկոլ Փաշինյանին ժառանգություն մնացած իշխանության անսասան նվիրյալը:

Ներքաղաքական զարգացումները, սակայն, Դավթյանին ստիպել են վերջին ամիսներին փորձել դիրքավորվել այլ ճամբարներում, ինչը կարծես թե նրա մոտ չի հաջողվել: Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել Դավթյանի հրահանգը իր աշխատակիցներին՝ գաղտնի պահել իրենց նախասիրությունները և որևէ դեպքում չբարձրաձայնել, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել:   

ՎԱՐԿԱՆԻՇ

   874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ