...

Իրանա-իսրայելական զարգացումներ Արցախի շուրջ

Իրանա-իսրայելական զարգացումներ Արցախի շուրջ

Մինչ Իսրայելը սիրով զենք է մատակարարում Ադրբեջանին ու Թուրքիային` Արցախի դեմ նրանց պատերազմում հանդես գալով որպես առևտրա-ռազմաքաղաքական պարտնյոր, մինչ Իսրայելի հետախուզական ԱԹՍ-ն այդ պատերազմում հանկարծ անցնում է ԻԻՀ սահմանը և կործանվում այնտեղ, ԻԻՀ Հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ զրահավոր տեխնիկա է ուղարկում Իրանի հյուսիսային սահմաններ` պաշտպանելու երկրի անվտանգությունը: Ապա` մամլո տեղեկատվության մեջ ավելացնելով մի բաժին` հետին նպատակներ հետապնդող` ընդդիմադիր մամուլը հայտարարել է, որ դրանք Հայաստանին օգնելու նպատակով են տեղափոխվում, իրանական յուրահատուկ պարզ ակնարկ է արել։ Ժխտելով` հաստատել է:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիին էլ հայտարարել է, թե ոչ մի ահաբեկիչ չպետք է ոտք դնի այս տարածաշրջան. Թեհրանն աջակցում է յուրաքանչյուր նախաձեռնության, որը կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի դադարեցմանը, նա հստակ ասել է. «Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, որ երկրի կողմից էլ որ կազմակերպվի, սպառնալու է հենց այդ երկրի շահերին»:

Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ և նվազեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը: Իրանը տարածաշրջանի եզակի երկրներից է, որ լավ հարաբերություններ ունի հակամարտող երկու կողմերի հետ, Ռաբիին նշել է. Իրանը հակամարտող կողմերին կոչ է անում հարգելով միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը, նստել բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ հրադադարի ռեժիմը խախտելուց:
Նա ցավ է հայտնել խաղաղ բնակիչների սպանվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:

Մեկ այլ իրանցի, վելուծաբան Սեյեդ Ալի Ղաեմմաղամին գրել է. «Նրանք պետք է հասկանան, որ Իրանը թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը և ոչ մի ահաբեկիչ Իրանի սահմանների մոտ չպետք է լինի։ Եվ որ հակառակ դեպքում Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունը ահաբեկիչներից, նաև իր սահմաններից այն կողմ: Իրանը հետևում է իր հյուսիս-արևելյան սահմանների մերձակայքում ահաբեկիչների տեղաշարժերին, քանի որ ահաբեկիչների՝ Իրան մուտք գործելը կխաթարի մեր երկրի անվտանգությունը»։ Ապա վերլուծաբանը հավելել է. «Իսրայելը ղարաբաղյան պատերազմում նպատակ ունի հարվածել Իրանի շահերին։ Այսօր Թել Ավիվը թափանցել է Ադրբեջանի իշխանություն և մատակարարում է Բաքվի զենքի 60 տոկոսը։ Բաքուն խորապես կախված է Թել Ավիվից և վերածվել է Կովկասում Իսրայելի հենակետի, ինչն անընդունելի է Իրանի համար»:

Միաժամանակ գիտեք` հիշեցնում ենք, որ Իսրայելի գերագույն դատարանը` հանցագործության ապացույցների բացակայության, կամ անբավարարության պատճառաբանմամբ մերժել է տեղի մի ՀԿ-ի հայցը` արգելելու իսրայելական զինամթերքի ու զենքի վաճառքը Թուրքիային ու Ադրբեջանին: Իսկ Իսրայելի մշակույթի և հասարակական տասնյակ գործիչներ հրապարակավ դատապարտում են երկրի այսպիսի քաղաքականությունը:
Իրանցի ՖԲ-ակտվիստ Ամիր Սալիմին գրել է. բարև ձեզ հայրենասեր մարդիկ։ Ասեմ, որ իմ մայրը իրանցի ազերի է, և ես իրանցի եմ։ Իմացեք, որ պանթուրքիստները գերեզման կտանեն իրենց երազանքները հայերին ոչնչացնելու վերաբերյալ։ Հայերը միշտ Իրանում ու Իրանի կողքին են եղել։ Պատմության ընթացքում նրանք պատերազմել են մոնղոլների, թուրքերի ու վայրի ցեղերի դեմ։ Մենակ չենք թողնի մեր հայ եղբայրներին ու քույրերին։

Իրանական Էնթեխաբ օրաթերթը գրում է. Ադրբեջանը հայերի դեմ պատերազմի է ուղարկում ազգային փոքրամասնություններին, որպեսզի նրանց ֆիզիկապես ոչնչացնի. փաստերը վկայում են, որ Ադրբեջանի բանակի զինվորների 50%-ը թալիշներ, թաթեր և լեզգիներ են։ Թերթը ավելացնում է, որ ըստ թալիշների ազատագրական շարժման ղեկավարների՝ հայերը տիրապետում են իրավիճակին և բազմահազար են Ադրբեջանի բանակի սպանվածները։

Իսրայելում, ի դեպ, առհասարակ հսկայական է զայրույթն ընդդեմ առկա կառավարության առհասարակ բոլոր տապալումների, ի մասնավորի` Քովիդ-19-ի դեմ տապալված պայքարի: Կառավարությունը հենց կորոնավիրուսի պատճառաբանմամբ է շարունակում արգելել մարդկանց հրապարակային հավաքները և էլ ավելի խտացնում հանրության ցասման կուտակումն իր դեմ: Արցախի պատերազմի հարցը հերթական ու հավելյալ առիթն է կառավարության քաղաքականության քննադատման, մանավանդ որ իրապես խորն է հասարակության կիրթ խավերի հակակրանքը Թուրքիայի բռնապետ Էրդողանի անձի ու քաղաքականության, Իսրայելի տարածքի հանդեպ հավակնությունների ու անտիսեմիտական հայտարարությունների հանդեպ:

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Բահման Սադեղինին։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ռազմական գործողությունների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաև հակամարտությունում երրորդ կողմի և վարձկան ահաբեկիչների ներգրավվածության ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից։
Ակնհայտ է, որ Իսրայելի մասնակցությունն ավելի անկաշկանդ է ու ագրեսիվ, իսկ Իրանը, գոնե առերևույթ, նոր է ավելի ակտիվանալու քայլեր նախաձեռնում` էապես կաշկանդված լինելով թե միջազգային սահմանափակումների, թե իր ներքին` մասնավորապես ազգային-էթնիկական խնդիրների առումով:

Միաժամանակ` Թուրքիայի կողմից սուննի դավանանքի հետևորդ ահաբեկիչների անընդհատ տեղափոխումը ռազմի դաշտ, ՌԴ ակտիվացումը այս պատերազմում և Իսրայելի տգեղ մասնակցության քննադատումը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, հայերի հանդեպ առանց այդ էլ առկա սովորութային համակրանքը, գոնե մամուլով և առերևույթ, էապես հօգուտ հայերի և ի վնաս Ալիևի են ծանրացրել նժարը: 

Հակատեռորիստական միացյալ հայ-ռուս-իրանական կենտրոն ստեղծելու Արայիկ Հարությունյանի առաջարկը, կարծում ենք, նույնպես լավ հիմք է հակաթուրքական կոալիցիայի ձևավորումն արագացնելու համար:

Հակոբ Գրիգորյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ