...

Մասշտաբային ու գունագեղ տոնախմբությունների ծրագիրը

Մասշտաբային ու գունագեղ տոնախմբությունների ծրագիրը

Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել սեպտեմբերի 21-ին Անկախության 30-ամյակի առթիվ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք մասշտաբային ու գունագեղ տոնախմբությունների և շքերթի ծրագրի նախնական տարբերակը, ինչը և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

17․00-17․45 Աբովյան, Նալբանդյան և Ամիրյան փողոցներում մարզերից բերված քաղաքացիներին ներկա-բացակա են անում, ապա փուչիկներ բաժանում։ Մի մասին՝ գունագեղ, մյուսներին՝ սև ու սպիտակ։ Գունագեղ փուչիկները խորհրդանշում են պայծառ ապագան, սև ու սպիտակները՝ դժբախտ-դժգույն Շուշին, Հադրութը, Սև լիճը, Սոթքը, ամայի սարերը և այլն։ Գունագեղ փուչիկներ ստացածները հավաքվում են հրապարակի կենտրոնում, մյուսները՝ եզրերին։

17․45-18․00 Վարչապետի 600 թիկնապահները ռուս խաղաղապահների հետ համատեղ ժողովրդի մեջ միջանցք են բացում։

18․00-18․15 Վարչապետը և ուղեկցող անձինք քայլելով մտնում են հրապարակ և բարձրանում հարթակ։ Սև ու սպիտակ փուչիկ ունեցողները բաց են թողնում դրանք, փուչիկները բարձրանում են երկինք։ Բարձրախոսներից հնչում է ազդեցիկ մի ձայն՝ «ծա՛փ տվեք, արա՛»։ Ծափահարություններ, հրավառություն։

18․15-18․30 Վարչապետի ելույթը։ Լազերային լույսերով երկնքում պատկերվում են հազարավոր լայքեր և սրտիկներ։

18․35 Շքերթը սկսվում է։ Բարձրախոսով հայտարարվում է, որ հրապարակ են մտնում «Մենյու էյէմ»-ի ռազմական բեռնատարները՝ բարձված ելակով։ Տրիբունայի վրա շքերթն ընդունում են Արշակ Կարապետյանն ու Պատրոն Դավոն։ Բեռնատարներից հետո հրապարակ են մտնում նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները՝ ձեռնաշղթաներով։ Սրանց կուռ շարքերը գլխավորում են Աղվան Հովսեփյանը, Արմեն Չարչյանը, Վաչոն և կալանավորված համայնքապետերը։ Ետևից գնում են ինկասացիայի մեքենաները՝ առգրավված գումարներով և «Իմ քայլը» հիմնադրամի լոգոներով։ Դարձյալ բարձրախոսներից հնչում է «ծա՛փ տվեք, արա՛»։

20․00 Համաժողովրդական տոնախմբությունը սկսվում է։ Հնչում է ՀՀ օրհներգը՝ Հրագի կատարմամբ։ ԱԻՆ բեռնատարները շատրվանների շուրջ տեղադրում են թվով 2018 մանղալներ, ինչը խորհրդանշում է թավշյա, ոչ բռնի հեղափոխության թվականը։ Աշոտիկը բարեգործական նպատակներով գարեջուր է վաճառում, որի ողջ հասույթն ուղղվելու է Գորիս-Կապան շրջանցիկ ճանապարհի կառուցմանը։ Մեծ էկրաններին երևում է, թե ինչպես են Ալեն Սիմոնյանն ու վարչապետի աներձագը Էլթոն Ջոնի երգի տակ Յարխուշտա պարում։

21․00 Վարչապետը հերթով մոտենում է մանղալներին և անմիջականորեն շփվում ՀՀ հպարտ քաղաքացիների հետ։ 

21․30 Վարչապետի ինքնաբուխ ելույթ և լայվ։

23․00 Եզրափակիչ հրավառություն։ Ավելի քան 4 հազար սալյուտ՝ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։

23․20-24․00 Առանց դիմակի քաղաքացիների տուգանում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ