...

ՀՅԴ-ի կարճ հիշողությունը

ՀՅԴ-ի կարճ հիշողությունը

«Թե ինչ շարժառիթներով է գործող իշխանությունը սահմանադրական փոփոխություններ առաջարկում, դեռևս հստակ չէ»։ Այս հայտարարությունը պատկանում է դաշնակցական Արծվիկ Մինասյանին, որը նա արել է այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Իրենք անտեսում են, արհամարհում են քաղաքական համակարգը։ Իշխանության՝ «ամեն ինչ գիտեմ» մոտեցումը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Չկա երկխոսություն, առողջ բանավեճ, ուստիև ակնկալել, որ սահմանադրական փոփոխություններն ազնիվ նպատակներ են հետապնդում, ճիշտ չէ», - ասել է դաշնակցական գործիչը։

Շատ զարմանալի է, որ ՀՅԴ-ականներն են խոսում ներկայումս նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների կասկածելի շարժառիթներից, ազնիվ կամ անազնիվ նպատակներից՝ մոռանալով 2015 թվականին Սերժ Սարգսյանի կողմից իրականացված «սահմանադրական բարեփոխումներ» խայտառակ օպերացիան։

Այդ օպերացիայի գլխավոր և ամենահիմնական շարժառիթն ու նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն էր, որը մատուցվում էր խորհրդարանական համակարգի առավել արդյունավետ լինելու սոուսով։ 
ՀՅԴ-ն այդ օպերացիայի ամենամոլի ջատագովն էր։ Դաշնակցականներն ավելի ջերմեռանդորեն էին պաշտպանում Սերժ Սարգսյանի ձեռնարկած օպերացիան, քան հանրապետականները։ Ավելին, որոշ դաշնակցական գործիչներ անգամ հպարտորեն պարծենում էին, թե իրականում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնողն ու պատվիրատուն ոչ թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են, այլ հենց Դաշնակցությունը, քանի որ իրենց կուսակցությունը մշտապես կողմ է եղել խորհրդարանական համակարգին։ 

Այդ ժամանակ դաշնակցականները կարծես չէին նկատում կամ չէին ուզում նկատել, որ Սերժ Սարգսյանն ընդհանրապես թքած ուներ պետական կառավարման ու քաղաքական համակարգերի լավ կամ վատ, արդյունավետ կամ անարդյունավետ լինելու, հանրային ու պետական շահի վրա և սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել էր գերազանցապես իր անձնական շահերն առաջ տանելու, որպես իշխանություն վերարտադրվելու նպատակով։ 

Դաշնակցականներն էլ շատ մեծ ոգևորությամբ լծվել էին Սերժ Սարգսյանի այդ «վեհ» նպատակի իրականացմանը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ