...

Իշխանության քաղաքական կարճատեսությունը

Իշխանության քաղաքական կարճատեսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի։ Նա չի մանրամասնել, թե ինչ քայլերով պետք է տեղի ունենա հանգուցալուծումը։ Տպավորութուն է, որ իշխանական թիմը գոնե այս պահին նման հստակ քայլեր չունի։ Թերևս հենց քայլերի բացակայությունն է վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող մանկապատանեկան փոխհրաձգությունների պատճառը, որին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, Հրայր Թովմասյանը, Արթուր Վանեցանը, Ալեն Սիմոնյանը։

Իշխանությունն արդեն 1,5 տարի է, ինչ չի կարողանում լուծել Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը։ Առավել հստակ լինելու համար կարելի է օգտագործել նաև ՍԴ-ի բռնազավթման արտահայտությունը, քանզի հայտնի է, թե Հրայր Թովմասյանն ու ՀՀԿ-ի քաղաքական թևը ինչպիսի աճպարարություններով ու շուլերությամբ, ինչու չէ, նաև փաստաթղթային կեղծիքներով են տիրացել Սահմանադրական դատարանի նախագահի աթոռին։ Ընդ որում, Հրայր Թովմասյանը տիրացել է այդ աթոռին շատ երկար ժամանակով նստելու կարգավիճակով, որը հակասության մեջ է ինչպես գործող Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ու քաղաքական փոփոխությունների բովանդակությանը։

Խորհրդարանի մեծամասնությունը երկու անգամ փորձեց լուծել Սահմանադրական դատարանի թնջուկի հարցը։ Առաջին անգամ ՍԴ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումով, որը Սահմանադրական դատարանի անդամներն ուղղակիորեն անտեսեցին՝ անգամ հարկ չհամարելով քննության առնել հարցը։ Երկրորդ անգամ՝ խորհրդարանոմ օրենք ընդունելով Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի անցնելու մասին, որը, ըստ ամենայնի, նորից անտեսվում է։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնած այդ փորձերը շատ թույլ քայլեր են ու անհաջողության են մատնվելու։ Այդ մասին զգուշացնում էին շատ փորձագետներ ու իրավաբաններ։ Սակայն իշխանության իրավաբանական թիմը՝ երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած, համառորեն անտեսում էր այդ զգուշացումները և խնդիրը տանում անխուսափելի տապալման։ Խնդիրը միայն զուտ տապալումը չէ, այլ վիճակի անհարկի ձգձգումն ու տևականությունը, որը բնականաբար քաղաքական շահարկումների պատճառ պետք է դառնար, ու դարձավ՝ Սահմանադրական դատարանի նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին հեքիաթասացությամբ։

Խելացի մարդիկ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ասում էին, թե պետք է շատ արագ լուծել Սահմանադրական դատարանի հարցը՝ օգտագործելով հեղափոխության տրամաբանությունից բխող գործիքներ։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո խնդիրը լուծելու իրավական ու քաղաքական հստակ ճանապարհներ առաջարկեց նաև Վահե Գրիգորյանը։ Սակայն իշխանության ապաշնորհ իրավանական թիմը անտեսեց բոլոր առաջարկները և գնաց ամենավատ ու անհեռանկար ճանապարհներով։ Տպավորություն է, որ հատուկ են այդպես անում։

Մանկապատանեկան փոխհրաձգություններ սերիաներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե հեղափոխությունից հետո որոշ գործիչներ ու փորձագետներ իրեն ասում էին Սահմանադրական դատարանի խնդրի և դրա շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին, սակայն ինքն այդ ամիսներին երկրի առաջ ծառացած քաղաքական ու տնտեսական կարևորագույն խնդիրների ու առաջնահերթությունների շարքում անտեսել էր այդ հարցը։ Այսինքն՝ այդ հարցը առաջնահերթություն չէր համարել ու թողել էր հետագային։ Ու շատ իզուր, քանի որ Սահմանադրական դատարանի հարցն իր կարևորությամբ առաջնահերթությունների առնվազն առաջին հնգյակում պետք է լիներ, քանի որ, ինչպես երևաց, գործող կազմով ու նախագահով Սահմանադրական դատարանը ական է հեղափոխության ու քաղաքական բարեփոխումների տակ։ 

Այդ անտեսումը խոսում է իշխանության քաղաքական կարճատեսության ու թույլ հոտառության մասին։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ