Կրեմլում տագնապով են հետևում Հայաստանում առկա զարգացումներին, սակայն դա համարում են բացառապես երկրի ներքին գործը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան բոլորին հանդարտության կոչ է անում ու գտնում, որ իրավիճակը «պետք է մնա սահմանադրական դաշտում»:
«Հայաստանը՝ բացի շատ սերտ, երկկողմանի հարաբերությունների հարուստ ավանդույթներից, մեր համար շատ կարևոր է նաև ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ տեսանկյունից»,- հայտարարել է Պեսկովը:
Մամլո քարտուղարը հայտնել է, որ Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի և Երևանի միջև կոնտակտներ դեռ չեն եղել, սակայն «անհրաժեշտության դեպքում դրանք շատ օպերատիվ կկազմակերպվեն»:
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Հայաստանում իրավիճակի կարգավորման համար միջնորդ դառնալ: «Իմ ասածին ավելացնելու այլ բան չունեմ»,- արձագանքել է նա: