...

Միլիոնի ժառանգորդն ու ավտոպարկը

Միլիոնի ժառանգորդն ու ավտոպարկը

«ՉԻ»-ն անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը, համաձայն որի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիսվիլ քաղաքում: Հիշեցնենք, որ պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Ուշադիր կարդացինք, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Բադալյանը։ Մի քիչ ծիծաղեցինք։ Նահանգներում կես միլիոն ԱՄՆ դոլարից ավելի արժեցող տան սեփականատերը, ի թիվս այլ բաների, 300 հազար ԱՄՆ դոլարի և 100 հազար եվրոյի բանկային ավանդներ է հայտարարագրել։ Ըստ հրապարակման՝ վերջինս ունի 5 անշարժ գույք՝ 3 բնակելի տարածք, որից մեկը 2021թ.-ին ԱՄՆ-ում գնած տունն է և 2 միավոր հողատարածք՝ Ծաղկաձոր և Գառնի համայնքներում: 

Հիմա ուշադրություն՝ ահա այս «ծագող օլիգարխը» հայտարարագրել է ընդամենը երկու տրանսպորտային միջոց՝ 1982թ. արտադրության «Վազ» և «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ստացել է որպես ժառանգություն: Մարդն էլ ուրիշ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, երևի «ՎԱԶ»-ով կամ «ԳԱԶ»-ով է տեղաշարժվում։ Շատ ազնիվ է։ Բայց միայն սա չէ, որ նա ժառանգություն է ստացել։ Պարզվում է, որ Բադալյանը 2020թ.-ին հորից ստացել է խոշոր չափով ժառանգություն՝ 231 մլն 526 հազ. դրամ, 503 հազ. 863 ԱՄՆ դոլար և 100 հազ. 155 եվրո: Հանգիստ կարող է ասել, թե հորս ժառանգությունն եմ ներդրել ԱՄՆ-ում։ Ի դեպ՝ նույն ԱՄՆ-ում, երբ ինչ-որ մեկը ժառանգության կամ նույնիսկ 5000 դոլար արժողությամբ նվեր ստանալու մասին է հայտարարում, համապատասխան մարմիններն ավտոմատ ստուգում են փողի ծագման աղբյուրը։ Տվյալ պարագայում, եթե Բադալյանն ապրեր ԱՄՆ-ում և ասեր, թե հորիցս կես միլիոն ժառանգություն եմ ստացել, ԱՄՆ հարկային մարմինները միանգամից կփորձեին ճշտել, թե այդ կես միլիոնը քաղաքացի Բադալյանի հայրը իր հերթին որտեղի՞ց է կուտակել կամ ումի՞ց է ժառանգել։ Բայց դե ԱՄՆ-ն ի՞նչ, կարևորը ժողովրդավարության բարձրագույն լիգայում հայտնված Հայաստանն է՝ իր օրենքներով, հեղափոխական արժեքներով, պատմական վարչապետով ու աննախադեպ ապագայով։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2009 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ