...

Մի տարվա մեջ մարդ է վատացել

Մի տարվա մեջ մարդ է վատացել

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանություն դեռևս չի ձևավորվել. «Նիկոլ Փաշինյանը ևս ոչ լեգիտիմ է, քանի որ երկու անգամ իշխանության է եկել ոչ լեգիտիմ ճանապարհով՝ ընտրվելով իր կողմից քննադատվող սահմանադրությամբ, ապա քարոզարշավից 10 օր անց բղավել, թե կոպեկ առ կոպեկ կվերադարձնի ժողովրդից գողացված միջոցներն ու որևէ ծրագիր չի ներկայացրել»:

«ՉԻ». Սա էլ՝ Զարուհի Փոստանջյանները: Այո, հաստատ երկու հատ Զարուհի Փոստանջյան կա այսօր Հայաստանում: Մեկը հիմա հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ ահա մյուսը...

Մյուսը ընդամենը մեկ տարի առաջ մասնակցել է հեղափոխությանը, իսկ Քոչարյանի մասին էլ այնպիսի բաներ է ասել: 

Բայց, սկսենք ոչ լեգիտիմ համարվող հեղափոխությունից: 2018թ. ապրիլին Զարուհի Փոստանջյանն ու իր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը միացել են հեղափոխությանը, ապրիլի 11-ին, օրինակ, այսպիսի հայտարարությամբ հանդես եկել.

«Որպես լրացուցիչ ուժ բռնատիրական համակարգը սկսել է օգտագործել մեկ այլ հենասյուն՝ քրեաօլիգարխիայի պատժիչ խմբավորումներ,  որոնք  հայտնվել են ոչ միայն Երևանի փողոցներում, այլ նաև ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում՝ Կապանում։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վերջին բոլշևիկի վերջին հույսը Կապանում, չնայած պատժիչ ռեսուրսի օգտագործմանը, եղավ ապարդյուն, քանի որ ժողովուրդը ոտքի կանգնած էր և համախմբված, ինչը ստիպեց նրանց նահանջել։ Այլևս ակնհայտ է, որ համահայկական մեծ ընդվզումն ընդդեմ բռնակալության ընդգրկել է Հայաստանի Հանրապետության հարավը և հյուսիսը՝ Կապանը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Իջևանը և այլ քաղաքներ։ 
Այժմ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրատապ և օրակարգային խնդիր է համարում մայրաքաղաք Երևանի մոտակա քաղաքներից և գյուղերից քաղաքացիների՝ զանգվածային, խաղաղ և անզեն շարժը իրենց քաղաքներից դեպի Երևան՝ վնասազերծելու Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ խմբավորմանը: Միևնույն ժամանակ` Կապանը, Քաջարանը, Մեղրին, Գորիսը, Սիսիանը պետք է շարունակեն ընդվզումը տեղում՝ փակելով միջպետական ճանապարհը հարավում, իսկ հյուսիսում Գյումրին և Վանաձորը, շարունակելով ընդվզումը տեղում՝ փակեն դեպի Վրաստան գնացող հյուսիսային միջպետական ճանապարհը։ 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ, պաշարել Երևանի փողոցները ընդհուպ մինչև ապրիլի 25-ը` թույլ չտալու Սերժ և Ռիտա Սարգսյաններին, Արմեն և Նունե Սարգսյաններին և ՀՀԿ խմբավորման անդամներին` մոտենալու և իրենց ներկայությամբ անարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը»:

Իսկ ահա թե ինչ կոչով է Զարուհի Փոստանջյանը դիմել հեղափոխությունից հետո նոր ձևավորված իշխանություններին.

«Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության անդամներին, Հարգելի վարչապետ և փոխվարչապետներ, Հարգելի նախարարներ.

Այսօր այս դժվարին և ճգնաժամային պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդի քվեով սահմանված Հայոց պետականության քաղաքական կառուցվածք, երբ գործում է 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեով և 2017 թվականի կեղծիքով ձևավորված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,  երբ գործում է ապօրինի մարմնի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության անօրինական նախագահ` դուք ստանձնեցիք ոչ միայն պարտականություն` լինելու Ժամանակավոր կառավարության անդամներ, այլ նաև լուրջ պատասխանատվություն` ապահովելու քայլ բռնակալությունից դեպի ժողովրդավարություն»:

Իսկ ահա թե ինչ է ասել Զարուհի Փոստանջյանը Ռ. Քոչարյանի վերաբերյալ՝ 2018թ. օգոստոսի 13-ին: Այդ օրը ինքը և իր կուսակցության անդամները Երևանի վերաքննիչ դատարանի շենքի առջև միտինգ էին կազմակերպել՝ պահանջելով, որ Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահեն և պատժեն ըստ արժանվույն:

Մեջբերենք Զ. Փոստանջյանի խոսքը՝ Քոչարյանի կառավարման տարիների մասին. 

«Դա մի ժամանակաշրջան էր, երբ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը՝ որպես մարդ, նաև իրենց՝ որպես ոչ կուռք ընդունելը, երբ հիշեցնում էին աստված ընդունելը, պատժվում էին ու պատիժը լինում էր ոչ թե ուղղակի առարկության տեսքով, այլ պատիժ՝ ընդհուպ մինչև մարդուն կյանքից զրկելը: 
Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում այլևս մարդիկ, ովքեր չեն ընդունի Ռոբերտ Քոչարյանի միանձնյա իշխանությունը, ապա կարող են պատժվել նաև այս կերպ՝ զրկվելով կյանքից: Նրա պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել է նաև խոսքի ազատությունը, մենք տեսանք, որ «Ա1 պլյուսը» ընտրությունների նախաշեմին՝ 2003-ին ուղղակի դուրս մղվեց եթերից, և նրա տեղն եկավ «Շարմը»: Սա նույնպես հանցագործություն է, պաշտոնական դիրքի չարաշահում:

2003-ին տեսանք կեղծված ընտրություններ, ՍԴ որոշում, որն ասում էր, որ պետք է տեղի ունենա վստահության հանրաքվե, բայց դա էլ տեղի չունեցավ, բողոքի ձայն ենթարկվողները ենթարկվեցին բռնությունների: Քոչարյանը «գույք պարտքի դիմաց»-ով հանձնեց մեր կարևոր օբյեկտները, 2005-ին սահմանադրական հանրաքվե կեղծեց՝ իրեն փորձելով ապահովագրել նաև այս օրվանից: 

Այն, որ նա անձեռնմխելի է, ամրագրվել է մի սահմանադրությամբ, որը կեղծիքով է ընդունվել, հետևաբար դա կարելի է վիճարկել: Այդ դրույթը, որը ներմուծվել է այդ ժամանակ, նույնպես ապօրինի է… ՀՔԾ-ն դրան պետք է ուշադրություն դարձնի և Քոչարյանին այս հիմքով ևս որպես մեղադրյալ ներգրավի:

Այն տասը տարիները, որ Քոչարյանը պաշտոնավարել է, եղել են կործանարար: Միգուցե համեմատության մեջ ինչ-որ դրական կա և բացասականը կա, բայց, ընդհանուր առմամբ դրանք մեր ազգի համար կորցրած տարիներ են: Ներկայիս ՀՀ ձախողման պատճառների 10 տարվա մեղքի բաժինը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին:

Համամիտ եմ, կա մտավախություն, որ ազատության մեջ Քոչարյանը կարող էր ազդել գործի ընթացքի վրա: Եթե կալանավայրից կարող էր ազդել 45 պատգամավորների վրա, որոնք ստորագրեցին նրան կալանքից ազատ արձակելու միջնորդության տակ, ուրեմն կազդի նաև ազատության մեջ գործ ընթացքի վրա:

Մենք թույլ չենք տալու, որ նա մնա անպատիժ: Թույլ չենք տալու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև Սերժ Սարգսյանին:

Նա հանրության համար վտանգավոր անձ է: Մենք հենց այնպես չհիշեցրինք «պրիվետ, Ռոբի» մասին: Եթե մարդը նախագահ է ու իր ծանոթներից մեկը դիմում է նրան այդպես՝ պրիվետ, Ռոբ ու իրեն դրա համար տանում են ու զուգարանում ծեծելով սպանում են, ու դրա վերաբերյալ կան ապացույցներ, կա վկայություն, թող կանչեն պարոն Սթիվեն Նյուտոնին, ով կարող է այդ վկայությունը նորից կրկնել: Ես կարծում եմ, որ այս մարդը, ում հրամանով մարդ են սպանել, շատ վտանգավոր է հանրության համար: Բացի այս, կա նաև Մարտի 1-ը: Մարտի 1-ն էլ ենք շատ լավ հիշում… Եվ այստեղ խոսել կեղծված, ապօրինի ներմուծված սահմանադրությամբ անձեռնմխելիության մասին, հիմքեր չկան»:

Թերևս, սահմանափակվենք: Մենք բառ անգամ չենք հորինել, բոլորը այն՝ ուրիշ Զ. Փոստանջյանի խոսքերն են: Իսկ այս երկրորդը սկզբունքայնության և արդարության մարտիկ է: «Քոչարյան՝ քաղբանտարկյալ» է խաղում:

Հ.Գ. Որպես բոնուս, ներկայացնում ենք նաև թեմային վերաբերվող տեսանյութ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5713 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ