...

Լավ, լրջացեք, Վազգենն արթնացավ

Լավ, լրջացեք, Վազգենն արթնացավ

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա «դաս է տալիս» քաղաքական գործիչներին ու մտավորականությանը «քաղաքական իրատեսության» վերաբերյալ:

Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ փոխզիջումային տարբերակներ: Դրա վառ օրինակներից են Մադրիդյան սկզբունքները, հետագայում դրանց հիման վրա տարբերակների զարգացումն ու փոխզիջումային եզրերի փնտրտուքը:

Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումները քաղաքական պրագմատիզմի մասին պրիմիտիվ են և էապես սահմանափակում են մեր հնարավորությունների դաշտը: Իրատեսական ճանապարհով լուծվող հարցերի դաշտը իրականում շատ ավելի մեծ է, քան թվում է Տեր-Պետրոսյանին:

Նախևառաջ ձևակերպում են ազգային-պետական նպատակներ ու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել, որքան էլ դրանք այդ պահին դժվար ու անիրագործելի թվան: Հետո արդեն քայլ առ քայլ պետք է ձգտել իրականացնել դրանք՝ հաշվի առնելով աշխարհի զարգացման միտումները, օգտվելով ստեղծված իրավիճակից, զարգացնելով սեփական հնարավորությունները: Դա է քաղաքական պրագմատիզմը:

Ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել»:

Մեզ մի հարց է հետաքրքրում. ո՞նց է լինում, որ մի կողմից ասում են՝ Տեր-Պետրոսյանը պարտված է, Հայաստանում նա շանս չունի, պետք է նրան արհամարել, բայց ով տեղից վեր է կենում, միայն իր մասին է խոսում:

Այն բանից հետո, երբ Վազգեն Մանուկյանը տապալեց հեղաշրջում անելու Քոչարյանի ծրագիրը, նրա ձայնն ահագին ժամանակ չէր լսվում: Չենք էլ հիշում, թե վերջին անգամ երբ է խոսել: Հիմա հանկարծ հայտնվեց... ու միանգամից՝ Լևոնը: Չգիտենք էլ, Տեր-Պետրոսյանի հաշվին են փորձում իրենց չկայացածությունը քողարկել, թե կոմպլեքսավորված են, բայց սա է պատկերը:

Լավ, սաղ հեչ: Ասում է՝ Հայաստանի բոլոր քաղաքական ղեկավարները միշտ էլ գիտակցել են և փորձել են Արցախի հարցում իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: 

Իյա, իրո՞ք: Այդ ե՞րբ է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը իրականացնել իրատեսական և փոխզիջումային քաղաքականություն: Երբ որ Մեղրին էր պատրաստվում փոխանակե՞լ, թե՞ երբ Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից: Թե որ իրատես լիներ, 1998-ի հեղաշրջումը չէր լինի: Վազգեն Մանուկյանը, ոնց որ թե իսկականից ահագին ժամանակ կյանքից կտրված է եղել, հակառակ դեպքում կիմանար, որ ընդամենը օրերս է Քոչարյանը հայտարարել, որ կարելի էր բանակցությունները մի 30 տարի ձգձգել: Հիմա Քոչարյանը իրատեսն է, բա, խաբար չեք, արժանապատիվ խաղաղությունից է խոսում:

Իսկ ինչ վերաբերում է Վ. Մանուկյանի այն խոսքին, որ ոչ թե հնարավորություններն են թելադրում, թե ինչ խնդիրներ է պետք դնել և լուծել, այլ խնդիրներն են թելադրում, թե ինչ հնարավորություններ է պետք ստեղծել, սա իր համաշխարհային ազգ դառնալու փայլուն մտքի ձևակերպումն է: Որ ասում է՝ եկեք համաշխարհային ազգ դառնալու խնդիր մեր առաջ դնենք, հետո փորձենք այդ խնդիրը լուծել: Հա, դաշնակներն էլ ասացին. պետք է Ծովից Ծով Հայաստանի խնդիր դնել... հետո մի պուճուր տարածք թողեցին: Այ սենց ճոռոմ-ճոռոմ գաղափարներով էլ այս օրը գցեցին Հայաստանը և Արցախը, բայց մեղավորը էլի Լևոնն է:

Հ.Գ. Բայց Լևոն Տեր-Պետրոսյանին շատ ենք խնդրում, գոնե մի անգամ հայտարարի, որ պետք է վերականգնել Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանը: Ասա, քեզանից ի՞նչ ա գնում, մի անգամ էլ նման բան ասա, տեսնենք, Վազգեն Մանուկյանն ինչ է ասելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ