...

Ինչպես վարվել կոռուպցիոներ Տիգրան Սարգսյանի հետ

Ինչպես վարվել կոռուպցիոներ Տիգրան Սարգսյանի հետ

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի պաշտոնական այցը Հայաստան, որը պատմության մեջ առաջինն էր Խաղաղ և Հնդկական օվկիանոսները միացնող նեղուցում ռազմավարական դիրքում գտնվող այդ պետության ղեկավարի համար, ինքնին նշանակալից հաջողություն էր Հայաստանի նոր իշխանությունների համար։ Իսկ եթե դրան գումարենք այն, որ Հայաստանի նախագահության ներքո աշխարհում մեկ շնչին ընկած ՀՆԱ-ով  երկրորդ տեղը զբաղեցնող և ֆինանսապես ամենազարգացած երկրներից մեկը  Երևանում Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրում է ազատ առևտրի պայմանագիր, ապա պատկերը ավելի տպավորիչ կդառնա։ Սրանով սակայն պաշտոնական Երևանի հաջողությունները չեն ավարտվում։ Գագաթնաժողովին դիտորդի կարգավիճակով միացավ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։ Տեղի ունեցավ նաև ավելի տպավորիչ մի բան՝ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցեց Հասան Ռուհանին, որի ղեկավարած Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշել է մի քանի ոլորտում ազատ առևտրի եռամյա շրջանակային պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ։

Իհարկե, Սինգապուրի միանալը ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտուն անմիջական զգալի տնտեսական արդյունքներ չի տա ԵԱՏՄ երկրներին, թեկուզ և այն պարզ պատճառով, որ Սինգապուրը, ըստ էության, երբեք պրոտեկցիոնիզմով չի տառապել և, բացի ալկոհոլից և ծխախոտից, ներմուծվող ապրանքների նկատմամբ տարիֆներ չի կիրառել, հետևաբար մեր արտահանողների համար առանձնապես տարբերություն չի լինի։ Բայց զուտ ԵԱՏՄ-ի հեղինակությունը և ներդրումային գրավչությունը բարձրացնելու առումով սա լուրջ հաջողություն է, որի դափնիների մեծ մասը պատկանում է Նիկոլ Փաշինյանին։

Ճիշտ է, Սինգապուրի հետ ԵԱՏՄ-ի բանակցությունները սկսվել էին դեռ երկու տարի առաջ, այսինքն՝ Փաշինյանին իշխանության բերած հեղափոխությունից առաջ, և այսպես թե այնպես մի օր հասնելու էին հաջողության, քանի որ վերջին տարիներին Սինգապուրի տնտեսության զարգացումը անցյալի դինամիզմը չունի, և այդ երկրի արտահանողների համար շատ կարևոր էր մուտք ստանալ դեպի նոր մեծ շուկաներ։ Միաժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային գովաբանություններից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ լուրջ ջանքեր է թափել այդ գործընթացը արագացնելու և հոկտեմբերի 1-ին Երևանում վերջնական ստորագրման նախապատրաստելու ուղղությամբ։ Հուլիսի սկզբին նա պաշտոնական այցով մեկնեց Վիետնամ, որն արդեն միացել էր ԵԱՏՄ ազատ առևտրի գոտուն, այնուհետև Սինգապուր, այնտեղ տարավ համապատասխան բանակցություններ, իսկ հետո, ինչպես, Լուկաշենկոյի խոսքերից պարզ դարձավ, դիմեց ԵԱՏՄ-ի ղեկավարներին՝ տեխնիկական խնդիրների լուծումն արագացնելու խնդրանքով։ 

Նիկոլ Փաշինյանին նման կարևոր դերակատարություն ստանձնելուն օգնեց այն հանգամանքը, որ Հայաստանն այսօր նախագահում է ԵԱՏՄ-ում։ Բնականաբար, այստեղ դեր խաղաց նաև Տիգրան Սարգսյանի գործունեությունը  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում. Հայաստանի վարչապետի հետ առանց նրա ջանքերի և համագործակցության, ոչինչ չէր ստացվի։ Այստեղ է, որ բախվում ենք մի կարևոր խնդրի հետ, որի լուծումը դեռ առջևում է։

Բոլորս հիշում եք Տիգրան Սարգսյանի դերը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կոռումպացված կառավարման մեջ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ նա այդ բրգաձև կոռումպացված համակարգի ստեղծողներից և գլխավոր պարագլուխներից մեկն էր։

Բոլորիս հիշողության մեջ է նաև նրա անվան հետ կապված կիպրոսյան օֆշորային սկանդալը։ Համաձայն «Հետք» հետաքննական թերթի հրապարակմանը, Տիգրան Սարգսյանը Կիպրոսում ապօրինաբար գրանցել էր  «Wlispera Holdings Limited» ընկերությունը, ապա նրա, ինչպես նաև այդ ընկերության հիմնադրած մեկ այլ՝ «A.B.S. Global Limited» ընկերության հաշիվներին ստացել մոտ երկու միլիոն ԱՄՆ դոլարի կաշառք։

Երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, ի թիվս կոռուպցիոն այլ թնջուկների, պետք է լուծի նաև այս մեկը։ Քանի որ ՀՔԾ-ից այս առումով դեռ ոչինչ չենք լսել, կուզեինք նախևառաջ հենց իրենցից իմանալ, թե ինչ հանգրվանի է հասել այս գործը։ Բնականաբար, հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կանգնած է բավական  բարդ երկընտրանքի առջև։ Նա մեկ անգամ արդեն անփորձության պատճառով խնդիրներ ստեղծեց Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ գործընկերների հետ Մարտի 1-ի գործով անցնող Խաչատուրովին ձերբակալելու պատճառով։ Հասկանալի է, որ պետական իմաստնությունը պահանջում է, որ նույն սխալը չկրկնվի Տիգրան Սարգսյանի դեպքում, հատկապես հաշվի առնելով այն հրաշալի զարգացումները և հաջողությունները, որոնք տեղի ունեցան ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության օրոք նաև Տիգրան Սարգսյանի գրագետ աշխատանքի և ջանքերի շնորհիվ։ 

Միաժամանակ գրագիտությունը և արդյունավետ աշխատանքը դեռ ոչ մեկին ինդուլգենցիա չեն տվել ապօրինի հարստացման մեղադրանքներից ազատվելու համար։ 2020 թվականի փետրվարին ավարտվելու է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում։ Դրանից հետո հայաստանյան հասարակությունը իրավունք ունի սպառիչ պատասխաններ ստանալու Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Այլապես հեղափոխական նոր իշխանությունների վստահությանը ծանրագույն հարված հասցված կլինի։

Գաբրիել Թորգոմյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 4-ը հոկտեմբերի

Նյութը հասանելի է ռուսերեն և անգլերեն

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ