...

Կղանքի և զուգարանի արանքում

Կղանքի և զուգարանի արանքում

Մեր հասարակության հետ ակնհայտորեն ինչ-որ բան է կատարվում։ Մեկ օրվա մեջ երկու հրապարակումներ եղան, որոնք, մեղմ ասած, տարակուսանք կարող են առաջացնել ցանկացած նորմալ մարդու մոտ։ Առաջինն այն մասին է, որ մի հայ երեխայի, որի հայրը պակիստանցի է և որը հաճախում է Երևանի մանկապարտեզներից մեկը, խոշտանգել ու նվաստացրել են։ «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Ըստ նույն աղբյուրի՝ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: Երկրորդ ինֆորմացիան այն մասին է, որ Հայաստանի զորամասերից մեկում, որը տեղակայված է Կապանում, զորակոչիկները ծեծել ու նվաստացրել են երկու եզդի նորակոչիկների՝ նրանց ստիպելով զուգարան մաքրել։ ՊՆ շենքի մոտ բողոքող եզդի ծնողները փաստել են, որ տղաներից մեկը փախել է զորամասից և նրան չեն կարողանում գտնել, իսկ երկրորդին այնքան են ծեծել, որ ծնողները գնացել են՝ տեղում հասկանալու վիճակը։ Եզդի Վլեյի ծնողները ՊՆ-ից պահանջում են գտնել իրենց զավակին ու վերադարձնել։ ՊՆ-ը դեռևս չի արձագանքել, իսկ Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Առաջին դեպքի մասով ասելիք չկա։ Եթե իսկապես պարզվի, որ նման բան է տեղի ունեցել, ապա ցմահ բանտարկությունն էլ քիչ կլինի սրանց համար։ Վստահաբար, եթե նմանօրինակ դեպք գրանցվեր եվրոպական որևէ երկրում կամ ԱՄՆ-ում, հասարակությունն անտարբեր չէր մնա։ Ինֆորմացիայի հրապարակմանը կհետևեին բողոքի ակցիաներ՝ պատժել մեղավորներին օրենքի ողջ խստությամբ, իսկ պետությունն էլ իր հերթին առաջին բանը որ կաներ՝ կզրկեր տվյալ կառույցին համապատասխան գործունեություն ծավալելու լիցենզիայից։ Հնարավոր է, որ այդ կառույցի տնօրենին այլևս երբեք մոտ չթողնեին որևէ կրթական հաստատության։ Բայց հայ հասարակությունը մի տեսակ անհաղորդ է նման դեպքերին։ Այդ պահին կարդում, զայրանում, անիծում ու հայհոյում է, հետո անցնում է առաջ, որովհետև կատարվածը իր երեխայից շատ հեռու է։ Ամիսներ առաջ ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Երևանի հերթական մանկապարտեզում դայակը ծեծում էր երեխային, վախեցնում նրան, վիրավորում անպարկեշտ բառերով ու արտահայտություններով։ Տվյալ երեխայի ծնողը բողոքեց, ռեպորտաժներ եղան, հետո տնօրենը փաստաբան վարձեց, որն ասաց, թե իրենց հեղինակությունն էլ է տուժել և իրենք էլ շահառու են, որ ամեն բան պարզվի։ Ու վերջ։ Թեման այսքանով գոնե հանրային օրակարգում փակվեց։ 

Ինչ վերաբերում է զինվոր «փչացնելուն», ապա կարծում էինք, թե պատերազմից հետո գոնե նման երևույթների այլևս ականատես չենք լինի։ Մինչդեռ փաստ է, որ նման բան է եղել, և ծնողների դիտարկմամբ՝ երկու եզդիներն են թիրախավորվել զորամասում։ Առաջին դեպքում երեխայի հետ այդպես են վարվել, որովհետև հայրը պակիստանցի է, երկրորդ դեպքում՝ թիրախը եզդիներն են։ Ժամանակն է վերջապես խոստովանելու ազգային դիմագծի մեր առանձնահատկությունները, «հայու գենի» այն որակները, որոնք շատ ուղղակի կապ ունեն այսօրվա իրավիճակի հետ։ Թե չէ հպարտանում ենք, որ միատարր ազգ ենք, խառնամուսնությունների ջատագով չենք, և ամենակարևորը՝ առաջին քրիստոնյա ազգն ենք աշխարհում։ 

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ