...

Կոմպլեմենտար ավանտյուրիզմ

Կոմպլեմենտար ավանտյուրիզմ

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԻՄԱՑՅԱԼ

Արյունով ազատագրված տարածքները չի կարելի առանց արյան վերադարձնել: Սա կարելի է համարել մեր արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսը: Եթե, իհարկե, համարենք, որ մենք արտաքին քաղաքականություն ունենք:

Արտաքին քաղաքականությունը չգիտեմ, բայց արտգործնախարար հաստատ ունենք: Ադրբեջանի արտգործնախարարից լավ է անգլերեն խոսում: Մի երկու օր առաջ էլ «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է, թե չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանին: Այ այսպես: Կարճ ու կոնկրետ: Էլ ի~նչ էին իզուր գլուխ ջարդում զանազան նախկին իշխանություններ, համանախագահներ, միջազգային հանրություն... զուր չեն ասել՝ «հայի վերջին խելք»:

Հոգեկան հիվանդության մի աստիճան կա, որից հետո հոգեբույժները պացիենտին այլևս չեն հակաճառում: Ձևացնում են, թե լուրջ են ընդունում նրա ասածները, հարմար պահը որսում են և... զսպաշապիկ հագցնում: Թող տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք, որ Ղարաբաղը վերամիավորվի Հայաստանին: Կողմ ենք: Բայց ներկա պայմաններում նման «ազգային-ազատագրական» հայտարարությունն ուղղակիորեն նշանակում է պատերազմ: Իսկ մենք (ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ) դեմ ենք պատերազմին: Սա շատ լավ էին հասկանում նաև նախկին իշխանությունները, դրա համար էլ չէին հայտարարում, թե Ղարաբաղը վերամիավորվելու է Հայաստանին: Չէին հայտարարում նույնիսկ այն ժամանակ, երբ ադրբեջանական բանակը գլխովին ջախջախված էր ու բարոյալքված, իսկ Հայաստանի տնտեսությունը դինամիկ զարգացում էր ապրում: Պատճառն այն չէր, որ նախկինները պակաս հայրենասեր էին: Պարզապես գիտեին, որ դա նշանակում է նոր պատերազմ:

Հիմա նույնպես իշխանությունները հասկանում են սա: Եվ գիտակցաբար երկիրը տանում են պատերազմի: Ինչո՞ւ: Հիշեք լոզունգը. «արյունով ազատագրված տարածքները չի կարելի առանց արյան վերադարձնել»: Պետք է վերադարձնել արյունով: Հոգ չէ, որ մի 15-20 հազար զոհ կտանք: Կարևորը սկզբունքն է: Հանուն սկզբունքի Կոպեռնիկոսն իր կյանքը զոհեց, մեր իշխանավորները չե՞ն կարող ուրիշների կյանքը զոհել: Մանավանդ՝ դրական հետևանքներն ակնհայտ են լինելու. Ռոբերտ Քոչարյանը «Պապլավոկ» կգնա կամուֆլյաժով, ազգային մշակույթը աննախադեպ զարթոնք կապրի (Սիլվա Կապուտիկյանը Մոսկվայում նոր պոեմ կգրի 21-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, Զորի Բալայանը Մոսկվայում հուշեր կգրի այն մասին, թե ինչպես 1992-94թթ. էներգետիկ տեռորի պատճառով 2001 թվականին տանկերը սալյարկա չունեին)... Մի խոսքով՝ մենք նորից կդառնանք համաշխարհային ազգ:

Անձամբ ես առաջինը կմեկնեմ ռազմաճակատ: Միայն մի պայմանով՝ որ ծառայեմ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ նույն գումարտակում:

Հրայր Ավետիսյան

զինգրքույկի համարը՝ ԴՎ 06118247

«Չորրորդ իշխանություն», թիվ 302, նոյեմբերի 23, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   546 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ