...

Մարուքյանը մտածում է

Մարուքյանը մտածում է

«Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա»,- իր հերթին այսպիսի հարցադրում է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին: «Սա հումանիտար ահաբեկչություն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարի, լավ, բա Արցախում անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների գազն էլ է, չէ՞, կտրել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՌԴ-ից, և արդյո՞ք ՌԴ-ի ռազմական գործողությունների մեջ լինելու հանգամանքն Ադրբեջանին առիթ է տալիս, որ այստեղ սադրանքներ հրահրի: Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական այս վարքն ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում»,- հավելել է Մարուքյանը։

Երևի Մարուքյանը մոռացել է, որ ինքն արդեն ընդդիմադիր խաղացող կուսակցական առաջնորդ չէ, այլ պետական պաշտոնյա է, որն արտահայտում է ոչ թե անձնական նախասիրություններն ու հակակրանքները, այլ Հայաստանի Հանրապետության շահերը։ Ենթատեքստում իբր ռուսներին է փորձում «թասիբի» գցել, թե տեսեք՝ ձեր զինվորներին էլ են անգազ թողել, հետո էլ կասկածի տակ է դնում ռուսների հեղինակությունը։ Վերջում ռուսների վրա մուննաթ է գալիս, թե մի հատ վերանայեք վերջերս ստորագրված 43 կետանոց դաշնակցային հռչակագիրը։ Փայլուն է, միակ թերությունն այն է, որ Մարուքյանը մոռացել կամ շրջանցել է ՀՀ իշխանություններին։ Մոռացել է, որ դեռ պետություն ենք, իշխանություն ունենք, ավելին՝ այդ իշխանությունն էլ ՀՀ հատուկ հանձնարարությունների դեսպան ունի՝ ի դեմս իրեն։ Մի բան էլ․ աշխատելու փոխարեն երեկվանից նստած մտածում է, թե ո՞ւմ դեմ է այս տեռորը։ Թող մտածի, բայց ոչ բարձրաձայն. դրանից գործն ահագին կշահի։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1193 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ