...

Մինչև Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվի՝ մենք ով ենք կամ ինչ, Ալիևը թեման կփակի

Մինչև Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվի՝ մենք ով ենք կամ ինչ, Ալիևը թեման կփակի

«Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում օգտագործելու մասին ազդանշաններ Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից չի ստացել»,- նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե Փարիզը և Վաշինգտոնը հրաժարվում են համագործակցել ՌԴ-ի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ Բրյուսելը նպատակ ունի Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։ Հայտարարությամբ ՌԴ-ն բաց տեքստով մեղադրել է Բրյուսելին «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»։ 

Հա, բայց պետք չէ անհանգստանալ։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն կտարածի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ն իրենց վստահեցրել են, որ սա միակ ձևաչափն է, որտեղ կարելի է քննարկել Արցախյան հիմնախնդիրը։ Հետո Ալեն Սիմոնյանը կգնա որևէ լրատվականի տաղավար և կհայտարարի, որ փակագծեր չի կարող բացել, բայց այս քանի օրը լավ լուրեր կլինեն Արցախի հարցով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանն էլ կպարզաբանի, որ իրեն միջազգային հանրությունից վստահեցրել են՝ ՌԴ-ի մեկուսացում չի պլանավորվում Արցախի հարցով։ Ով կամ ովքեր՝ չի մանրամասնի։ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Աղաջանյանն էլ ասուլիս կհրավիրի ու բոլորիս կհամոզի, թե մենք սխալ ենք հասկացել ՌԴ արտաքին գերատեսչության հայտարարությունը։ Վերջում կգա Նիկոլ Փաշինյանը և հարցադրում կանի՝ մենք պետությո՞ւն ենք, թե՞ ախոռ, մատաղացու գա՞ռ ենք, թե՞ այլ կենդանի։ Մինչ այս հարցերը քննարկենք՝ Ադրբեջանը կշարունակի կոնկրետ աշխատանքով փակել Մինսկի խմբի թեման, որը, ի դեպ, սկսել է շատ վաղուց՝ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո թոշակի ուղարկելով համանախագահներին:

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ