...

«Մարդասիրական ժեստի» քյարը

«Մարդասիրական ժեստի» քյարը

Երեկ մինչև ուշ գիշեր շարունակվել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած 8 ռազմագերիների հարցաքննությունը։ Մինչ այս պահը նրանցից որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը տուն են վերադարձել։ «Տղաները լավ են, բոլորը լավ են, հանգիստ եղեք։ Աստծու կամոք բոլորն էլ հետ կգան։ Ոչ ոք առողջական խնդիր չունի, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցուցաբերել, բոլորս լավ ենք, բոլորի ծնողներին էլ տեսնում եմ, բոլորին կասեմ, որ իրենց տղաները լավ են»,- հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգոր Կյուրեղյանը։ Հայ ռազմագերիներին վերադարձնելու միջնորդությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելինն է։ Երկուսն էլ թվիթերյան գրառմամբ անդրադարձել են իրադարձությանը։ «Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ կալանավորի և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք կվերամիավորվեն իրենց ընտանիքներին, որոնցից մի քանի ամիս բաժանված էին։ Շնորհակալություն մեր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ մոբիլիզացված մեր զինվորներին։ Մենք առաջ ենք գնում»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նկատել է․ «Ադրբեջանի կողմից 8 հայ կալանավորների ազատ արձակումը և հայրենադարձումը Հայաստան դրական զարգացումների ևս մեկ նշան է Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է կայունությանն ու բարգավաճմանը տարածաշրջանում»։

Ռազմագերիների վերադարձը հայրենիք ողջունել է ՆԱՏՕ-ն՝ միաժամանակ կարևորելով տարածաշրջանում կայունության հաստատումը: «Սա իսկապես լավ լուր է: ՆԱՏՕ-ն արժեվորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և աջակցում է տարածաշրջանում կայունության և բարգավաճման խորացմանը»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ այսպես է ողջունել կատարվածը․ «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո»։ 

Մինչ Արևմուտքը ոգևորված հայտարարություններ է անում «մարդասիրական ժեստի» մասին, Ադրբեջանը շտապեց հայտարարել, որ «այդ քայլի դիմաց ակնկալում է ստանալ տեղեկություններ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, որոնք, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին»: Այս հայտարարությանը հակադարձել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ նշելով, որ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել։ 

Երեկ Քննչական կոմիտեում կայացած հարցաքննությունից հետո ռազմագերիներից Վաղարշակ Մալոյանն ասել է. «Ամեն ինչ նորմալ է, այնտեղ մնացողներն էլ բոլորը «դուխով», հույսով, հավատով ամեն օր սպասում են տուն գալուն։ Տղաները ինչպես ձիգ եղել են, այդպես էլ մնացել են մինչ օրս, իրենց ոչինչ չի կարող կոտրել, իրենք ամուր հույս ու հավատ ունեն, բոլորը սպասում են տուն վերադարձին»։ Սա ամենակարևորն է, ամենաուրախալին բոլոր հայտարարություններից։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1199 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ