...

Մարուքյանը չի տիրապետում իրավիճակին

Մարուքյանը չի տիրապետում իրավիճակին

«Արարատ Միրզոյանը ժպտացել էր Անթալիայում՝ Թուրքիայի արտգործնախարարին բարևելիս, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չէր ժպտում Բրյուսելում։ Արարատ Միրզոյանին քննադատում են, որ ժպտում էր, Նիկոլի Փաշինյանին քննադատում են, որ տխուր էր»,- «Առաջին ալիք»-ի Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Եթե ժպտար, պիտի ասեին՝ բա ինչ կար ուրախանալու։ Բովանդակային կարևոր հարցերը թողած, ընկած ենք ինչ-որ թեմաների մեջ՝ նա աջ նայեց, էն մյուսը՝ ձախ։ Բովանդակային հարցն է․ ՀՀ ներկայիս ծանր վիճակի մեջ փորձել մեր պետական-ազգային շահը ամեն գնով պաշտպանել։ Ով ժպտաց, ում ունքը բարձրացավ, ով թեք կանգնեց, ում կոստյումը ինչ ձևի էր, դա էակա՞ն է այս քննարկման մեջ։ Մարդկանց, մեր ժողովրդին շեղում են կոնկրետ բովանդակային հարցերից»,- Մարուքյանի խոսքն է մեջբերել «Tert.am»-ը։ 

Մարուքյանը չի տիրապետում իրավիճակին։ Մեր ժողովրդին կոնկրետ բրյուսելյան հանդիպումից շեղել է Մարուքյանի սիրելի Ալեն Սիմոնյանը՝ «պադավատների» մասին հերթական ծիծաղելի որոշմամբ։ Երկրորդ շեղողն արդեն Աննա Հակոբյանն է՝ վերստին զոհվածների մայրերի թեմայով՝ այս անգամ ապրիլյոթյան միջոցառման մասին վիդեոնյութերով, լուսանկարներով, ստատուսներով և այլն։ Նյուզֆիդը հենց այս երկու «լրատվական իրադարձությունն» էր եռացնում։ Ոմանք գրում էին՝ զոհերի հարազատներին ավտոբուսներով մարզերից են բերել, որովհետև քաղաքաբնակները չեն ցանկացել գնալ կառավարական առանձնատուն։ Մյուսները պատմում էին, որ բերածների համար տեղ չի եղել՝ մտնելու, նրանք էլ՝ նեղվել-հեռացել են։ Լավ, մանրամասների մեջ չխորանանք, տիկին Հակոբյանն ու նրա հակառակորդները կանեն այդ գործն ամենայն մանրամասնությամբ։ Հիմա գանք Մարուքյանին։ Որպես արևմուտքում կրթություն ստացած մեկը (Մարուքյանի պաշտոնական կենսագրության մեջ արևմտյան կրթությունը շեշտադրված է), նա պիտի որ ծանոթ լիներ «body language» (մարմնի լեզու) հասկացությանը։ Սա՝ որպես առանձին ուսումնասիրության նյութ, հատկապես՝ հումանիտար հոսքի մասնագիտությունների համար, պարտադիր առարկա է։ ԱՄՆ-ում քաղաքագիտության որևէ դասընթաց անցնող մեկը պարտավոր է իր դասացանկում ունենալ այս առարկան։ Որովհետև «body language»-ը ավելի շատ բան է պատմում քաղաքական դեմքերի, նրանց մասնակցությամբ տեղի ունեցող դեպքերի, հանդիպումների, քննարկումների մասին, քան հայտարարություններն ու դրանց մասին վերլուծությունները։ Չափազանցություն չի լինի ասել, որ արևմտյան երկրներում համակարգեր են աշխատում այդ լեզվի թարգմանության վրա, որովհետև այն գրեթե միշտ ավելին ու անտեսանելին է ցուցադրում։ Մարուքյանը սա գիտի, բայց դե, էլի Ծառուկյանի «այգում» է՝ այս անգամ կլասիկ դեսպանի կոստյումով։

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ