...

Մսամթերքի շուկայում տրանսֆորմացիա կլինի

Մսամթերքի շուկայում տրանսֆորմացիա կլինի

Նոր խաղացողներ կհայտնվեն 

Իրացման ցանցում մսամթերքի գինը չի փոփոխվել: «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նույն են մնացել նաև մթերման գները:

Ըստ նրա՝ մթերման գինը կարող է փոփոխվել մի քանի պատճառներով:

Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ հունիսին սպանդանոցային մորթին պարտադիր անցնելու հետևանքով, դաշտում նոր խաղացողներ կարող են հայտնվել:

«Մենք պետք է հասկանանք, որ այստեղ ունենք 3 առանցքային խաղացողներ՝ գյուղացին, ով արտադրում է, երկրորդն իրացնողն է, ով խանութներում իրացնում է, երրորդը միջնորդն է, որը կապ է հանդիսանում գյուղացու և իրացնողի միջև: Այս դաշտում կլինի տրանսֆորմացիա, խաղացողները կփոխվեն: Թե ինչպիսի խաղի կանոններ կթելադրեն, հայտնի չէ: Միջնորդը, ժողովրդական լեզվով ասած, դալալը, ով կապն է հանդիսանում արտադրողի և իրացնողի միջև, եթե փոխվի, կարող է փոխվի նաև խաղի կանոնը: Այսինքն՝ մեկը կմթերի ավելի թանկ, մյուսն՝ ավելի էժան»,- շեշտեց Պիպոյանը:

Թանկացումներ կլինեն 

Իսկ հունվարի 1-ից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրված մի շարք ապրանքների մաքսատուրքերն են բարձրանալու:

Ամենամեծ՝ մինչև 25%-ի թանկացում կանխատեսվում է հավի սառեցված մսի համար, մինչև 15%-ի թանկացումը կտարածվի տավարի սառեցված մսի, կարագի և ձեթի վրա, հատիկեղենի՝ լոբու, բրնձի, գարու, ցորենի, եգիպտացորենի թանկացումը կլինի 5-6%-ի սահմաններում։ Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, և ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ-ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Նոր մաքսատուրք է գործելու շուրջ 8000 անուն ապրանքի համար։

Դեռ պարզ չէ, թե այդ ապրանքների թանկացումն ինչպես է ազդել սպառողների գրպանին, որովհետև շուկայում դեռ նախորդ տարվա ապրանքներ են գերակշռում: 

Գնաճի մասին խոսելիս «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշում է, որ նախ պետք է հաշվի առնել գնաճի սոցիալական ազդեցությունը:

«Օրինակ՝ 3 տարի առաջ տավարի միսը թանկացել էր: Մարդկանց մի ստվար զանգված արագ անցում կատարեց թռչնամսին: Այսինքն՝ սննդակարգում բացասական փոփոխություն տեղի ունեցավ, ցանկից տավարի միսը դուրս եկավ, բայց, ըստ էության, ծախսի տեսանկյունից էական ազդեցություն տեղի չունեցավ: Որպեսզի մենք կարողանանք ավելի ճշգրիտ չափումներ կատարել, պետք է հասկանալ, այդ թանկ ապրանքին ինչ փոխարինող է գալիս, այսինքն՝ առաջարկ պահանջարկով շուկան պետք է ինքնակարգավորվի, դրանից հետո կարող ենք հստակ մոնիթորինգ իրականացնել»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով, երբ նշում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ կապված տեղի է ունենում այս կամ այն պրոցեսը, պետք է հասկանալ, թե ինչու են գնացել դրան:

«Օրինակ՝ ՌԴ-ի կամ Բելոռուսի շահն է առաջնորդվել, որպեսզի տնտեսության այդ ուղղությունը զարգանա: Իրենք երրորդ երկրների համար կիրառում են ցանկ՝ այդ ապրանքները դարձնելով մրցունակ: Մյուս կողմից, մենք, լինելով նույն միության տարածքում, դրանից օգտվում ենք որպես պետություն: Հիմա արդյոք մենք կկարողանա՞նք օգտվել մեզ համար առաջին հայացքից բացասական թվացող գործընթացից, ցույց է տալու ժամանակը: Այստեղ էական անելիք ունի պետությունը՝ գործադիր իշխանությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության: Բիզնեսին պետք է բացատրել, որ այս կարգավորումները, որոնք թվում է, թե լավ չեն, պետք է այդ ուղղությունը տնտեսության մեջ զարգացնել, տանք մրցունակ ապրանք: Պետք է հականալ, թե որտեղ է այն ռացիոնալ հատիկը, որով մենք պետք է առաջնորդվենք, քանի որ արդեն ընդունել ենք այդ խաղի կանոնը»,- նկատեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ