...

Ո՞վ էր ճիշտ՝ Ալեն Սիմոնյանը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

Ո՞վ էր ճիշտ՝ Ալեն Սիմոնյանը, թե՞ Գագիկ Ծառուկյանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է հատուկ հանձնարարությունների դեսպան։ Այս առիթով ֆեյսբուքյան օգտատերերը երեկ հիշեցրել էին Մարուքյանի և ՔՊ-ականների միջև եղած կոնֆլիկտները ԱԺ-ում։ Օգտատերերն ամենաշատը կիսվել էին տեսանյութով, որտեղ Սիմոնյանը ԱԺ դահլիճում «քաղաքական տրյապկա» էր անվանել Մարուքյանին, նա էլ հակադարձել էր Սիմոնյանին՝ վերջինիս անվանելով «անբարոյականի վաստակ»։ Սիմոնյանը նույն արտահայտությունը հետ էր շպրտել Մարուքյանի ուղղությամբ։ Հետո ահագին երկար ժամանակ կողմերը պարզում էին՝ ով ով է։ Բայց քաղաքական գործընթացները և դրանցով պայմանավորված իրավիճակները շատ տարբեր են, ուստի՝ հնարավոր է, որ մեկմեկու կողմից անբարոյականի վաստակ հռչակված կողմերը մոռանան ամեն բան և «հանուն պետության» միասին «արարեն»։ Սա՝ մի կողմ։ Հիմա երկրորդ հարցադրումը՝ հնարավո՞ր է, որ մարդը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխի իր մոտեցումները քաղաքական գործընթացների և ուժերի վերաբերյալ։ Ծառուկյանի ասած՝ «կլասիկների» դեպքում դա գրեթե բացառվում է։ Եվ ուրեմն՝ հաջորդ ենթահարցը. ո՞վ էր ճիշտ՝ Ալեն Սիմոնյանը, թե՞ Գագիկ Ծառուկյանը։ Որոշում կայացնելուց առաջ կարդացեք Մարուքյանի՝ ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի մասին։ 

«Հարյուրամյակներ շարունակ հայ հանրույթի ամենաառանցքային մտահոգության առարկան ընդամենը գոյությունը պահպանելն էր, այսինքն` գոյատևելը, ողջ մնալը։ Պետականազուրկ ազգի համար սա ավելի քան օրինաչափ վարքագիծ է։ Բայց 1991-ին մենք հնարավորություն ստացանք լինել ու անել ավելին, քան պարզունակ գոյությունն է։ Անկախության հռչակումով և պատերազմում հաղթելով` մենք փակեցինք ապագա ունենալ-չունենալու պարզունակ ու կենցաղային էջը։ Հիմա արդեն մեր խնդիրը շատ ավելի բարդ էր ու բազմաշերտ` ստեղծել արդյունավետ և արդար պետություն, զարգացած տնտեսություն, մարտունակ բանակ և այսպես շարունակ։ Իսկապես, 30 տարվա ճանապարհ անցած պետությունում քաղաքական դիսկուրսը պետք է լիներ տնտեսության, ազատ շուկայական հարաբերությունների, ռեֆորմների, առողջապահական ու կրթական համակարգերի, սոցիալական արդարության և տարատեսակ այլ հիմնախնդիրների մասին։ Բայց ի՞նչ եղավ. Հայաստանում իշխանության եկավ մի քաղաքական ուժ, որը հայ ժողովրդին նորից վերադարձրեց գոյությունը պահպանելու, ապագա ունենալ-չունենալու պարզունակ և կենցաղային խնդրին։ Նրանք կոտրեցին պետության ողնաշարը, կործանեցին և ապականեցին բոլոր պետական ավանդույթները և այդքանից հետո լուրջ դեմքի արտահայտությամբ, հոխորտանքով և ցինիզմով գոռում են, թե Հայաստանն ապագա ունի։ Այն դեպքում, երբ այդ հարցը վաղուց արդեն փակ էր և ոչ ակտուալ։ Մեծ հաշվով այս պնդումն էլ է անհեթեթ, քանի որ ապագան ժամանակի անխուսափելի ընթացքն է, միևնույն է` այն գալիս է ու գալու է, բայց այս պարագայում խնդիրը ոչ թե ապագան է, այլ դրա բովանդակությունը։ Ինչպիսի՞ ապագա ենք մենք ակնկալում ու կանխատեսում։ Եթե մեր ընթացքը դեպի ապագա անցնելու է Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի առաջնորդությամբ, ապա, վստահաբար, դա աղետի և կործանման ապագա է։ Ընդհանրապես ապագայի վերաբերյալ գործող իշխանության պատկերացումները ձևախեղված են, քանի որ նրանք ներկայից դեպի ապագա ընթացքը պատկերացնում են անցյալի միջով։ Այսինքն՝ նրանք անպայման պետք է ներկայից հասնեն անցյալ, որ այդտեղից էլ ձգվեն դեպի ապագա։ Բայց դա անհնար արկածախնդրություն է, քանի որ մարդու ուժերից վեր է փոխել ժամանակի և տարածության օրենքները։ Այսինքն՝ այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում։ Այս իմաստով` նրանք տեղ չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայում, նրանք հեռացող անցյալականություն են և ոչինչ ավելին։ Մեր ժողովուրդն արժանի է առաջ նայող և իր ուղին իր ձեռքով գծող իշխանության»,- 10 ամիս առաջ գրել է Մարուքյանն իր ֆեյսբուքում։ Ի դեպ՝ գրառումը մինչև հիմա նրա էջում է՝ հազարավոր լայքերով և կիսումներով։

Գոհար Վեզիրյան
 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ