...

Ինչո՞ւ է աղմկում Գռզոն

Ինչո՞ւ է աղմկում Գռզոն

Իշխանական պատգամավորներից Խաչատուր Սուքիասյանը երեկ ԱԺ-ում կորցրել է ինքնատիրապետումը և հարձակվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի վրա, երբ վերջինս փորձել է հարց ուղղել, թե պատգամավորը մտավախություն չունի՞, որ իրեն էլ կարող են հրավիրել հարցաքննության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի թեմայով։ «Դուք ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացեք, էդ միլիարդները բերեք։ 400-500 հատ բնակարան․․․ մարդիկ մնացել են առանց բնակարանի՝ Հյուսիսային պողոտան կառուցվել ա։ Ինձ մյուս նախագահն ա ասել։ Ասել ա՝ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել ա մեզ»,- լրագրողի վրա բղավելով՝ փորձել է հակադարձել Սուքիասյանը։ Լրագրողի՝ հարցի պատասխանը ստանալու երկրորդ փորձը ևս ավարտվել է Սուքիասյանի հարձակմամբ՝  «Ապօրինի գույքը ձեր ու ձեր շրջապատինն ա, ձեր քաղաքական համակարգինն ա, նրանց զավակներինն ա, նրանց բարեկամներինն ա»։

Իսկ ի՞նչ էիք սպասում Խաչատուր Սուքիասյանից՝ բարեկրթություն, պատգամավորի վարքի էթիկայի մաստեր-կլա՞ս։ Մի քիչ հեռվից գանք․ մինչ 2008 թվականը Սուքիասյանը պատգամավոր էր։ Նա ԱԺ բուֆետում ուներ իր համար պահվող սեղանը՝ վիպ հաճախորդ էր, որտեղ ամեն օր ուտում ու սրճում էր նույն մարդկանց հետ՝ Ռուբեն Հայրապետյան, Աշոտ Արսենյան, Կարեն Կարապետյան և այլք։ Այդ սեղանն առանձնանում էր իր տարբերվող սփռոցով։ Այդ սեղանի վրայից երբեք չէր հեռացվում Սուքիասյանի արտադրանքը՝ ջուրը և զովացուցիչ ընպելիքների ողջ տեսականին։ Անգամ եթե սեղանի հաճախորդները բացակայում էին և ԱԺ բուֆետում տեղ չէր լինում նստելու, միևնույնն է, սեղանին որևէ մեկը չէր կարող մոտենալ։ Սուքիասյանն արտոնյալ էր, և նրա սեղանակիցները այն բոլոր օլիգարխներն էին, որոնք էլ իր պես մականուններ ունեին։ 

«ՉԻ»-ն ԱԺ իր հերթական ռեպորտաժում հիշատակել էր Սուքիասյանի մականունը՝ Գռզո։ Լրագրողը, որը հրապարակման հեղինակն էր, այդ օրը ԱԺ միջանցքում պատահաբար հանդիպեց Գռզոյին, որը սկսեց ճիշտ երեկվա նման բղավել՝ հայտարարելով, թե մեր արածը կապիկություն է։ Գիտե՞ք, թե նա ինչպես փաստարկեց՝ «մեր կապիկությունը»,  չասաց՝ ինչո՞ւ եք հիշատակել մականունս, հարցրեց, թե ինչո՞ւ ենք գրել Գագիկ Ծառուկյան, այլ ոչ թե Դոդի Գագո։ Բղավում էր, իրեն պատեպատ էր տալիս։ Փորձեցինք հանգստացնել՝ ասելով, որ ձայնագրիչը կմիացնենք, և ինքը նույն հարցադրումը կանի՝ Դոդի Գագո չգրելու մասով, մենք էլ կհրապարակենք այդ ամենը, որպեսզի հաշիվը հավասարվի։ Ավելի բորբոքվեց, գոռգոռաց ու սուպերմենի կեցվածքով հեռացավ։ Մի անգամ էլ էդպես սրտնեղել էր, որ Ռուբեն Հայրապետյանի դեպքում մոռացել էինք ընդգծել, որ խոսքը Նեմեց Ռուբոյի մասին է։ Եվ սա այն ժամանակներն էին, երբ Գռզոն ամեն օր սրճում էր, ուտում-խմում էր այդ մարդկանց հետ՝ զուգահեռաբար սրտնեղելով, որ նրանց մականունները մերթընդմերթ կարող են և չհնչել։ Կապիկ, կապիկություն, կապկում՝ չգիտենք, բայց այդ ժամանակներից Գռզոն աղմկում է։ Ինչո՞ւ է աղմկում՝ արդեն կարևոր էլ չէ։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ