...

Կարդացեք Չարենց. Իմ լերան աղոթքը

Կարդացեք Չարենց. Իմ լերան աղոթքը

ԵՎ ԴՈՒ, ՈՎ ԻՄ ՏԵՐ, ՈՐ՝ ՉՆԱՅԱԾ ԱՆՎԵՐՋ
ԱՆՀԱՏՆԵԼԻ, ՆՈՐԱՆՈՐ, ՈՐՈՄԱՅԻՆ ՁԻՐՔՈՎ՝
ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԿԵՆՍՈՒՆԱԿ, ԻՆՉՊԵՍ ԱՆՀՈՒՆ ՁԵՌՔՈՎ
ԱՂԵՏԱԼԻ ԲԵՂՄՆՈՒԹՅԱՄԲ ՑԱՆՎԱԾ ՈՐՈՄ ԱՆԿԵԶ,

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԱՐԱՏ ԲՈՂԲՈՋԻ ԿՈՂՔԻՆ,
ԱՀ, ՈՐՊԻՍԻ ԱՄԵՀԻ, ԱՆՄԱՐԵԼԻ ԽԱՆԴՈՎ
ՀՌԸՆԴՈՒՄ ԵՆ, ԲԱԶՄԱՆՈՒՄ ՈՒ ԲԱԶՄԱՆՈՒՄ ԱՆԹԻՎ
ԻՐԱՐԱՄԵՐԺ ՍԱՂՄԵՐՆ ԱՅՍ ՍԵՎ - ԴԺՆԻ ԴԺՈԽՔԻ...

ԵՎ ԱՅՆ ԳԻՏԵՍ, ՈՎ ՏԵՐ, ԴՈՒ, ՈՐ ՈՐՈՄՆ ԱՆՑԱՆ՝
ՍԱՂՄՆ ԱՆՄՇԱԿ ԱՅԴ ՍԵՐՄԻ՝ ՀՐԻ ՊԵՍ ԼԱՓՈՂ,-
ԻՆՉՊԵՍ ՄՈՐԵԽ ԻՆՔՆԱԿԵՐ՝ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԹԱՓՈՎ
ԲԱԶՄԱՆԱԼՈՎ, ԼԱՓԵԼՈՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՆԾԱՅՐ,

ԱՆԽԶԵԼԻ ՏՔՆՈՒԹՅԱՄԲ՝ ՀԵՐԿՈՒՄ ՄԻԵՎՆՈՒՅՆ՝
ԱՄԵՆՕՐՅԱ, ՏՎՆՋՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՑԱՆԱԾ
ԲԵՐՔՆ ԱՆԱՂԱՐՏ,- ԽԺՌԵԼՈՎ ԴԵՌ ՆՈՐԸՆԾԱ ԿԱՆԱՉ,
ԱՆԳԱՄ ԱՐՄԱՏ ՁԳԱԾ ՊԻՐԿ ՇՅՈՒՂԵՐ ԻՆՔՆԱՀՈՒՆ,-

ՀՐԿԻԶԵԼՈՎ, ԽԱՆՁԵԼՈՎ, ԻԲՐ ԱՆԽՈՐՀՈՒՐԴ ՀՐԴԵՀ-
ՀԱԶԱՐԱՄՅԱ ՄԵՐ ՑԱՆԻ ԲԵՐՔՆ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՆԱՉ,-
ՀՐԿԻԶԵԼՈՎ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԵՐԳՆ ԱՅՍՕՐՎԱ ԱՆՀԱՍ,
ՈՂՋ ԿԵՆՍԱԲԱՂՁ ՄԻ ՍԵՐՈՒՆԴ՝ ՍԵԶ ՆՈՐԱԾԻԼ ԻԲՐԵՎ՝ ԴԵՌ,-

ՄԻԵՎՆՈ՜ՒՅՆՆ Է, Ո՜Վ ՏԵՐ, ՀԱՆՃԱՐԱՎՈՐ ԱՆՄԱՀ,
Ո՜Վ ԻՆՁ ԽՈՐՀՈՒՐԴ ՊԱՐԳԵՎՈՂ ԵՎ ԱՆԽՈՐՏԱԿ ՈԳԻ,-
ԶՐԱՀԱՎՈՐ ՔՈ ՏՎԱԾ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՄԲ՝ ԳԻՏԵՄ,
ՈՐ՝ ԻՆՉՊԵՍ ԲՈՑ ԻՆՔՆԱՉԱՓ՝ ԸՆԴԵՐՔՆԵՐԻՆ ԱՆՄԱՍ,-

ԻՆՉՊԵՍ ԵՐԵԿ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ՉԳՏՆԵԼՈՎ ՇՈՒՐՋՆ ԻՐԵՆՑ
ՀԵՇՏ, ԴՅՈՒՐԱԿԵԶ ՈՉ ՄԻ ՇՅՈՒՂ ԱՅԼԵՎՍ ԿԵՆԴԱՆԻ, —
ԼԱՓԼԻԶԵԼՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ԽԱՆԴՈՎ
ԵՎ ՄՈԽՐԱՑԱԾ՝ ՀՈՂՆ ՀԱՅՐԵՆԻ:

1937 թ., մարտ

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ