...

Խնդիրը պետք է ոչ թե մրցակցային դաշտում լուծենք, այլ սոցիալական փաթեթների տեսքով

Խնդիրը պետք է ոչ թե մրցակցային դաշտում լուծենք, այլ սոցիալական փաթեթների տեսքով

Չարաշահումներ՝ բժշկական ակնոցների շուկայում

Դիմակների շուկայում չարաշահումներ կան՝ «ՉԻ»-ի հետ զրույցում արձանագրեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Կատարած դիտարկումների համաձայն՝ մոտ 50 օր առաջ փականով դիմակն արժեր 1400 դրամ, իսկ այս օրերին արժեքը դարձել է՝ 2600:

Ասում է՝ կորոնավիրուսը չի շրջանցել նաև ակնոցների շուկան: Նույն պատկերն է նաև այստեղ: Բժշկական պաշտպանիչ ակնոցները 2500 դրամից դարձել են 4000:

Նրա խոսքով՝ կարող ենք նաև տնային պայմաններում պատրաստված պաշտպանիչ դիմակներ կրել, բայց կարևորը պետության կողմից ճշգրիտ քայլերն են, որոնք կարող են մեղմացնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները:

«Երբ հայտարարում են ու հասկանում, որ այդքան ռեսուրս չունեն, որ գնան բոլոր դեղատներում, խանութներում հատ առ հատ նայեն դիմակների գները, ինչքանով վաճառեցին, որտեղից է եկել խնդիրը՝ ներմուծողի՞ց, թե՞ դեղատան վաճառողից: Այստեղից հետևություն, որ մենք պետք է ոչ թե մրցակցային դաշտում խնդիրը լուծենք, այլ սոցիալական փաթեթների տեսքով: Պետությունը պետք է հստակ ցույց տա, որ ինքը կարողանում է 70 դրամով պայմանական 300.000 հատ դիմակ տալ թոշակառուներին: Հենց տալիս ենք և հայտարարում, որ դիմակները պետության վրա 70 դրամ են նստել, հարցն ինքն իրեն լուծվում է: Հիմա ասել, թե այս դեղատնում դիմակը 100 դրամ է եղել, մյուսն ասի՝ ես 200 դրամով եմ գնել, իրականում ժամանակի կորուստ է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց փորձագետը:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այս շուկայում վիճակը լավ չէ, չարաշահումներ կան, և պետությունը պետք է հետևի: Ըստ նրա, եթե այս ընթացքում խնդիրը չի կարգավորվում, պետությունը պետք է հասկանա, որ մեթոդաբանությունը փոխել է պետք՝ այլ գործիքակազմ կիրառելով:

«Պետք է ուղղորդող լինել, որևէ մեկը չի ասում դառնանք Բելառուսի պես: Որևէ մեկը չի ասում՝ ազատ տնտեսական հարաբերություններ չունենալ: Բայց կարգավորման մեխանիզմներ դնել հնարավոր է: Պատկերացրեք՝ օրինակ, պետությունը 20.000 հատ դիմակ էր գնում և ասում, որ հնարավոր է 60 դրամով դիմակ գնել և բաժանել թոշակառուներին: Հաջորդ օրը 220 դրամով դիմակ կլինե՞ր: Չէր լինի: Ավելին ասեմ, երբ ասում են, որ ինքնաշեն դիմակ գնեք, պետությունն ասո՞ւմ է, թե ինչպես կրել: Մեկանգամյա օգտագործման դիմակները ոչ թե պաշտպանելու համար են, այլ վարակը հնարավորինս չտարածելու: Մարդը, որ եկավ տուն, պետք է այդ դիմակը լվանա՞, թե՞ ոչ: Շատ կարևոր է հաղորդակցման յուրաքանչյուր դետալը: Երբ ասում ենք, որ դա ձեզ չի պաշտպանելու, պետք է նաև ասենք՝ նետեք, թե լվացեք և հաջորդ օրն էլ օգտագործեք: Մեսիջ չենք տվել»,- մատնանշեց նա:

Պիպոյանն ընդգծում է, որ կորոնավիրուսն առաջացնում է սոցիալ-տնտեսական բացասական հետևանքներ: Այստեղ նա կարևորում է ճշգրիտ քայլերը, որպեսզի այդ հետևանքներից հնարավորինս քիչ տուժենք:

«Թիրախային, հասցեական և առարկայական մոտեցումներ են պետք: Բոլորը համեմատությունների մեջ են, առողջ դատողությունների երկխոսություն չկա: Մեկն ասում է՝ դիմակը թանկ է, մյուսն ասում է՝ էժան էլ կա: Ասում են՝ ՏՄՊՊՀ-ն լավ չի աշխատում, վերջինս էլ պատասխանում է, թե ավելի լավ է աշխատել, քան երբևէ: Դա աշխատելու, մոտեցման ձև չէ: Այդ կառույցը չի կարող 40 հոգով լինել 1600 տեղ: Թող անկեղծ լինի և ասի, որ այդքան ռեսուրս չունի և չի կարող անել: Պոպուլիստական քննադատություններ են հնչում, որին տրվում են պոպուլիստական պատասխաններ: Բոլոր տեղերում պոպուլիզմի էլեմենտներ են»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ