...

Մարդու և պրոտոկոլի արանքում

Մարդու և պրոտոկոլի արանքում

Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարը տեղի է ունեցել 18:30-ի հատվածում, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան «Պրադո» ջիպն է հարվածել կնոջը և դեպքի վայրից հեռացել, առանց օգնություն ցուցաբերելու: Այս մասին 168.am-ին պատմել է դեպքի ականատես Դանիել Դանիելյանը: «18:30-ի սահմանում գործից տուն էի գնում, մի հատ գմփուն եկավ: Նիկոլ Փաշինյանի անձնակազմի «Պրադո» ջիպը, գայիշնիկի ավտոն, տեսա մի հատ գմփուն եկավ, ես ասի` ավտոավարիա եղավ, տեսա հղի ջահել աղջիկ էր, ես եմ իրերը հավաքել: Ես ականատես եմ, հազար տեղ կարող եմ ասել, ես վախենալու բան չունեմ»,- պատմել է նա: 168.am-ի տեղեկություններով հղի կինը 29 տարեկան է եղել, նա մահացել է, պտղին ևս չեն կարողացել փրկել: Մահվան մասին դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց լրատվամիջոցները հաստատում են մահվան փաստը։ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գրառումներ են կատարել, որ սա այն դեպքն է, երբ վարչապետին սպասարկող շարասյան մեքենան չէր կարող կանգնել, քանի որ դա արգելված է օրենքով։ Սա՝ ի պատասխան այն հայտարարությունների, թե վարչապետի թիկնազորը անգամ օգնություն չի ցուցաբերել երիտասարդ աղջկան։

Այո, պրոտոկոլներ կան։ Գուցե դրանք պետք է պահպանել։ Բայց երբ խոսք է գնում մարդու կյանքի մասին․․․որևէ պրոտոկոլի գոյություն անիմաստ է դառնում։ Հասարակությունը լարված է, և այս պատահարը բացասական էներգետիկայի նոր ալիք է բորբոքելու։ Այդ էներգետիկան չի կորչում, այն անընդհատ նոր ողբերգություններ է արձանագրում, որոնք մաշում են հանրային օրգանիզմի դիմադրողականությունը։ Վրաերթի այս դեպքն ինքնին ողբերգական է, այն քաղաքական երանգ է ստանում, երբ պատահարի պատճառ է դառնում վարչապետին սպասարկող ամենագնացի վարորդը։ Եվ դեպքի վայրը կրկին Լեո-Պարոնյան խաչմերուկն է, որտեղ 2008 թ․ մարտի 1-ին ՀՀ պայքարող քաղաքացիներից առնվազն մեկը սպանվեց։ Այս ողբերգությունը նոր կրքեր է բորբոքելու։ Անշուշտ, կարող էինք հստակ ասել, թե ինչ կլիներ, եթե նմանատիպ դեպք տեղի ունենար ԱՄՆ-ում, եվրոպական որևէ երկրում, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող ցանկացած պետությունում, բայց մեր դեպքում լռում ենք։ Լռում ենք, չենք կանխատեսում, անմեղության կանխավարկած չենք «խաղում», որ չմեղադրեն, թե շահարկում ենք։ Երիտասարդ աղջիկ է մահացել, նրա լույս աշխարհ չեկած փոքրիկն է սպանվել։ Սա ծանր, շատ ծանր վիշտ է՝ մխիթարության չմտաբերվող պապանձվող խոսքով։  

Գոհար Վեզիրյան    

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ