...

Միացրեք ձայնագրիչը

Միացրեք ձայնագրիչը

Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, 2008թ. հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ձայնագրությունն է միացրել, որտեղ Առաջին նախագահը խոսում է Ռոբերտ Քոչարյանի կողմից Մեղրիի փոխանակման տարբերակն ընդունելու մասին: Ձայնագրությունից հետո Արշակյանը հարցրել է ընդդիմադիրներին. «Ղարաբաղը հայրենիք է, իսկ Մեղրին՝ ո՞չ. այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ և ո՞րն է ձեր հայրենիքը»:

«ՉԻ». Մենք ընդդիմադիրներին խորհուրդ կտանք նույն կերպ պատասխանել: Սրանից հետո խորհրդարանում կարելի է այլևս ելույթներ չունենալ: Պարզապես հավաքել Տեր-Պետրոսյանի ելույթները, հոդվածները, հարցազրույցները, ու ելույթների փոխարեն միացնել ձայնագրիչը:

Ու այդպես խորհրդարանը կվերածվի ձայնադարանի: Իշխանական պատգամավորը Տեր-Պետրոսյանի ձայնագրությո՞ւնն է միացնում, խնդիր չկա, թող Անդրանիկ Թևանյանն էլ միացնի Առաջին նախագահի ելույթի այն հատվածը, որտեղ ասում է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կեսը վարի է տվել, էն մյուս կեսն էլ վարի կտա:

Հետո Վահագն Ալեքսանյանն է ձայնագրիչը միացնում, որտեղ թաթար-մոնղոլական ավազակապետության մասին է խոսվում, Ագնեսա Խամոյանն էլ «ազգակործան պատուհասի» վերաբերյալ մեջբերումներ կանի: 

Ու կստացվի, որ Տեր-Պետրոսյանի շուրթերով խորհրդարանում հարաբերություններ են պարզում, իրար մեղադրում, երկուստեք ղալաթները հիշեցնում: 

Իհարկե, դա միայն խորհրդարանում: Հենց խորհրդարանի շենքից դուրս գան, երկու կողմն էլ նորից կասեն, որ «սաղ Լևոնն է մեղավոր»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ