...

Լավրովը միայն Ռուսաստանի դիրքորոշումը չի հայտնել

Լավրովը միայն Ռուսաստանի դիրքորոշումը չի հայտնել

Նշենք, որ ՌԴ արտգործնախարարությունը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։

 ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում, ինչպես նաև՝ այժմ, ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ի նոր հայտարարությանը, ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմերի դիրքորոշումը: Այն է. «Հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»:

Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, հայկական կողմը ոնց պետք է, պատասխանել է ռուսներին, ոչ մի խնդիր: Իրականում Հայաստանի արտաքին գերատեսչության այս պատասխանը ավելի շատ հարցեր ու մտահոգություններ է առաջացնում:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է. 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա: Շատ բարի, բայց հարց է առաջանում. իսկ ի՞նչ բանակցություններ է վարում:

Փուլայինը ծալել, դրել է սեղանին, հասկացանք, բայց եթե բանակցություններն ընթանում են, նշանակում է՝ այլ սկզբունքների շուրջ են բանակցում: Որո՞նք են դրանք: Ինչ որ ասում են ներքին լսարանի համար, դա դեռ չի նշանակում, որ նույնն էլ բանակցային գործընթացում է ասվում: Եթե փուլային չէ, նշանակում է՝ փաթեթային է: Հակամարտությունների լուծման այլ տարբերակներ չկան, եթե չհաշվենք հակամարտող կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիան:

Արդեն երկու տարի է, ինչ նոր իշխանություններ են, իսկ ահա արցախյան հիմնահարցի կարգավորման որևէ մոդել, որևէ հստակ դիրքորոշում մեզ հայտնի չէ: Սա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ բանակցային գործընթացում ջայլամի քաղաքականությունը նշանակում է մերժել բանակցությունները, ինչը կարող է խնդիրներ առաջացնել կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ներգրավված գերտերությունների հետ: Ավելի լավ է որևէ դիրքորոշում ունենալ, թեկուզ՝ արմատական, քան ընդհանրապես չունենալ: Միջազգային ատյաններում դա հայկական կողմին կամ կողմերին անհաջող լույսի ներքո է ներկայացնելու: Գնդիկ-բոքոնիկի ձևաչափը վախ թե ուշ հասնում է աղվեսի դունչին:

Եվ մի կարևոր պահ էլ կա. Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ռուսաստանին: Մեզ մոտ էլ շատերը ուրախացել են, թե ռուսներին տեղն են դրել: Բայց շատերը մոռանում են մի մանրուք. Սերգեյ Լավրովի, այսինքն՝ Ռուսաստանի հայտարարությունները բանակցային գործընթացում փուլային տարբերակը քննարկելու մասին չեն հերքել ԵԱՀԿ Մինսկի Խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Իսկ եթե չեն հերքել, ապա նշանակում է, որ Լավրովի հայտարարությունները սոսկ Ռուսաստանի դիրքորոշումը չեն արտահայտում, այլ նաև՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Չգիտես ինչու, այս մասին ոչ ոք չի խոսում: Դուք հիշո՞ւմ եք մի դեպք, երբ Մինսկի Խմբի համանախագահ երկրները հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններ անեին: Ոչ: Մինսկի խմբի առանձնահատկությունն էլ հենց դա է, որ այնտեղ երեք երկրներ նախ մշակում, քննարկում են իրենց տեսակետները և հակամարտող կողմերի հետ քննարկումներից հետո ընդհանուր դիրքորոշում հայտնում: 

Այնպես որ, մեր իշխանությունները արցախյան հարցի կարգավորման գործընթացում պետք է շատ ավելի հասկանալի լեզվով գործեն և ամեն ինչ անեն, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ տարաձայնություններ չունենան: Բանակցային գործընթացում կոշտությունն ու հավասարակշռվածությունը, սթափությունը պետք է համահունչ լինեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1724 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ