...

Ցույց տվեք գեթ մեկ ոչմիթիզականի, որ մի թիզ հող գրաված լինի

Ցույց տվեք գեթ մեկ ոչմիթիզականի, որ մի թիզ հող գրաված լինի

ԼԻԼԻՊՈՒՏԻԱ

Անգամ արցախյան 2-րդ պատերազմի աղետալի պարտությունից հետո ոչմիթիզականները չեն սսկվում, ամոթից գետինը չեն մտնում, խուսանավում են մեղքի իրենց ահռելի բաժինը խոստովանելուց և անթաքույց հոխորտում ռևանշով։ 

Թեև խորամանկորեն շրջանցվում է, որ ռևանշն ուղիղ կերպով նշանակում է պատերազմ ռուսական խաղաղապահների դեմ, բայց ռևանշի ոչ մի հստակ ծրագիր չի ներկայացվում։ Չի հստակեցվում՝ միայն Շուշին ու Հադրո՞ւթն ենք հետ բերելու, թե՞ կրկին վերահսկողության տակ ենք վերցնելու ողջ նախկին «անվտանգության» գոտին։

Նաև չի ասվում, թե այս անգամ 5000-ից ավե՞լ, թե՞ պակաս զոհ ենք ունենալու։ Չի ասվում, թե այս անգամ զոհերի տարիքային խումբը դարձյա՞լ 18-20 տարեկաններն են լինելու, թե՞ կռվելու ենք բացառապես զառամյալ մտագարների վաշտերով։

Գաղափարական առումով կարծես դրական տեղաշարժ կա՝ հիմա ծովից ծով Հայաստան չեն «պոռում», այլ գետից գետ Հայաստան են ուզում։ Նկատի ունենք Քուռ-Արաքսյան պետության մառազմը։ Բայց նկատենք, որ այս հարցում իրենք արդար չեն. ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ ենք հրաժարվում ծովից ծով Հայաստանից, մենք գետից գետ Հայաստան չենք ուզում։ Սա ի՞նչ նվաստացուցիչ նվազեցում է։

Իսկ եթե ավելի լուրջ, ստացվում է, որ աշխարհագրական առումով ծովից ծով Հայաստանը մեկին-մեկ համապատասխանում է Թուրքիայի տարածքին, իսկ գետից գետ Հայաստանը՝ Ադրբեջանի։ Եվ քանի որ մեկ անգամ հաղթել ենք Ադրբեջանին, ուստի անընդհատ կարող ենք հաղթել, ինչքան տարածք ուզենք՝ էնքան «կխփենք»։ 

Եվ Բաքվում «չայ» խմելուն խանգարողներին հրաժարական պարտադրելուց հետո անասելի չափաքանակներով հանրությանը հրամցվում էր, որ ադրբեջանցի զինվորները կռվի դաշտում «մուլտիպլիկատիպ ոչխարներ» են, ուստի միայն ցանկության հարց է՝ ուղղակի «հավես ա» կազմել Քուռ-Արաքսյան պետության քարտեզը։ Դե միջազգային իրավունքի վրա թքած... Թքած, որովհետև միջազգային իրավունքի կողմից այդ տարածքները ճանաչվել են 100 տարի առաջ չեղած Ադրբեջան պետության սահմաններում։ Միջազգային իրավունքն անարդար է։ Անշուշտ անարդար է, բայց խնդրո առարկայի շրջանակներում իրենք նույնպես արդար չեն. ինչո՞ւ են մեր մասիսապաշտ ազգին զրկում Մասիսը մեր երկրի քարտեզում ունենալու բաղձանքից։ Ինչո՞ւ։ Որովհետև Մասիսը Թուրքիայի՞ քարտեզում է։

Ինչո՞ւ են մեր անվախ քարտեզագրողները Քուռ-Արաքսյան պետությունից բաց թողնում Ղարսն ու Արդահանը, Վանն ու Սարիղամիշը։ Թե՞ Թուրքիայից կարելի է զգուշանալ (դեռ չասենք՝ վախենալ), իսկ Ադրբեջանից՝ ոչ։

Որովհետև մի անգամ Բաքվում «չայ» խմելուն խանգարողները վերահսկողության տակ էին վերցրել մի ամբողջ 7 շրջան անվտանգության գոտի՞։ Ուրեմն Բաքվում «չայ» խմելուն խանգարողները կարող են հաղթել, իրենք՝ ո՞չ։ 
Բայց ո՞րն է այստեղ տրամաբանությունը. Ադրբեջանից չվախեցողը ինչո՞ւ պիտի Թուրքիայից վախենա։ Չվախեցողի համար ի՞նչ տարբերություն, թե ումից չի վախենում։ Չէ՞ որ իրենք Ռուսաստանից էլ չեն վախենում։ Սա ի՞նչ ընտրովի անվախություն է։ Տարրական հոգեվերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ սա պարզապես կողմնապահություն է՝ հօգուտ Թուրքիայի։ Այսինքն՝ կոչ է արվում չվախենալ Ադրբեջանից, հարձակվել Ադրբեջանի վրա, «հավեսի» համար նոր քարտեզագրում կատարել, որպեսզի Թուրքիան հիմնավորում ունենա պաշտպանելո՞ւ Ադրբեջանին... Այսինքն՝ լուծել Ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիային խցկելու խնդիրը։

Ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Արցախյան 2-րդ պատերազմից առաջ, ընթացքում և հիմա։

Արմեն Գևորգյան

Հ.Գ. Բա չասե՞նք՝ տո դուք նույնիսկ չկարողացաք երկու տասնամյակում ոչ մի թիզ գրավված հող փաստաթղթավորել, էլ ո՞ւր մնաց ձեզ հավատանք, թե կարող եք թեկուզ մի թիզ հող գրավել։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ