...

Մարդը և սկզբունքը

Մարդը և սկզբունքը

ՕՐԵՆՔ

Ակնհայտորեն, երկրի վիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ այս իշխանությունների մասին որևէ լավ բան ասել՝ առանց անհարմար վիճակում հայտնվելու: Բայց վատ բան ասելն էլ կարող է առողջության համար վնասակար լինել: Եվ ահա «առաջադեմ մտավորականությունը» ձևը գտել է. ներկա իշխանություններին քննադատում է՝ նախապես մի կես ժամ քննադատելով նախկիններին: Իբր՝ «սկզբունքային» է: Մարդու այս տիպն է, որը, եթե չի ուզում բանակում ծառայել, «սկզբունքորեն» դառնում է կրիշնայական, եթե փողոցում հայհոյում են՝ ձայն չի հանում, որովհետև իր դաստիարակությունը «սկզբունքորեն» թույլ չի տալիս կոպիտ բառեր օգտագործել և այլն:

Սա շատ հարմար դիրքորոշում է: Մարդը և՛ «սկզբունքային» է, և՛ կարող է չվախենալ իշխանություններից, որովհետև նախկիններին ավելի շատ է քննադատում:

Այս «սկզբունքայինների» շրջանում շատ մոդայիկ է հատկապես այն, որ խոսելով ժողովրդավարական ազատությունների պահպանման անհրաժեշտության մասին, չեն մոռանում անպայման նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրենք դեմ են եղել Դաշնակցության գործունեության կասեցմանը: Իրականում ավելի մեծ անսկզբունքայնություն պատկերացնել հնարավոր չէ: Չէ՞ որ ժամանակին Դաշնակցության գործունեությունը կասեցվել էր ՀՀ օրենքներին համապատասխան, որովհետև Դաշնակցության գործունեությունը հակասում էր ՀՀ օրենքներին (ըստ այդ օրենքների, Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կուսակցությունների գործունեությունը, որոնց ղեկավար մարմինը գտնվում է արտասահմանում, որը ֆինանսավորվում է արտասահմանից, և այլն): Ուշադրություն դարձրեք՝ նույնիսկ իրենք դաշնակցականները, բողոքում են, որ իրենց գործունեությունը կասեցվել է, բայց չեն բողոքում, որ կասեցվել է ապօրինի: Փոխարենը բողոքում են «սկզբունքայինները»:

Մի հարցնող լինի՝ որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ճիշտ էր արտասահմանից ղեկավարվող կուսակցությունների գործունեության արգելումը, թե՞ որևէ մեկը կասկածում է, որ ՀՅԴ-ի ղեկավար մարմինը գտնվում էր արտասահմանում (եթե չեմ սխալվում, Աթենքը Տավուշի մարզում չէ): Ուրեմն այդ ի՞նչ «սկզբունքայնություն» է, որով պետք էր պաշտպանել ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարող և այդ մասին հպարտորեն հայտարարող կուսակցությանը:

Ցանկացած նորմալ, սկզբունքային մարդ այս հարցում միայն մի մոտեցում կարող է ունենալ. պետք է պաշտպանել օրենքը: Այսինքն՝ ժամանակին իրավացի էին իշխանությունները, որ կասեցնում էին ՀՅԴ-ի գործունեությունը (այսինքն՝ գործում էին օրենքի համաձայն), իսկ այսօր իրավացի չեն, որ թույլատրել են այդ կուսակցության գործունեությունը (այսինքն՝ խախտել են օրենքը):

Ի դեպ, ճիշտ այս նույն մտածելակերպն է պատճառը, որ այսօր փորձ է արվում հասարակության մեջ բանավեճ սկսել «Նաիրի Հունանյանը ոճրագո՞րծ է, թե՞ հերոս» թեմայով: Ու «սկզբունքայինները» գլխապատառ նետվում են բանավեճի մեջ: Մինչդեռ, ՀՀ օրենքներով, մարդ սպանել չի կարելի, դա ոճրագործություն է: Իսկ օրենքի այս կետին առանց բացառության բոլորը կողմ են:

Բայց բանավիճում են, որովհետև «սկզբունքային են»: Եվ որովհետև այդպես ապրելն ավելի հեշտ է:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 234, հուլիսի 13, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   2190 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ