...

Հիմա էլ Փաշինյանն է ծիծաղում

Հիմա էլ Փաշինյանն է ծիծաղում

«2019-ի դեկտեմբերի 28-ին Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի գործողությունների հետ կապված հարուցվել է քրեական գործ, և ես իմացա, որ այդ գործով պատճառված վնասը փոխհատուցվել է: Դա նշանակում է, որ մարդիկ իրենց մեղքն ընդունել են: Ընդ որում՝ պետական հողերի ծիծաղելի գներով, ասենք՝ 290 մլն դրամանոց հողը 700 հազար դրամով վաճառելու մասին է խոսքը»,- 2020թ․ հունիսի 17-ին ԱԺ-ում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Ով իմանար, որ շատ ավելի ծիծաղելի գներով նույն բանը տեղի է ունենալու Նոր կամ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլն արձանագրում է տարբեր գործարքների մասին, որոնց շրջանակներում օտարված հողերի գները ոչ թե ծիծաղելի են, այլ լաց առաջացնող։ Այս անգամ էլ իշխանության, ինչպես նաև կոնկրետ Փաշինյանի հետ փոխկապակցված անձինք են «օտարողները»։ Օրինակները՝ ստորև։

Փաստ առաջին։ Վերջին շաբաթվա ընթացքում «Հետքը» պարզել է, որ «2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով»։

Ստացվում է՝ առաջ դա անում էր Ծառուկյանի խնամի Գուլոյանը՝ Ծառուկյանի կապերի հաշվին, հիմա դա անում է Ծառուկյանը՝ դարձյալ խնամու՝ Խաչատուր Սուքիասյանի կապերի հաշվին։ 

Փաստ երկրորդ։ «Վանաձորի նախկին քաղաքապետն ու եղբայրը 50 հազար դրամի դիմաց են վաճառել Մարց գետի վրա գործող հիդրոկայանը, որտեղ տնօրեն է դարձել Փաշինյանի եղբայրը»,- տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։ Ի դեպ, վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել։ Այս մասին էլ հայտնել է Փաստերի ստուգման հարթակը։ Փաշինյանի եղբայրը Հայաստան է վերադարձել 2018թ․-ի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանում և աշխատում լոգիստիկ ընկերությունում՝ որպես լոգիստիկայի գծով տնօրեն։ Արդեն 2021թ․-ի ապրիլին նա դարձել է միանգամից 3՝ «Գոու Թրեյդ», «Մինա Մայա», «Արգիշտի-2», իսկ 2022թ․-ի փետրվարին՝ «Միթ Ագրո» ՍՊԸ-ների տնօրեն։ 

Փաստ երրորդ։ Նիկոլ Փաշինյանի եղբայրը` Արտակ Փաշինյանը, 0,7 հա անտառային տարածք է վարձակալել Տավուշի մարզում և հանգստի գոտի է կառուցում։ Բանից պարզվում է, որ այս եղբայրն էլ 2020թ․ սեպտեմբերին Սևքարի անտառտնտեսության տարածքում երկու հողակտոր է վարձակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ից։ Տարածքներից մեկը 0,5 հա է, որի համար սահմանվել է 240.000 հազար դրամ տարեկան վարձավճար, երկրորդն ավելի փոքր է՝ 0,2 հա, որի համար Արտակ Փաշինյանը պետք է վճարի 103.200 դրամ։ Այս մասին հայտնել է «Հետքը», որն ուսումնասիրել էր նաև Հայաստանի անտառների վարձակալներին մինչև 2019թ․-ը և պարզել, որ մեծ մասը պաշտոնյաներ են, նրանց հետ փոխկապակցված անձինք կամ ընկերություններ և հանրությանը քիչ թե շատ հայտնի անհատներ։ Ի դեպ, 2020 թվականից հետո մինչ օրս անտառների վարձակալության 11 պայմանագիր է կնքվել, որից երկուսը՝ Արտակ Փաշինյանի հետ։

Ապագա կա, օտարման հողեր՝ ինչքան ուզենք։ Որոշել ենք լավատես լինել և ամեն վատ բանում մի դրական բան արձանագրել․ այս դեպքում, օրինակ, հողերն օտարվում են յուրայիններին, ոչ թե օտարներին։ Չէ՞ որ կարող էր հակառակն էլ լինել։

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ