...

Ինչպես ենք կորցրել Թալիշն ու Մատաղիսը

Ինչպես ենք կորցրել Թալիշն ու Մատաղիսը

Բարձրաստիճան սպա է կալանավորվել, ինչի մասին բավականին երկար հաղորդագրոթյուն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Կոչումով գնդապետ Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելու համար: 

Քննչական կոմիտեի երկար հաղորդագրոթյունը վերապատմենք։ Ուրեմն այս սպան 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ, կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ։ Եվ մինչ նա ու նրա հյուրերը զվարճանալիս են եղել, մարտական հերթապահություն իրականացնող հրամանատարներից վերջինս ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Բայց նա շարունակել է զվարճանալ, մարդը ժամանակ չի ունեցել մարտական պատրաստականության աստիճանի բերելու զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները։ Երևի գինովցած է եղել և անգամ անմիջական պետին չի զեկուցել, թե ինչ է կատարվում։ Ավելին, սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում էլ դարձյալ ոչինչ չի արել։ Եվ մինչ նա շարունակել է ոչինչ չանել, նույ օրը՝ արդեն մեկ ժամ անց, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով։ Այս ամենի հետևանքով մեր զորքը կրել է մեծ կորուստներ, հակառակորդը ճեղքել է մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, ապա մխրճվել է թիկունքային հատվածներ և շարունակել է զարգացնել հաջողությունը։ Եվ որպեսզի մերոնք շրջափակման մեջ չհայտնվեն, զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է։ Եվ մինչ գնդապետը տոնական խումհարն է հաղթահարել, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

Այսպիսի գործերով բաց դատավարություն չի լինի, այնպես որ շատ բաներ այդպես էլ չենք իմանա։ Այս պահին, հավատա՞նք Քննչական կոմիտեի այս հաղորդագրությանը, թե՞ ոչ՝ չենք կարող ասել։ Բոլոր դեպքերում այս գործը բավականին մեծ հնչեղություն կստանա, եթե գնդապետը, օրինակ, փորձի պաշտպանվել։  Մինչ այդ արձանագրենք՝ զինվորական էլիտան զվարճանալիս է եղել, հերթապահողները զեկուցել են, որ վտանգավոր շարժեր ու կուտակումներ կան, իսկ էլիտան շարունակել է քեֆը․․․ մինչև օյաղացել են, Թալիշն ու Մատաղիսը հակառակորդն արդեն գրաված է եղել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1133 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ