...

Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում

Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում

Այսպիսով, նախկին թիվ մեկ փեսայի ավետմամբ՝ վարչապետը «երկրի զարգացման համար սպառնալիք է և օր առաջ պետք է հեռացվի»։ Շոշափելի է «հեռացվի»՝ չարագուշակ, և «հեռանա»՝ ըմբռնելի բառերի նուրբ տարբերությունը, որը նույն տարբերությունն է, ինչ «ցանկալին» և «անկողմնակալը»։ Առաջացող հարցերից երեքն առանձնացնեք.

1. Ոչի՞նչ, որ վարչապետի բացարձակ լեգիտիմությունն անտեսելն ուղղակիորեն նշանակում է շրջանցել ընտրողների գործոնը, այսինքն՝ վերադարձ մինչհեղափոխական վիճակի՞ն։

2. Ոչի՞նչ, որ անմիջական զուգահեռ է ընդգծվում հոկտեմբերի 27-ին նախորդող ժամանակահատվածին, երբ Ազգային ժողովում գնդակահարված Վազգեն Սարգսյանի մասին նույն հռետորաբանությունն էր գործածվում՝ թե նա «երկրի զարգացմանը սպառնալիք է»։

3. Ոչի՞նչ, որ երկրում արտակարգ դրություն է, ուր դեռևս անխնա մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը։

Այս օրերին մերժվածների ակտիվանալու հաշվարկը պարզ է. պայմանավորված սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջով, վարչապետը հիմա չի կարող մեկ կոչով մարդկանց նորից ոտքի հանել, ուրեմն միայնակ ու անպաշտպան է նախկին նոմենկլատուրայի՝ ներառյալ ուժայինների խարդավանքների ծուղակում։

Կհաջողվի՞ մերժվածներին իրականացնել իշխանափոխության իրենց մոլեգին փափագը, թե ոչ, ամեն դեպքում, նրանց լայնածավալ քարոզն ու գործողությունները վկայում են, որ ոչնչի առաջ կանգ չեն առնելու, եթե անգամ վտանգի ենթարկվեն մեր համաքաղաքացիներն ու մեր պետականությունը։

Բացի արտակարգ դրության իրենց համար «նպաստավոր» պայմաններից, ուրիշ ի՞նչ գործոններն են հաշվի առել մերժվածների կարկառունները, որ համարձակվել են բացահայտորեն նման ծրագիր հրապարակայնացնել։

Պատասխանն ակնհայտ է՝ գործող քաղաքական ուժի և անձամբ վարչապետի պերմանենտ վրիպումները։ Իշխող ուժի կառավարման անփորձության, քաղաքական անհեռատեսության արդյունքում հետհեղափոխական երկամյակն ամփոփելիս արձանագրվում է հետևյալը.

1. «Թավիշը» փաստացի գործել և գործում է միմիայն նախկինների նկատմամբ և հակասում է հեղափոխությունն իրականացնողների նպատակներին։ 

2. Նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական չի տրվելու, ինչն ինքնին նախորդ ռեժիմի շարունակականության ռիսկեր է պարունակում։  

3. Կեղծված ընտրություններով ընդունված Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանն առանձնապես փոփոխության չեն ենթարկվելու։

4. Հանցավոր որոշումներ կայացրած դատավորները, դատախազներն ու քննիչները պատասխանատվության չեն ենթարկվելու, շարունակում և շարունակելու են նախկին կենտրոնից հրահանգավորված տնօրինել ոլորտը։

5. Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության և ապօրինի հարստացման դեմ տեսանելի հեռանկարում փոփոխություններ տեղի չեն ունենալու։

Ընդ որում, համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը բացահայտեց իշխող ուժի կառավարման անկարողությունը, մասնավորապես.

1. Պարտադրված անաշխատունակության պայմաններում ոչ միայն վարկային արձակուրդ չտրամադրվեց, այլև փորձ արվեց համահարթեցնել պարտաճանաչ և ոչ պարտաճանաչ վարկառուներին՝ վերջիններիս պատժի արժանացնելու պատճառաբանությամբ։

2. Հայտնաբերված չգրանցված աշխատողներն ամենավերին «մուննաթի» արժանացան՝ օլիգարխների բիզնեսներում աշխատողներին հավասարեցնելով միջին և փոքր ձեռնարկություններում զբաղվածների հետ՝ արդյունքում ի չիք դարձնելով պետությունից ակնկալվելիք որևէ աջակցություն։

3. Լիովին ձախողվեց և կայծակնային արագությամբ կասեցվեցին արտոնյալ պայմաններով տրամադրվող գյուղացիական վարկերը՝ այդպիսով մեծ քար գցելով գյուղատնտեսության առանց այն էլ կքած թիկունքին։

4. Երկրում մոլեգնում է վարկային և հարկային բառիս բուն իմաստով տեռորը. SMS-ներով ու ծանուցագրերով հազարավոր վարկառուններ և գործարարներ սպառնալիքներ են ստանում առ այն, որ եթե հերթական վճարումը ճիշտ ժամկետում չկատարվի.... արդեն պարզ է, որ կգործի ԱՔՌԱ «սևցուցակային» մուրճն ու «ստացող» մարմնի՝ ԴԱՀԿ գիլյոտինը։

Այս ընթացքում վիճակից եղան փոքրաթիվ, սակայն ահռելի շահողներ, ինչպես օրինակ բանկային համակարգն ու խոշոր գործարարները (կամ նախկին օլիգարխները), ինչն ուղղակիորեն ջուր է լցնում հակահեղափոխականների ջրաղացներին։

Իրավիճակն իսկապես կարող է վատագույն իմաստով շրջադարձային լինել, եթե կտրուկ չձեռնարկվեն «հեղափոխական» միջոցառումներ, հակառակ դեպքում բացարձակ լեգիտիմ իշխանություն ձևավորողների ուսերին է ծանրանալու նաև «արտահերթ ընտրություններից» խուսափելու՝ կանխելով նախկինների վերադարձը և ներկաներին «բարով-խերով» հերթական ընտրություններին հասցնելու խնդիրը։

Հ.Գ. Առանց նշույլ իսկ սատիրայի, հավելենք, որ գործին մեծապես կօգնի, եթե վարչապետը, որպես նախկին քաղբանտարկյալ, նախ ինքն իրենից ներողություն խնդրի և ապա ապօրինի դատապարտված մյուս բոլոր քաղբանտարկյալներից, ապա հայտարարի քաղաքական գնահատական հնչեցնելու մասին հայտարարություն, եթե անգամ այդ գնահատականը գրեթե համընկնի 2007 թվականին առաջին հանրահավաքում հնչեցրած Առաջին նախագահի քաղաքական գնահատականներին։ Ներողություն խնդրել իր իսկ լեգիտիմությունն ապահոված ընտրազանգվածից՝ հեղափոխական գործընթացները լճացնելու համար։ Թեև ներողություն խնդրելու էլի տեղ կա, բայց այսքանով սահմանափակվենք։

Արմեն Գևորգյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   35678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ