Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու նպատակը «շոուներ և ծափահարություններ» սիրողներին բավարարելն է. «Կարճ ասած, Փաշինյանին պետք է, որ որոշակի մասսա բացականչի՝ «Վախ, ցավը տանեմ, տեսա՞ր՝ ոնց մեր հզոր վարչապետը ցեխը կոխեց էդ թալանչիներին:
Այս կեղծ ինտելեկտուալները որքան էլ ցանկանան թաքցնել ժողովրդի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը, միևնույնն է՝ տողերի արանքում այդ քամահրանքը սպրդում է»:
«ՉԻ». Բայց պատկերացնո՞ւմ եք, որ պետության ղեկավարի աշխատակազմի ղեկավարն ուրիշ բան ու գործ չունի, քան շեֆի մասին քննադատական հոդվածներին անդրադառնալը: Քրքրեք մամուլի արխիվները, դուք այսպիսի բան չեք գտնի:
Էս ժողովրդամոլներն ահավոր ծանր են տանում ցանկացած խոսք, որտեղ ի ցույց է դրվում իրենց շեֆի ինտելեկտուալ ու քաղաքական մակարդակը: Կարճ ասած, ցանկացած դուզ խոսք:
Մի հատ էլ կեղծ ինտելեկտուալի պիտակ են դնում: Մի մարդու վրա, որի լրատվամիջոցը հազար, իսկ միգուցե միլիոն անգամ զորակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և «Հայկական Ժամանակին», երբ վերջիններս Քոչարյանի օրոք հալածանքների էին ենթարկվում: Բայց երկրի թիվ մեկ ուրացողն ու իր թիմը դա դժվար թե հիշեն, ավելի ճիշտ, չեն ուզում հիշել:
Ու ասենք ձեզ, որ երբ Փաշինյանի սև օրերը սկսվեն, իսկ դա մի օր լինելու է, Արամ Աբրահամյանը հաստատ կգտնի նրան զորակցություն հայտնելու ձևը: