...

Նախկինների օլիգարխը հիմա էլ ներկաների համար է դրամապանակ աշխատում

Նախկինների օլիգարխը հիմա էլ ներկաների համար է դրամապանակ աշխատում

Այսօր Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ֆեյսբուքյան էջը ազդարարել է, թե նա մայիսի 9-ին այցելել է Ջերմուկում տեղակայված զորամաս՝ շնորհավորելու և խաղաղ ծառայություն մաղթելու զինծառայողներին։ «Այցի շրջանակներում համայնքի ղեկավարին հանձնվել է պատվոգիր, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Մ․ Մելքոնյանի կողմից՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ ավանդի ներդրման համար»։ Վահագն Արսենյանը նախկինների սիրելի օլիգարխ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Հեղափոխությունից ամսիներ անց «Հետք»-ը տեղեկացրել էր, որ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:

Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Վահագն Արսենյանն այդ գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ: Մեկ այլ հրապարակմամբ էլ նույն պարբերականը գրել էր, որ Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: «Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով». տեղեկացրել էր «Հետք»-ը: 

Գրեթե վստահ ենք, որ այդ գործը «ջրվել» է։ Այսօր արդեն Վահագն Արսենյանը զորամասում ՊՆ-ի կողմից պատվոգիր է ստանում՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ ավանդի ներդրման համար։ Հայրն էլ իր հերթին է «ամրապնդվել» իշխանության մատույցներում։ Այնպես է «ամրապնդվել», որ կարողացել է նույն Վահագն Արսենյանին Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավար «դարձնել»։ Այդ ամենն էլ գին է ունեցել, ու Արսենյանը վճարել է այդ գինը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աշոտ Արսենյանը Բյուրեղ թաղամասում մեկ շենքի ողջ հարկաբաժին է նվիրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին՝ ի երախտագիտություն որդուն նկատելու և համայնքի ղեկավար դարձնելու գործում ունեցած մեծ ավանդի։ Այժմ Երազ թաղամասում բնակվող այդ պաշտոնյայի հարազատները, որոնք ոչ վաղ անցյալում գազելներով էին գնում Ստեփանավան, հիմա ջիպերով են նույն ճանապարհն անցնում։ Աշոտ Արսենյանի ընծան կերևա՞ պաշտոնյայի կամ նրա հետ առնչակից այլ անձանց հայտարարագրերում, թե՞ ոչ՝ կերևա առաջիկայում։

Շարունակելի։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ