...

Հյուրանոց՝ Հրապարակի մեջտեղում

Հյուրանոց՝ Հրապարակի մեջտեղում

«Մենք ունենք իրավիճակ, երբ հսկայական գումարներ շինարարության մեջ ուղղակի կանգնած են»: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, երբ քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու և վարչական վարույթի մասին» նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն այսպես է բացատրել նախագծի տրամաբանությունը. «Բազմաթիվ աշխատատեղեր, ներդրումներ չեն իրականանում, քանի որ ենթադրենք, որ եթե որևէ մեկը կախված անձից ունի վատ հարաբերություններ կառուցապատողի հետ, կամ հարևանների հետ կապված խնդիրները ուղղակի մի բողոքի, գրության հիման վրա միլիոնավոր դոլարների ներդրումների է խոչընդոտվում: Սա լուրջ խնդիր է դարձել մասնավորապես հեղափոխությունից հետո, երբ բավականին շատ կառուցապատող ընկերություններ նոր թափով են սկսել աշխատել»:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ այս նախագիծը կառավարությունը ներկայացրել է հատուկ Ֆիրդուսու թաղամասում շինարարությանը զարկ տալու համար: Հա էլի, ինչ-որ մանր-մունր ակտիվիստներ, մշակութաբաններ ոտքի տակ են ընկնում, աղմուկ բարձրացնում, թույլ չեն տալիս, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները քանդվեն: 

Ու դրա արդյունքում Նարեկ Սարգսյանն ու նրա հովանավորյալները տակ են տալիս: Չեն կարողանում իրենց էլիտար գոմերը կառուցել: 

Չտեսնված տրամաբանություն է: Այսինքն, ցանկացած ոք կարող է հենց այսօր գնալ Հանրապետության հրապարակ ու հենց մեջտեղում ինչ-որ բան կառուցել. ավտոտնակ, շենք, առանձնատուն, հյուրանոց: Նույնիսկ եթե նման շինարարության օրինականությունը բողոքարկվի, մեկ է, նա հանգիստ կարող է շարունակել շինարարությունը, մինչև չլինի դատարանի որոշումը: Եվ մի երկու տարի հետո դատարանը կարող է բավարարել բողոքարկումը և այդ դեպքում միայն հնարավոր կլինի Հրապարակի մեջտեղում կառուցված շինությունը քանդել: Չնայած, ինչո՞ւ քանդել: Մարդը ներդրումներ է արել, շինություն է կառուցել, աշխատատեղեր է բացել: Դա է, չէ՞, տրամաբանությունը: Ինչո՞ւ ներդրողին խրտնացնել: 

Պրոբլեմն այն է, որ հետո մեկ ուրիշը կարող է Հրապարակում շինարարություն սկսել: Եվ այդպես շարունակ: 

Իրականում սա ապօրինի շինարարություն իրականացնելու նախագիծ է: Հիմա ով ինչ ցանկանա, որտեղ ցանկանա, կարող է կառուցել: Մինչև դատարանի որոշում չլինի, այդ շինարարությունը չես կարող կասեցնել: Իբր մեր դատարանները քիչ են ծանրաբեռնված, հիմա բազմաթիվ գործեր են լցվելու: Ու սա նաև վեճերի, հաշիվներ պարզելու, իրար միս ուտելու նոր ճանապարհ է բացում՝ հատկապես հարևան մարդկանց միջև: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ