...

Կորոնավիրուսի երազը

Կորոնավիրուսի երազը

Ինքը պաշտոնական այցով արդեն Հայաստանում է: «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր դիմավորելուց հետո իրեն և մոտ 30 հոգանոց շքախմբին՝ վարորդով, ընտանիքով, հարևանով, տանում են Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոց և տեղավորում «Գոլդեն Փելեսի» լյուքս համարում:

«Այ, երկիր եմ ասել, ինչպիսի՜ պետական մոտեցում, ի՜նչ շքեղ ընդունելություն»,- մտածում է ինքը,- «բա չէ, Ադրբեջանի նման, տարել, գցել էին 2 աստղանի գոմ, ոչ նորմալ սնունդ էին տալիս, ոչ օճառ ունեին, Չինաստանում 10 օր սաղ երկրով պտտեցրին, հոգնացրին, հետո ասին՝ դավայ, հաջող, թո՜ւ»:

Հաջորդ օրը սկսվում են պաշտոնական հանդիպումները: Առաջինը վարչապետի հետ պիտի հանդիպի: Բայց իր պրոտոկոլի շեֆը զգուշացնում է, որ վարչապետից հեռու մնա, հնարավորինս զերծ մնա ակտիվ շփումներից, թե չէ Արսեն Թորոսյանին կկանչի, լուրջ խնդիրներ կունենա: Որոշում են վարչապետի հետ լայվով բանակցություններ վարել:

Հաջորդը ներս է մտնում Հայկ Ալումյանը: «Պետք է հայտնեմ ձեզ, որ այսօր Հայաստանում ընդդիմության նկատմամբ իսկական տեռոր է իրականացվում: Մեր հույսը դուք եք. շատ եմ խնդրում, մի հատ հանդիպեք Ռոբերտ Քոչարյանին, որ իրեն առողջական խնդիրներ ունենալու հիմքով ազատ արձակելու միջնորդություն ներկայացնեմ դատարանին»:

«Մի րոպե, դա էն մարդը չի՞, որ Աֆրիկա էր գնացել»,- հարցնում է ինքը: «Հա, ինքն էր, ինչի՞»,- հարցնում է Ալումյանը: «Բա ընկեր ջան, գնաց Աֆրիկա, վիրուս գցեց, ինչքան առյուծ, փիղ կար, սաղ սատկեցին: Ես նրա հետ հանդիպեմ, մեկ էլ ինձ հիվանդացնի՞: Չէ, շառից փորձանքից հեռու»:

Հաջորդը Հրայր Թովմասյանն է գալիս. «Մեզ համար մեծ պատիվ է ձեր այցը Հայաստան: Ձեր մասին վերջին շրջանում շատ էինք խոսում: Հիացած ենք ձեր գործունեությամբ: Եվ պետք է ընդգծեմ, որ ձեր այցը քաղաքական առումով շատ կարևոր և տեղին էր մեզ համար: Պետք է խնդրեմ, որ մեր հյուրընկալ երկրում հնարավորինս երկար մնաք, բոլորը ձեզանով զբաղվեն, մինչև ՄԻԵԴ-ից էն անտեր պատասխանը գա, հանրաքվեն էլ չեղարկվի»:

«Չեմ կարող»,- պատասխանում է ինքը,- «ու հետո, ես հլը Հայաստան չէի եկել, դուք արդեն ամեն տեղ հայտարարել էիք, թե եկել եմ: Ու իմ մասին էլ ձեր հարազատները այնպիսի բաներ էին գրել, իմ մազերը բիզ-բիզ էին կանգնում: Էն ապուշը ձեր եթերո՞վ չէր ասել, թե ես իբր ՁԻԱՀ-ի ու ՄԻԱՎ-ի պրոյեկտ եմ: Ձեռս ճար լիներ, քեզ ցմահ կվարակեի»:

Այդ պահին ներս են մտնում մի խումբ անձինք՝ բժշկական դիմակներով. նրանց մի մասը Հրայր Թովմասյանին է ասֆալտին պառկացնում, մյուս մասն էլ՝ իրեն: «Ձեզ վերջին շանսն ենք տալիս. կամ հոժարակամ Հայաստանից թողնում, գնում եք, կամ՝ երկուսիդ էլ դեզինֆեկցիա ենք անում»: 

Ինքը մտածում է, որ ճիշտը գնալն է, մեկ էլ Հրայրը բացականչում է. «Ես մինչև վերջ կմնամ. ՍԴ-ն վերջին պալատն է, ես ընդդիմության վերջին պացիենտն եմ»:

«Էս ինչքա՜ն հիվանդ կա էս երկրում: Ես ստեղ անելիք չունեմ», զարմանում է ինքը ու թռնում:

Արթնանում է օդակաթիլային ճանապարհին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ