...

Իրանի հերթական զգուշացումը

Իրանի հերթական զգուշացումը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Ռագիմ Նոյե Եղդամը «ПолитЭксперт»-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է օրերս Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակված բանակցությունների ձայնագրությանը, որտեղ ապացուցվում է Սիրիայից ահաբեկիչներին Արցախը ուղարկելու փաստը:

«Եվ եթե Ադրբեջանը կամ Հայաստանը որոշեն օգտվել այդ ուժերից, Իրանն առաջինը կլինի, որ կգնա այդ գրոհայինների դեմ և կոչնչացնի նրանց: Մենք նույնպես ունենք տեղեկություն, որ «Իսլամական պետություն» խմբավորումից մարդկության թշնամիները մեկնում են Կովկաս, և դա սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Թող իմանան, որ մենք թույլ չենք տա նենգ ծրագրերի իրագործում»:

«ՉԻ». Հասկանալի է, որ թեպետ իրանցի բարձրաստիճան գեներալը արտաքին ուժերից օգտվելու հարցում հավասարության նշան է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը պարզապես դիվանագիտական ժեստ է, սակայն իր խոսքում ընդգծելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անունը՝ դրանով իսկ բոլոր փակագծերը բացում է, քանի որ իսլամական ահաբեկիչները միայն Ադրբեջանում կարող են լինել: Ըստ էության, սա հերթական զգուշացումն է Ադրբեջանին:

Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի ընթացքում, որտեղ որոշ ժամանակ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի աջակցությամբ բավական լուրջ հաջողությունների հասան և վերահսկում էին այդ երկրի տարածքի մեծ մասը, Սիրիայի կառավարությանը օգնության հասան ռուսական և իրանական ռազմական ուժերը, որոնց մի քանի ամիս հակաահաբեկչական պատերազմ վարելուց հետո շեշտակի հարված հասցրեցին «Իսլամական պետության» զինված խմբերին և Ասադի կառավարությանը այդ դժվարին պահին կարողացան թիկունք կանգնել: 

Իրանի կողմից այդ քայլերը պայմանավորված էին ոչ միայն և ոչ այնքան Ասադի իշխանությունը պահպանելու գործոնով, որքան իրենց երկրի անվտանգությունը ապահովելու, քանի որ Սիրիայում հաջողության հասնելու դեպքում ահաբեկչական խմբավորումների հաջորդ թիրախը միանշանակ լինելու էր Իրանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1017 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ