...

Լափված գազի հետքերով

Լափված գազի հետքերով

ՄԱԶՈՒԹԻ ՀԱՄՈՆԵՐԸ

Նախկին իշխանությունների օրոք «լափված մազութի» պատմությունը հիշում եք: Տեղից վեր կացողը գոռգոռում էր, թե «հանցավոր իշխանությունները» ամբողջ մազութը լափել են, ցրտի ու խավարի տարիներին կարող էին հոսանք արտադրել, բայց չէին արտադրում և այլն: Իշխանափոխությունից հետո հանձնաժողով ստեղծվեց: Քննարկեցին, քննարկեցին... ու ոչ մի ծպտուն չհանեցին: Առ այսօր լուռ են: Թե ինչ «լափված մազութի» մասին էր խոսքը` առ այսօր մնում է անհայտ: Բայց փաստ է, որ այն տարիներին հոսանքն արտադրվում էր ոչ թե մազութով, այլ գազով: Փաստ է նաև, որ «մազութի գործով» անցնողներից մեկը հետո հայտնվեց ՀՅԴ նախընտրական ցուցակում: Բայց սրանք մանրուքներ են:

Էականն այն է, որ Քոչարյանի լիակատար իշխանության չորս տարիների արդյունքում Հայաստանն ընդհանրապես էներգետիկ համակարգ չունի: Ինչո՞ւ:

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. ԱՄԲՈՂՋ ԿԱՂԱՄԲԸ ԿԵՐԱՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ

1997թ. նոյեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիր է ստորագրվում, որի համաձայն ստեղծվում է «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկությունը: Հայաստանն իր մասնաբաժինը ներդնում է կոմունիկացիաների տեսքով, իսկ ռուսական կողմը պարտավորվում է անվճար Հայաստան առաքել 150 մլն դոլարի գազ: Եվ իսկապես, մինչև 1999թ. մայիս ամիսը 150 մլն դոլարի անվճար գազ է մտնում Հայաստան: Այդ գազով արտադրված էլեկտրաէներգիան, բնականաբար, ձրի չի տրվում բնակչությանը: Ենթադրվում է, որ ստացված եկամուտներով պետք է վերանորոգվեն և վերազինվեն էներգետիկ համակարգի ձեռնարկությունները: Բայց... այդ 150 մլն դոլարից ոչ մի ցենտի տեղն առ այսօր հայտնի չէ: Ուշադրություն դարձրեք` ոչ թե գումարի ինչ-որ մասը «լափվել է», այլ փաստորեն անհետացել է ողջ գումարը: Կանխիկ:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր, վարչապետը` Արմեն Դարբինյանը: Էներգետիկայի նախարարը Դավիթ Զադոյանն էր: Անշուշտ, քաջատեղյակ էր նաև Մելս Հակոբյանը (ներկայումս «Սևան-Հրազդան» էներգետիկ կասկադի տնօրենն է):

Հարևանցիորեն նկատենք, որ եթե այն ժամանակ այդ 150 միլիոնը «չկորչեր», այսօր ստիպված չէինք լինի շատ ավելի փոքր գումարի պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնել ատոմակայանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ատոմակայանը, էներգետիկ հզորություն լինելուց բացի, նաև մեր արտաքին անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է: Իզուր չէ, որ այսօրվա իշխանությունները հպարտորեն հայտարարում են, թե «մենք մեր արտաքին անվտանգությունը վստահել ենք Ռուսաստանին»: Այդ վստահությունն արժե 150 միլիոն դոլար:

ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐ. ՎԱՐԿԱՅԻՆ ԷԼԴՈՐԱԴՈ

Այդ նույն ժամանակահատվածում բաշխիչ ցանցերին տասնյակ միլիոնավոր դոլարների վարկեր էին տրամադրվում: Եվ բոլորը` պետական երաշխիքով: Այսինքն, եթե բաշխիչ ցանցերն այդ վարկերը չվերադարձնեին, պետությունն էր պատասխանատու: Այլ կերպ ասած` պետբյուջեն:

Եվ ահա բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվեցին: Պետությունը դրանք վաճառեց: Ստորագրված պայմանագրերում տրամադրված վարկերի վերաբերյալ ոչ մի բառ չկա: Այսինքն, նոր տերերը չեն պատրաստվում վերադարձնել այդ գումարները: Ստիպված` պետությունը պիտի վերադարձնի: Բնականաբար, հարկատուների գրպանից: Բայց սա դեռ բոլորը չէ: Բաշխիչ ցանցերի նոր տերերը ոչ միայն մտադիր չեն վերադարձնել վարկերը, այլև ուզում են ցույց տալ, որ ժամանակին այդ վարկերի շնորհիվ կատարված ներդրումները... իրենք են արել:

Արդյունքում, պետբյուջեից ևս մի քանի տասնյակ միլիոն դոլար է պակասում: Ի՞նչ եք կարծում, բաշխիչ ցանցերի տերերը դրա քանի՞ տոկոսն են տալիս մեր իշխանություններին: Կարծում ենք, գումարները կիսվում են «արդարաբար»:

Սա ընդարձակ թեմա է: Մենք պարբերաբար կանդրադառնանք այս թեմային` ոչ թե ցույց տալու համար, թե «իրականում ով է լափել մազութը», այլ բացահայտելու համար, թե ինչպես է վերացական «ազգային գաղափարախոսությունը» վերածվում խիստ որոշակի նյութական կորուստների:

Հրայր Ավետիսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 421, սպտեմբերի 30, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ