...

ՀՅԴ-ն «թուրքական ծիրին մեջ»

ՀՅԴ-ն «թուրքական ծիրին մեջ»

Ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում դեռևս 2001թվականին տպագրած ևս մեկ հոդված ՀՅԴ-ի մասին, երբ «հանգամանքների փոփոխման» հիմքով բանտերից ազատված կարկառուններն այլևս իշխանություն էին:

Եթե թուրքերը չլինեին, չէին լինի նաև դաշնակները: Եվ թուրքերը չեն ընդունում ցեղասպանության փաստը: Թուրքերը պայքարում են իրենց իրավունքների համար: Թուրքերը սպառնում են բացել արխիվները (?): Եվ ընդդիմանում են Եվրոպային: 

Եվրամիությունը պայման է դրել. Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանության փաստը: Եվրամիությունն այս փաստը լավագույնս է օգտագործում արևելյան հարևանին զսպաշապիկ հագցնելու նպատակով: Իսկ թուրքերը ձգտում են դառնալ Եվրոպայի լիարժեք անդամ: Կամ գոնե հայտարարում են այդ մասին: Համոզված եմ, որ այդ երկրում էլ կան համամարդկային արժեքներ դավանող և երկրի ներքին կյանքից դժգոհ մարդիկ: Բայց քիչ են: Եվ ենթադրում եմ, որ թրքական իշխող դասը վախենում է Եվրոպայի պահանջը կատարել, ընդունել հայերի ցեղասպանության իրական լինելը, ոչ թե վախենալով մեր հոխորտացող դաշնակներից, այլ սեփական երկրի ներսից: Ո՛չ, չկարծեք, թե նրանք չեն կարող համոզել սեփական ժողովրդին. կարող են, ուղղակի չեն ուզում: «Կարծր» ազգայնական դիրքորոշումն այս հարցում ևս մեկ շանս է օրենք հարգող եվրոպացիներին ներքին խոհանոցից հեռու պահելու համար: Ասիական իշխանությունը անպայման իր մեջ կրում է խանական կարգերի երանգներ: Միանգամից զրկվել այդ բարիքներից և ենթարկվել մեկ ուրիշ՝ անհասկանալի քաղաքակրթության կանոններին, իհարկե, հեշտ չէ: Եվ ընդդիմանում են: Իսկ պատրվակը դարձյալ «հայկական հարցն» է:

Նույն կարգի «կոշտ» ազգայնականներ ունենք նաև մենք: Եթե հետևենք ՀՅԴ գործելակերպին XX դարի սկզբից, ապա կտեսնենք, որ ազգային զգացումները կոշտանում ու փափկում են իրադրության փոփոխության պատճառով: 1908թ., երբ երիտթուրքերը գալիս էին իշխանության, մեր նացիոնալ-սոցիալիստները բարեհաջող կերպով մոռացան հայկական ինքնավարությունը: Իթթիհատի հետ միասին հռչակելով Օսմանյան սահմանադրությունը՝ բոլոր հայերին դարձրին թուրքական պետության «լիիրավ» քաղաքացիներ: Այնուհետև աշխատեցին չեզոքացնել հայկական մյուս կուսակցությունները: Ի դեպ, երիտթուրքերը փայլուն օգտագործեցին այն ժամանակվա դաշնակցականների «թուլությունը», «օժտեցին» նրանց մանր-մունր պաշտոններով և համայն հայության հարցերը սկսեցին վճռել նրանց միջոցով: Նույն ինքնասիրահարված մարտնչող անհեռատեսությունն էր իշխում նաև առաջին հանրապետության ղեկավարներին: Այսպես. Ա. Խատիսյանին 1920թ. փետրվարի 4-ին գրած իր նամակում Հովհ. Քաջազնունին ասում է. «... Նույնքան լավ մենք պետք է հիշենք, որ ո՛չ Նուբարը (Պողոս-Նուբար փաշա (Գր. Խաչ.)), ո՛չ Բաբաջանովը՝ նրա մերձավոր խորհրդականը, չպետք է իշխանության գան Անկախ Հայաստանում: Այս երկու անուններին ես կավելացնեմ նաև Անդրանիկի անունը, որ հանրապետության համար նույնքան տխմար և չար թշնամի է, որքան առաջինները: Այս մարդկանց պետք է դիտարկել որպես պետական հանցագործներ և մեկընդմիշտ երես շրջել նրանցից»: 

Սա էլ հաջողվեց, 1919-ին գեներալ Անդրանիկը հեռացավ հայրենիքից, որովհետև սեփական կառավարությունը զինաթափել էր նրա բանակը: 

Հայաստանը կորստյան մատնելուց հետո դաշնակները արտասահմանում դարձան ծայրահեղ ազգայիններ՝ իբր երազելով անկախ երկիր ունենալ: Նրանց ծայրահեղականությունը այն աստիճանի էր հասնում, որ բազմիցս էին արգելք դառնում դժվարին պայմաններում ապրող հայրենակիցներին օգնելու ցանկություն ունեցողների համար (այս փաստերն ունենք և դրանց դեռ կանդրադառնանք): Հիշեցնենք, որ Սփյուռքում նրանք բոլորովին էլ վատ չէին ապրում և շահարկելով հայրենաբաղձ ազգակիցների զգացմունքները՝ միշտ էլ ապահովում էին սեփական բարեկեցությունը: 

Մեկ փաստ էլ եմ ուզում հիշեցնել. երբ ղարաբաղյան շարժումը պահանջատիրականից սկսեց վերածվել անկախության համար մղվող պայքարի, ՀՅԴ կարկառուն ներկայացուցիչները դրսից սկսեցին կոչեր անել, որ հայաստանցիները չընդդիմանան Մոսկվային: Բայց ի հեճուկս իրենց, Հայաստանն անկախացավ, հայերը հաղթեցին արցախյան պատերազմում ու հող գրավեցին ո՛չ իրենց, այլ ՀՀՇ իշխանության օրոք: Պետությունը կայանում էր, և այդ պետության մեջ նրանք անելիք չունեին: Ուրեմն դարձյալ պետք էր հիշել ազգայնականությունը: Պետք էր հիշել ու կառչել դրանից: Որտե՞ղ էին որոշել ազգայինները գործել և ո՞ւմ դեմ: Հայաստանի Հանրապետությունում, իրենց իշխանությունից օտարած ուժերի դեմ: Բայց հիշեցնենք նաև, որ նրանք այդ իշխանության դեմ ստեղծել էին զինյալ կառույց, և պատրաստ էին ահաբեկչության ենթակա անձերի ցուցակները («Դրո»): Իրադրությունը փոխվեց, հիմա փաստացի իշխանությունն իրենցն է և իրենց ոչ լեգիտիմ նախագահինը: Հայաստանը դարձյալ կանգնած է տարածք, հետևաբար նաև պետականություն կորցնելու վտանգի առջև: Ի՞նչ են անում ՀՅԴ-ականները: Հայտարարություն են գրում ու... ոչինչ: Միայն թե իրենց հասած իշխանությանը չդիպչեն, թող ծվեն-ծվեն անեն Հայաստանը: Իսկ իրենք այստեղից կհոխորտան իրենց նմանակների՝ թուրք ազգայնականների դեմ: Քանի դեռ սահմանին կանգնած է ռուս սահմանապահը:

Գր. Խաչիկյան

Հ.Գ. Կարծում եմ, որ պետականության պայմաններում ապրել չկարողացող այս կուսակցությանը, ինչպես միշտ հրապուրում է պատերազմի տեսլականը... 

«Չորրորդ իշխանություն», 30 մարտի, 2001թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   1178 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ