...

Ժողովրդի ձայն աշխատելու համար կարևորը ձայնն է, դիպլոմը ո՞րն է

Ժողովրդի ձայն աշխատելու համար կարևորը ձայնն է, դիպլոմը ո՞րն է

«Դպրոցն ավարտել եմ 1992թ., երբ մեր երկրում բարդ իրավիճակ էր, ինչն էլ ինձ խոչընդոտեց ուսումս շարունակելուն։ Այդ ժամանակահատվածում ինձ համար խիստ անհրաժեշտ էր աշխատելը։ ԱԺ պատգամավորը ժողովրդի ձայնն է օրենսդիր մարմնում, հետևաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում ԱԺ պատգամավորի բարձրագույն կրթություն ունենալու կամ չունենալու մեջ, հատկապես, որ օրենքում ևս չկա պարտադիր նորմ` բարձրագույն կրթության վերաբերյալ»,- «Aravot.am»-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանը՝ անդրադառնալով բարձրագույն կրթություն չունենալուն, բայց պատգամավոր դառնալուն: Հիշեցնենք, որ ՔՊ-ական Անուշ Բեղլոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո Գայանե Եղիազարյանն է ստանալու պատգամավորի մանդատ: 

Այո, օրենքի տեսանկյունից իսկապես խնդիր չկա, բայց առանց բարձրագույն կրթության պատգամավոր դառնալու փաստը շատերին է ստիպել արտահայտվել։ Մի մասն արդարացիորեն փաստում է, որ բարձրագույն կրթություն ունեցողներն ԱԺ-ում առանձնապես չեն փայլում իրենց գիտելիքներով, հնարավոր է, դեռ մի բան էլ մտքից ավելի թոփալ են, քան բարձրագույն կրթություն չստացածները։ Մյուս մասը խճճվել է նախկինի ու ներկայի հատման խաչմերուկում։ Օրինակ՝ հիշատակում են Շմայսին, Լիսկային, գեներալ Սեյրանին, կարմիր դիպլոմով «գռուզչիկ» աշխատած մնացյալներին, որոնք նախկինում եղել են ԱԺ պատգամավորներ, ունեցել են բարձրագույն կրթությունը հաստատող մի շարք դիպլոմներ՝ տրված Հայաստանի և անգամ այլ երկրների բուհերից։ Եվ ահա այս ֆոնին առաջարկում են գնահատել մարդու ազնվությունը, որ չի կեղծել իր կենսագրությունը։ Այս մոտեցումներից և որևէ մեկը ընդունելու համար առնվազն պետք է անկեղծորեն պատասխանել հետևյալ հարցադրումներին՝ ի վերջո ե՞րբ ենք տարբերակելու դիպլոմ ստացածներին իսկապես կրթություն ստացածներից։ ԱԺ-ում հանգրվանած բազմաթիվ պատգամավորներ դիպլոմ են ստացել պարզապես այն ունենալու համար, և նրանք այս պահին որևէ առավելություն չունեն նորահայտ պատգամավորի նկատմամբ։ Ինչ վերաբերում է նախկինների օրոք ի ծնե կրթությունը մերժածներին, բայց կարմիր դիպլոմով մագիստրոսներ հռչակվածներին, ապա հեղափոխությունն արվել է հենց այսպիսիների մուտքը պետական-քաղաքական համակարգ թույլ չտալու համար։ Այնպես որ այդ համեմատություններն առնվազն տեղին չեն, որովհետև դրանք ինքնին կասկածի տակ են դնում հեղափոխության գաղափարն ու բովանդակությունը։ Հետևաբար մնում է հորդորել տիկնոջը՝ ժողովրդի ձայնը լինելուն զուգահեռ մտածել ուսումը շարունակելու մասին։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ