...

Հերթական գաղտնազերծված փաստաթուղթը ԱԺ-ից

Հերթական գաղտնազերծված փաստաթուղթը ԱԺ-ից

ՍԱՏԻՐԻԿՈՆ

Հաշվի առնելով պետական միջոցների խնայողության անհրաժեշտությունն ու մի քանի թատրոններ միավորելու հաջողված փորձը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որի տեքստը, սակայն, առայժմ գաղտնի է պահվում։ Մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է ձեռք բերել այդ փաստաթղթից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
 
․․․ Միացնել պետական կոնսերվատորիան, ֆիզկուլտինստիտուտը և «Միմինո» ռեստորանը։

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը միացնել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի և Տավուշի մարզի հետ։

Միավորել ՀՀ զինված ուժերը, ոստիկանությունը, պարարվեստի ուսումնարանը և «Ոսկե ծիրան» մրցույթի կազմկոմիտեն։

Միավորել և մեկ շենքում հավաքել Թումանյանի, Չարենցի, Սարյանի և մեծանուն մյուս հայորդիների տուն-թանգարանները։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը միացնել Երևանի Կենտրոն համայնքին, «Էրեբունի» հյուրանոցը՝ Էրեբունու թաղապետարանին, իսկ Արարատի մարզպետարանը տեղափոխել «Արարատ Հայաթ» հյուրանոց (մուտքը՝ հայաթից)։

Ջրախնայողության նպատակով Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրներն ապամոնտաժել և փոխարենը քաղաքի կենտրոնում կառուցել մի մեեեեծ ցայտաղբյուր։

Միավորել «Երևան սիթիները», «Երևան Մոլը», «Երևան» հյուրանոցը և Երևանյան լիճը, ու հաշվի առնելով, որ բոլորի անվանման մեջ առկա է քաղաքի անվանում՝ միասնական կառույցը դնել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի վերահսկողության տակ։

Ստեղծել միասնական կառույց՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնածողովի, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության և «Ասֆալտապատում» ՊՈԱԿ-ի բազաների հիման վրա։

Ջրային տնտեսությունը միավորել ԱԻՆ հրշեջ ծառայության հետ։

Ազգային վիճակագրական ծառայությունը միավորել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Նկարիչների միության հետ։

Միավորել Երևան քաղաքի Հանրապետության և Սախարովի հրապարակները, նոր հրապարակն անվանակոչել Ախունդովի անունով՝ 2020 թ․ նոյեմբերի 10-ի բանավոր փոխըմբռնման հիման վրա։

Մեր տեղեկություններով, ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանության է արժանացրել այս նախագիծը։ Միակ առարկությունը կապված է եղել 3-րդ կետի հետ։ Առաջարկվել է նորաստեղծ կառույցին միացնել նաև ԱԱԾ-ն և «Մեյմանդարի շուկա» ՍՊԸ-ն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ