...

Ծառուկյանը կտուժի, Փաշինյանը կշահի, Հատիսը պատահաբար կփրկվի

Ծառուկյանը կտուժի, Փաշինյանը կշահի, Հատիսը պատահաբար կփրկվի

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրամադրել։ Այս մասին տեղեկացրել է «Հետք»-ը՝ հավելելով, որ 2,4 կիլոմետրանոց ջրագիծը անցկացվելու է երկու տարածքներով։ Կայքն ընդգծում է, որ տարածքները սեփականության իրավունքով պատկանում են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ու գտնվում են Հատիս լեռան գագաթին, որտեղ Ծառուկյանը ծրագրել է Հիսուս Քրիստոսի մեծածավալ արձան կառուցել։

Մինչ տարբեր պետական գերատեսչություններ, հասարակական ու քաղաքացիական կազմակերպություններ դիմում են ՀՀ ոստիկանություն՝ դադարեցնելու այդ տարածքում շինարարական աշխատանքները, Ծառուկյանին ջրագիծ անցկացնելու թույլտվություն է տրվում։ Երևի Ծառուկյանն է գյուղապետին ասել՝ տեր եմ, դուխով ստորագրի որոշումը, նա էլ արել է։ Իսկ Ծառուկյանը, ինչպես գիտեք, չնայած առյուծների մեծ սիրահար է, բայց սիրտն ամենևին էլ առյուծի չէ։ Հակառակը՝ Ծառուկյանին ճանաչողները կվկայեն, որ նա չի մտնի որևէ գործընթացի մեջ, եթե քաղաքական «դաբրո» չունենա։ Տեղի ունեցողը սրա վառ ապացույցն է։ Բոլորը դեմ են, բայց Ծառուկյանը սկսելու «դաբրո» ունի։ Բայց այստեղ մի բայց կա։ Նիկոլ Փաշինյանը կարող է «դաբրո» տալ ընդհուպ Ծառուկյանին՝ Խաչատուր Սուքիասյանի խնդրանքով կամ լոբբինգով, բայց նույն հաջողությամբ ամենավճռական պահին կարող է ասել՝ մենք ուզում էինք օգնել, աջակցել նախագծին, բայց հասարակությունը դեմ է։ Իսկ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ժողովուրդն է որոշում՝ ով, որտեղ, ինչ կառուցի։ Այ, էստեղ տուժողը կլինի Ծառուկյանը, շահողը՝ Փաշինյանը։ Իսկ Հատիսը հանգամանքների բերումով պարզապես կարող է փրկվել։ Շանս կա։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ