...

Пуститься во все тяжкие

Пуститься во все тяжкие

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է. «Փաշինյանը պետք է հեռանա: Ես ասում եմ՝ այդ մարդը Հայաստանում հաստատելու է դիկտատուրա, սկսվելու են այլախոհների հետապնդումները, առեղծվածային սպանությունները, այն, ինչ եղել է 1990-ականների կեսերին, նա՝ Փաշինյանը, իրականացնելու է իր իսկական, ճշմարիտ քաղաքական կնքահոր ծրագրերը. Հայաստանին դժբախտություններ են սպասվում»։

Իհարկե, մենք հիմա Ամերիկա չենք հայտնաբերի, եթե ասենք, որ մեր այս քաղաքական դաշտի այլասերվածության գլխավոր պատճառներից մեկն էլ այդ դաշտի հիմնական դերակատարների քաղաքական համոզմունքների, գաղափարների տրանսֆորմացիան է, քաղաքական կոնյուկտուրայի դոմինանտությունը նրանց վարքագծում, իրենց իսկ անցած ճանապարհի մերժումը, ժամանակի ընթացքում տարբեր իրադարձությունների, իրողությունների, փաստերի վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետները: Լապտերը վերցրեք ու շրջեք ներկայիս քաղաքական դաշտում. դուք չեք գտնի գեթ 5 հոգու, որոնք պետականության, արժեքային համակարգի, երկրի համար կարևորագույն մարտահրավերների վերաբերյալ ունենան նույն համոզմունքները, որոնք արտահայտել են 1990-ականներին, ունեցել են 2000-ականներին և հավատարիմ են մնացել դրանց մինչև հիմա: Իզուր մի փնտրեք, չեք գտնի: 

Դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել: Որովհետև այսրոպեական շահը ամենակարևոր արժեքն է դարձել: Մնացածը երկրորդական է՝ Արցախից մինչև Զանգեզուր, ընկերությունից մինչև սկզբունքայնություն: Դե, եթե Նիկոլը կանգնում, ասում է՝ Լևոնը երկու անգամ փախուստի է դիմել. 98-ին և 2008-ին, Արա Սահակյանն էլ կարող է նման բան ասել: Մեկը իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն, բայց վարքի առումով նույնն են:

Այո, տրանսֆորմացված մարդը ավելի հեշտությամբ հիշում է 1990-ականների կեսերի ինչ-որ առեղծվածային սպանություններ, քան 1990-ականների վերջերից սկսված մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, մարտի 1-ի սպանդը: Ավելին դյուրին է մտաբերել 1990-ականների կեսերի քաղաքական այլախոհների հետապնդումները, քան 1998-ից հետո հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը, հազարավոր այլախոհների խոշտանգումն ու տանջամահ անելը, 2004թ. ապրիլի 12-ի հրեշավոր ջարդը: 

Հոգևոր հայր, հոգեզավակ և այդ կարգի բաներին չենք անդրադառնում: Սրանք բոլորը տրանսֆորմացված մարդու մտքերում պարտադիր ատրիբուտ են: Առանց դրանց չի լինի: Ա-ն ասել են, բ-ն էլ պիտի ասեն: 

Իսկ որպեսզի մարդկային տրանսֆորմացիայի մասին մեր ասածները մերկապարանոց չհնչեն, ահավասիկ, ուղղակի ներկայացնենք տարիներ առաջ Արա Սահակյանի արտահայտած տեսակետները, որոնք դուք կարող եք համեմատել ներկայիս տեսակետների հետ: Մենք մեզանից ոչինչ չենք հնարել:

«Ոչ լեգիտիմ է ոչ միայն նախագահը, այլև ԱԺ-ը, և ներկայումս ՀՀ-ում չի գործում իշխանության բաժանման սկզբունքը: Վարչախումբը` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տիրում է իշխանության երեք թևերին: 

ԱԺ-ը օլիգարխների մասնակցությամբ վերածվել է փակ ակումբի: Մտահոգիչ է, որ օլիգարխներն ունեն իրենց «դրուժինաները», նույնիսկ... անձնական բանտեր և այն, որ Հայաստանի հատուկ մարմինները ծառայություններ են մատուցում նրանց` տրամադրելով գաղտնի տեղեկատվություն: 

1998թ. հունվարին Ղարաբաղի իշխանությունները ներկայացրել էին կարգավորման իրենց տարբերակը, որտեղ ԼՂՀ ուներ 8000 քառ.կմ, միջազգային լրացուցիչ երաշխիքներ և, իհարկե, դրա համեմատ այդ ժամանակվա Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը «պարտվողական» էր, իսկ ներկայումս մենք կարող ենք կորցնել նաև այն, ինչին հնարավոր էր հասնել 1998թ.», 20.12.2003:

«Մեր ընդունած Սահմանադրությունը սահմանադրական իրավունքի տեսակետից կիսանախագահական համակարգն է: Այլ հարց է, որ Ռոբերտ Քոչարյանն իր գործողություններով պարբերաբար խախտում է այդ Սահմանադրությունը: Եվ սկսած նրանից, որ խախտելով 10-ը տարի ՀՀ քաղաքացիություն և 10-ը տարվա ՀՀ բնակություն ունենալու պարտադիր դրույթները, առաջադրվեց ու զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Սա կարող է արվել ցանկացած Սահմանադրության պարագայում», 04.07.2005:

«Հիմա ես հայտարարում եմ, որ ոչ 1990-91 թվականներին, երբ մենք գնում էինք անկախության, ոչ 92-94 թվերին` պատերազմի ամենադաժան տարիներին, ոչ 1993-ին, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայկական զինված ուժերի առաջխաղացման կապակցությամբ չորս հայտարարություն ընդունեց, ոչ այն ժամանակ, երբ որ միջնորդները մեզ առաջարկում էին զինադադար, երբեք Հայաստանն այսպիսի նվաստացուցիչ վիճակում և արտաքին ուժերի թելադրանքի տակ չի եղել, ինչպես այսօր է: 

Ես գտնում եմ, որ այս իշխանություններն այնքան ապաշնորհ և տգետ են, որ ունակ չեն ընդունել Սահմանադրություն, կատարել Սահմանադրության մեջ հարկավոր փոփոխությունները, և նրանց թելադրում են արտաքին ուժերը: 

Ընդ որում, պատմությունը ցույց է տալիս, որ այդպես են լինում բոլոր միշտ մեծամիտ և ազգային լոզունգներ հորջորջող ուժերը», 09.07.2005:

«Պառլամենտարիզմի մասին այսօրվա պայմաններում խոսել չի կարելի, որովհետև մեր երկրում ոչնչացված է քաղաքական համակարգը, թեև կուսակցություններ կան: 1998թ. Ռոբերտ Քոչարյանը վարում է քաղաքական կուսակցությունները այլասերելու, տրոհելու, թուլացնելու մի քաղաքականություն, որի արդյունքում ունենք այն խորհրդարանը, որ ունենք. իսկ այդ պայմաններում երբ չկա խորհրդարան, պետությունը հիմնվում է ուժային կառույցների՝ ոստիկանության, բանակի, երբեմն նաև ավազակային խմբավորումների վրա», 16.05.2008: 

«1996, 2003, 2007թթ-ի. ոչ մի խախտում չի արդարացնում 2008թ. մարտի 1-ի սպանությունը: Ուրիշի սխալը չի արդարացնում քո սխալը: Եկեք խոսենք պատասխանատվությունների մասին: Մենք այսօր ուզում ենք ավելի լավ ընտրություն, քան 96-ին էր», 18.06.2008:

«Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի այն մտքի հետ, որ եթե չլինեին 1996-ի դեպքերը, չէր լինի հոկտեմբերի 27-ը:
Այո, 1996 թվականի սեպտեմբերի 26-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, հրահրողները և կոնկրետ իրագործողները պետք է բացահայտվեին և կանգնեին դատարանի առջև, իրենց ողջ կազմով: Եվ եթե նրանք չխուսափեին այդ պատասխանատվությունից, ապա չէր լինի հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը: Դա առաջին կազմակերպված զանգվածային հարձակումն էր պետական իշխանության մարմնի վրա, և դա այն ժամանակվա ընդդիմությունը` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, կուլ տվեց, քաղաքական ինչ-ինչ հանգամանքների բերումով», 14.04.2010:

«Այսօրվա տնտեսությունը, օրենսդրությունը, մտայնությունը եթե դեռ ունի ինչ-որ դրական, առողջ միտումներ, դրանք գալիս են 15 տարի առաջ արված բարեփոխումներից: Դրանք շրջվեցին, կասեցվեցին, ինչի համար որպես ազդանշան եղավ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող բիզնեսով զբաղվել առանց խախտում, խեղաթյուրում անելու, առանց հանցագործություն անելու: Նա բիզնես միջավայրը հայտարարեց գործունեության կասկածելի միջավայր, որտեղ միշտ կարելի է գտնել կրիմինալ, ներքաշեց նրան իր ազդեցության տակ, և սերտաճեցնելով պետական կառույցների հետ` մի կողմից ապահովեց նրա նկատմամբ կատարյալ վերահսկողություն, մյուս կողմից հասարակությանը, քաղաքացիական հասարակությանը, մամուլին, այլ ինստիտուտներին զրկեց ավտոնոմ գործելու հնարավորությունից:

Մեր թշվառության գլխավոր պատճառը գտնվում է մեր կառավարողների ձեռքում. պետությունն, իշխանությունը ունի հասարակության վրա ներգործելու ավելի մեծ և անթույլատրելի հնարավորություններ: Դա է պատճառը, որ մեր հասարակությունը ինքը չի զարգանում, ինքը չի կարգավորում իրեն, չի հայտնաբերում իր խնդիրները, և այդ է պատճառը, որ մենք ամեն ինչում մեղադրում ենք իշխանությանը, մեզ չենք մեղադրում, պետությունն այնպես է մամլում, ճնշում հանրությանը, որ այն դարձել է մի տոտալիտար համակարգ», 04.05.2010:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ