...

Մարդ, որն արժանի է մայրուղի հանվելուն

Մարդ, որն արժանի է մայրուղի հանվելուն

Մի հատ Զաքար Խոջաբաղյան մի ամբողջ դիսերտացիա է իր ֆեյսբուքյան էջում գրել, իր ասելով՝ հակահայ գործունեություն ծավալող խմբերի մասին: 

Ինքը ներկայանում է որպես բժիշկ, ու գրածի որակից երևում է, որ Մարինա Խաչատրյանի կամ Սոնա Աղեկյանի մակարդակի բժիշկ է: Դրա համար այդ բոլոր զառանցանքներին անդրադառնալու հարկ չկա: Սորոս, թուրք, հողատու, սաղ իրար խառնած, մի հատ աջաբսանդալ է բստրել: Իրականում գրածի ամբողջ իմաստն այն է, որ Քոչարյանը հերոսաբար Արցախ էր պահում, Տեր-Պետրոսյանն էլ ուզում էր հանձնել: Ուղղակի, որպեսզի այդպես ուղիղ չասի, որ չզռռա, թե ում պատվերն է կատարում, մեջը մի տոննա աղբ է լցրել:

Բայց... մենք մի քանի մեջբերում այս գրառումից այնուամենայնիվ անենք, հետո կասենք՝ ինչի համար:

***
«Երկար ժամանակ սպասում էի, թե երբ հայտնի էքսպերտներից մեկն ու մեկը կանդրադառնա սորոսից զատ, սորոսի հետ փոխկապակցված ու սորոսից ոչ պակաս, նույնիսկ ավելի վտանգավոր մեկ այլ ֆոնդի՝ «Եվրասիա համագործակցության հիմնադրամին»:

Մասնավորապես Գևորգ Տեր-Գաբրիելյանը... Ա(վ)րամ Աբ(վ)րահամյանի «Առավոտ» թերթի լրագրող՝ Աննա Իսրայելյանի, և մի շարք այլ դեմքերի հետ այցելել էին Մեծ Բրիտանիա, որից հետո ակտիվ կերպով լծվել էին վերը նշածս տականքագույն նախագծի՝ «ընտանեկան բռնության» անվան տակ...

***
«Իզաբելա Սարգսյան... աշխատում է մի ֆոնդում, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի, Եվրոմիության, Ամերիկայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Ֆինդլանդիայի (ամբողջական ցանկն հրապարակված է հենց իրենց կայքում»:

***
Եվրոմիության ֆինանսավորմամբ ծրագրի մաս են կազմել Հայաստանից՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Սիվիլիթաս հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը (որը սորոսի հիմնադրամի մշտական շահառուներից է), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, իսկ Թուրքիայից՝ Անադոլու քյուլթուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը»:

***
«Սիվիլիթասի ներկայացուցիչ լևոնական Թաթուլ Հակոբյանը Հ1-ի եթերում դայլալյում էր հայ-ադրբեջանական «նախկին բարեկամության» մասին։ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը ներկայացնող Հայկակ Արշամյանը 2014 թվականին (գրանտի տրամադրման առաջին տարում) դայլալյում էր «հայ-թուրքական» հարաբերություններից՝ «բաց սահմաններ» և այլն»:

***
Ուրեմն, ինչպես արդեն նշվեց, դեռևս 2014 թվականից, Եվրոմիության պատվերով և ֆինանսավորմամբ, եռափուլ ծրագիր էր իրականացվում՝ հայ-թուրքական «կարգավորման» թեմաներով, որի շրջանակներում գումար էր ստացել նաև Թուրքիայից Հրանտ Դինք-ի հիմնադրամը։ 

Այսքան մեջբերումները հերիք են: Ինչպես ասացինք, բանի տեղ չէինք դնի, եթե չլիներ մի հանգամանք. այս ապուշությունը լայքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը: Իսկ լայքել, նշանակում է՝ հավանել այդ գրառումը, համաձայնվել այնտեղ առկա գնահատականների հետ: 

Այս գրառման հեղինակը հատուկ, միտումնավոր ընդգծել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ինչ-որ հրեական արմատներ կամ ծագում: Ու այնպես է ներկայացրել, որ եթե Աննա Իսրայելյանը գնացել է Մեծ Բրիտանիա՝ ինչ-որ ծրագրի մասնակցելու, պատճառներից մեկն այն է, որ Աննա Իսրայելյանի խմբագիրը հրեաների հետ կապ ունի: Ու Թևան Պողոսյանը սա լայքում է: Ավելի ճիշտ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականը լայքում է հակասեմիթական տարրեր պարունակող գրառումը, այսինքն՝ հակասեմիթական գաղափարների կողմնակից է: Մենակ էս փաստը հերիք է՝ Թևան Պողոսյանին մայրուղի հանելու համար: Էլ չենք խոսում փաստի բարոյական կողմի մասին. բա դու գնաս, «Առավոտի» հետ տարիներով շփվես, այդ թվում՝ Արամ Աբրահամյանի, հարցազրույցներ տաս, համատեղ միջոցառումների մասնակցես, հետո լայքես «Առավոտի» լրագրողների հասցեին զրպարտա՞նքը:

Հաջորդը. Թևան Պողոսյանը լայքում է մի գրառում, որտեղ մարդկանց գործակալ ու դավաճան են համարում միայն նրա համար, որ այդ մարդիկ միջազգային կազմակերպություններում կամ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հիմնադրամներում են աշխատում: Այն Թևան Պողոսյանը, որը 20 տարի է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կոչվող կազմակերպության ղեկավարն է ու այդ կազմակերպությունը ֆինանսավորում է.... ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի միջոցով: Այսինքն՝ մարդը դավաճան է համարում դրսի կազմակերպություններից տարբեր ծրագրերով գումարներ ստացողներին, երբ հենց ինքն է դրսից արդեն 20 տարի փող ստանում:  

Հաջորդը. Թևան Պողոսյանը լայքում է մի գրառում, որտեղ դավաճան ու թուրքի գործակալ, Ղարաբաղ հանձնող են համարում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, նորմալացման կողմնակիցներին կամ մարդկանց, որոնք տարբեր ծրագրեր իրականացնելիս պարզապես շփվել են թուրքերի հետ, եղել Թուրքիայում:

Սրանց երկերեսանիությունը պարզապես սպանում է: Հիմա որ ձեզ ասենք, որ Թևան Պողոսյանից ավելի շատ ոչ ոք չի զբաղվել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, հայերի և թուրքերի, հայերի և ադրբեջանցիների միջև հաշտություն կնքելու, խաղաղություն ունենալու, կոնֆլիկտները լուծելու հարցերով ու դրա համար դրսից լիքը գրանտներ է ստացել, ո՞նց է ձեզ համար: Հենց իրենց մոտ է գրված, որ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) 2000-ականների սկզբին եղել է մեկնարկած հայ-թուրքական հանրային դիվանագիտության մեջ ներգրավված հիմնական հայկական ուղեղային կենտրոնը, որը վերահսկվել է Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից (ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ)։

Ու էլի իրենց մոտ գրված է, որ ՄԶՄԿ-ն ամերիկյան գրանտներով ծրագիր է իրականացրել, որով «ուսուցանել է Հայաստանի և Թուրքիայի 100 երիտասարդ առաջնորդների»: 

Մեկ այլ գրանտի շրջանակներում թուրք գործարարների հետ 2003-ի դեկտեմբերի համաձայնագիր է ստորագրվել՝ սահմանների բացումը ողջունելու մասին: 

Լայքում է մի գրառում, որտեղ «Եվրասիա» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրեր իրականացնողներին դավաճան են համարում, քանի որ առնչվում են հայ-թուրքական հարաբերություններին, այն դեպքում, երբ ինքը USAID միջազգային կազմակերպությունից լիքը գրանտներ է ստացել՝ նույն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: USAID, «Ֆրիդրիխ Էբերտ», ամերիկյան «Bridging the Divide»... սա Թևան Պողոսյանին գրանտներ տված կազմակերպությունների ընդամենը մի մասն է: Ու գրանտները տվել են թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղաղություն հաստատելու համար: Ու այս աներես մարդը, փոխանակ էդ Զաքար կոչեցյալին ասի՝ այ անասուն, ես էլ եմ էդ հարցերով զբաղվել, փող եմ կպցրել ստեղից-ընդեղից, իբր թուրքերի կամ ադրբեջանցիների հետ հաշտության հասնելու համար, ձենդ կտրի, մի բան էլ լայքում է, հայրենասեր տղա է: Բայց իր այդ ՄԶՄԿ-ի կայքում պարզ գրած է, որ իր նախագծերից մեկը «նպաստել է Հայաստանի ու Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության հանրայնացմանը»:

Բա որ տեսնեք, թե Թևան Պողոսյանի այս ՄԶՄԿ-ն դրսի գրանտներով ինչ գրքեր, զեկույցներ է հրապարակել: Էս Զաքար եսիմինչյանների պես մարդկանց աչքերը կմթնեն: Ադրբեջանցիների համար հոդվածներ են գրել, ադրբեջանցիների հոդվածներն են հրապարակել, հայերեն, ադրբեջաներեն: Իր ստացած գրանտներով իրականացվող ծրագրերի շրջանակներում հրատարակված գրքերում, զեկույցներում, որտեղ պետք է, Շուշին Շուշա են գրել, բա.. Դե, որովհետև, համաձայն գրանտատու կազմակերպությունների, պետք է պահպանեին հավասարակշռությունը, անկողմնակալ լինեին, հաշվի առնեին ադրբեջանցիների տեսակետը: Իր հրապարակած գրքերից մի քանի բան սքրինշոթ ենք անում, դնենք, որ տեսնեք:

Մեզ թվում է, էլ ասելու բան չմնաց: Թևան Պողոսյանին մենակ մի բան ասենք. աչքդ գերան է մտել, հանի:

Հ.Գ. Իսկ որ Թևան Պողոսյանն աշխատում է Արմեն Սարգսյանի մոտ... Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ամուլսար, Բաքվի նավթային շահեր, ռուսական նավթային լոբբինգ, բրիտանա-թուրքական համատեղ նախագծեր... վայ, որ էս ֆրոնտով էլ մի քիչ բզբզանք... Впрочем, это уже совсем другая история:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3123 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ