...

Հին Վաչո vs նոր Վաչո

Հին Վաչո vs նոր Վաչո

Դատախազությունը հաղորդել է, որ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Խոսքը Սերժ Սարգսյանի Վաչոյի և նրա տիկնոջ մասին է։ Ի դեպ, հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի հունիսի սկզբին ռեստորանի տնօրենը աշխատակիցներից տեղեկացել է, որ «Յանս»-ի հաշվապահը հաճախորդներից ստացած որոշակի գումարների մի մասը ռեստորանի դրամարկղ չի մուտքագրել։ Տնօրենն այդ մասին հայտնել է Սերժի Վաչոյին ու նրա կնոջը, «որոնք որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար»: Պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ: Արդյունքում՝ ռեստորանի հաշվապահը հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:

Սերժի Վաչոյին ժամանակ առ ժամանակ ձերբակալում են, կալանավորում են, գրավ են կիրառում, բաց են թողնում, հետո նորից կալանավորում են։ Ի դեպ, հեղափոխությունից հետո Ղազարյանի նկատմամբ գործ հարուցվեց․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում նա թաքցրել էր իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել էր: Հետո մեկ միլիարդ դրամ վճարելով՝ նրա խափանման միջոցը փոխվեց, ապա որոշ ժամանակ անց գործը կարճվեց։ Հիմա փաստորեն նոր ցուցմունք տվող է հայտնվել, և Ղազարյանների նկատմամբ բոլորովին այլ բովանդակության մեղադրանք է կազմվել։ Մի քիչ էլ այս գործով կզբաղվեն, հետո նորից գործը կկարճվի։ Կանցնի մի քանի ամիս, և նոր հանգամանք ի հայտ կգա, ու նորից կանցնենք նույն փուլերով։ Արդեն անհետաքրքիր են նման պատմությունները։ Անգամ, եթե այս գործով, օրինակ, Սերժ Վաչոյին դատապարտեն մի քանի տարվա անազատության, դրանից հանրային գիտակցության մեջ ոչինչ չի փոխվելու։ Գիտեք ինչո՞ւ. որովհետև խնդիրն անձերը չեն։ Հիմա էլ այս իշխանությունն ունի իր վաչոները․ նրանք էլ հարցեր են լուծում և իրենց ամենակարող են զգում։ Հասարակությունը ոչ միայն չի ընդդիմանում, այլև սկսում է այն նույն ուժով, ինչով ատում էր նախկիններին, սիրել ներկայի վաչոներին։ Ենթագիտակցորեն տենչում է, որ նոր վաչոները ավելի ուժեղ գտնվեն և մինչև վերջ փոշիացնեն հին վաչոյին, որին մերժել էին երկուսով միասին։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ